Մինչեւ 2007թ. գրադարանները պատկանում էին Ախալքալաքի շրջանի Կուլտուրայի բաժնին: Կուլտուրայի բաժինը մի կենտրոնացված հիմնարկություն էր, որը ներառում եւ ֆինանսավորում էր շրջանի մշակույթի բոլոր ճյուղերը` ակումբները, երաժշտական դպրոցը, նկարչական դպրոցը, թանգարանը եւ այլն: Այս տարվա հունվարից Կուլտուրայի բաժինը վերափոխվել է Կրթության, մշակույթի եւ սպորտի ծառայության, որի յուրաքանչյուր ճյուղը ստանալու է իրավաբանական անձի կարգավիճակ եւ պատկանելու է Ախալքալաքի մունիցիպալիտետին (նախկինում` շրջան, այժմ` մունիցիպալիտետ):
Կատարված փոփոխություններն անորոշ եւ խառնաշփոթ վիճակ են ստեղծել շրջանում: Հունվարի 1-ից բոլոր գրադարանները փակվել են, որպեսզի նոր ձեւով վերաբացվեն: Նախատեսված է Ախալքալաքի շրջանի 70 գրադարաններից պահպանել միայն 16-20-ը, ներառյալ՝ Ախալքալաքի քաղաքային գրադարանը: Սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով` սա դեռ օդից կախված նախագիծ է: Ներկայումս ոչինչ չկա, հինը փակված է, ոչինչ չի բացված, գրադարանները փակ են, կրճատումներ են սպասվում, աշխատակիցները չգիտեն, թե ովքե՞ր են մնալու, ովքե՞ր` կրճատվելու:
«Էդ բոլոր դժվարություններով մենք մտանք 2007 թվական: Մի կողմից՝ վատ է, որ կտուժեն աշխատողները, բայց մյուս կողմից՝ կբարելավվի այն գրադարանների վիճակը, որոնք կմնան եւ կգործեն արդեն արդիական ձեւով, միգուցե՝ նաեւ համակարգչայնացված տարբերակով»,- ասաց Վ. Ստելմաշովը:
ԽՍՀՄ տարիներին ամեն ամիս գրադարանը համալրվում էր հայերեն եւ ռուսերեն գրքերով: Շենքերը վերանորոգվում էին, ջեռուցվում: Գրադարանների գործունեությունը կանոնակարգված էր: Սովետական Միության փլուզումից հետո գրադարանների թիվը կրճատվել է, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր գյուղում մեկը թողել են, իսկ մեծ գյուղերում` նույնիսկ երկուսը, երեքը:
Վերջին տարիներին, սակայն, գրադարաններն անուշադրության էին մատնված: Գրադարանը գործում էր կիսով չափ, գրադարանավարուհիներն աշխատում էին կես դրույքով` ստանալով 15-16 լարի (մոտ 3000 դրամ) աշխատավարձ: Որոշ գյուղերում էլ գրադարանները բացարձակապես չեն գործել: Տարածքները սեփականաշնորհվել են: Ղադոլար գյուղի գրադարանավարուհին ստիպված գրքերը տեղափոխել է իր տուն, մի մասը լցրել է սենյակներից մեկի անկյունում, մյուս մասն էլ` «գարաժում»: Գրեթե բոլոր գյուղերում նույն այս վիճակն է տիրում. «Համարում ենք, որ այդպիսի գրադարանները պահելը միտք չունի: Եթե էդ գրքերից չեն էլ օգտվում, ապա իմաստ չկա իզուր այդ քանակությամբ գրադարաններ ունենալ շրջանում»,- ասում է Վ. Ստելմաշովը:
Ախալքալաքում ներկայումս գործում է երկու գրադարան` քաղաքային եւ մանկական: Երկուսն էլ, սակայն, գոյատեւում են ծանր պայմաններում: Համեմատաբար բարվոք վիճակում է քաղաքային գրադարանը, որն ունի բավական մեծ տարածք` 7-8 սենյակ եւ ընթերցասրահ: Գրադարանի տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել` պատճառաբանելով, որ իրենք խառը վիճակում են, եւ ինքը կկարողանա որոշակի տեղեկատվություն հաղորդել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ որոշում կլինի:
Մինչդեռ աշխատակիցներն ասում են, որ գրքերը հետզհետե պակասում են: Նրանց հավաստմամբ` գրքերը վաղուց չեն թարմացվել. «Ինչ որ ունեինք, դա էլ մնացել է: Հներն էլ չեն վերանորոգվում: Գրապահոցները վատ վիճակում են, այդ պատճառով էլ շուտ են փչանում: Տանիքից կաթում է: Ջերմաստիճանի տատանումները վատ են անդրադառնում գրքերի վրա: Ամբողջ ձմեռ «խեղճ» գրքերը խոնավանում են եւ փչանում»,- պատմում է աշխատակցուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Գրադարանի շենքը վերանորոգման կարիք ունի: Ջեռուցման համակարգը չի գործում: Աշխատակիցները տաքանալու համար ստիպված իրենց տներից են փայտ կամ նավթ բերում: Աշխատանքային ժամերը 10:00-16:00 են: Սակայն ձմռանը գրադարանը փակվում է ժամը 13:00-ին:
«Մենք այլընտրանք չունենք: Ինչքա՞ն կարելի է մեզ զոհաբերել: Թող գոհ լինեն, որ 3 ժամ սառչում ենք»,- ասաց գրադարանի աշխատակցուհի Անահիտը:
Ախալքալաքի գրադարանում կա 30.645 գիրք: Դրանցից հայերեն են 5281-ը, ռուսերեն` 21.082-ը եւ վրացերեն` 4272-ը, ինչպես նաեւ՝ գրքեր տարբեր օտար լեզուներով: Նվիրատվություններից բացի, գրադարանն այլ գրականություն չի ստանում: Օրինակ` վերջին անգամ մի քանի փաթեթ գիրք Հայաստանի Ազգային գրադարանից են նվեր ստացել:
Գրադարանն ունի 323 ընթերցող, մինչդեռ ոչ բոլորն են «ակտիվ»: Այսինքն` կան մարդիկ, որոնք միայն գրանցված են: Հիմնականում ուսանողներն են կարդացողները:
Որպեսզի բարելավեն աշխատանքային պայմանները, գրադարանի աշխատակազմը բազմիցս դիմում-նամակներ է ուղարկել ոչ միայն Վրաստանի կառավարությանը, այլեւ անձամբ դիմել է շրջանային վարչություն: Սակայն բողոք-դիմումները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել: Նրանք հիմա անհամբեր սպասում են նոր փոփոխություններին, չնայած գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է տուժել դրանց հետեւանքով:
www.hetq.am