– Հասարակության մեջ ընդունված կարծիք կա, որ այսօր բուհն ուսանողին մասնագիտական կրթություն չի տալիս։ Կրթական բարեփոխումները կնպաստե՞ն արդյոք, որպեսզի բուհն այսօր այդ բացը լրացնի։
– Խորհրդային Միությունից ժառանգած բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունն էր՝ պատրաստել ֆունդամենտալ գիտելիքներ ունեցող մասնագետներ, սակայն շուկայական տնտեսության պայմաններում սա բավարար չէ: Այսօր տնտեսագետի եւ այլ մասնագետների համար միայն բավարար չէ ունենալ տեսական խոր գիտելիքներ։ Նա պետք է կարողանա դրանք գործադրել պրակտիկայում։ Մեր կրթական բարեփոխումների ուղղություններից հենց մեկն էլ սա է։ Այդ նպատակին հասնելու համար կարեւորում ենք ոչ միայն ուսումնական պլանների կատարելագործումը, այլ նաեւ մասնագիտական հմտությունների զարգացումը։ Սա բարեփոխումների կարեւոր ուղղությունն է։ Փորձում ենք փոխել կրթության տեխնոլոգիան, սա էլ է բարեփոխումների մեջ մտնում։ Մեր հին ոճը՝ կավճի վրա գրատախտակին գրելը, պետք է փոխարինենք ժամանակակից տեխնոլոգիաների գործադրմամբ։ Միայն լսելու միջոցով նյութն ունկնդրին հասցնելը պակաս արդյունավետ է, քան, երբ կարող ես բանաձեւերը, բնորոշումները եւ խնդիրները մատուցել բարձր տեխնոլոգիական միջոցներով։
– Հայաստանյան բուհերի տված գիտելիքը համապատասխանո՞ւմ է շուկայի պահանջներին։
– Շուկան է որոշում այս կամ այն ապրանքի գինը։ Անձամբ ես ու շատ դասախոսներ հաճախ ենք շփվում գործարարների, արդյունաբերողների հետ եւ փորձում ենք պարզել, թե աշխատանքի շուկան ի՞նչ պահանջներ է ներկայացնում մեր մասնագետներին։ Դա անդրադառնում է նաեւ մեր առարկայական ծրագրերի բարեփոխումների վրա։ Ինչ վերաբերում է մասնագիտական կարողությունների զարգացմանը, ապա ձգտում ենք բարձրացնել գործնական պարապմունքների արդյունավետությունը՝ գործարար խաղերի իրավիճակային վերլուծությունների գործադրման միջոցով։
– Կրեդիտային համակարգը եւս բարեփոխումներից մեկն էր, որ այս ուսումնական տարում ներդրվեց ձեր բուհում։ Ի՞նչ առավելություն ունի այս նոր համակարգը։
– Մենք արդեն սեպտեմբերից կրեդիտային համակարգով ենք շարժվում։ Ամփոփել ենք որոշ արդյունքներ, որոշակի շտկումներ ենք անում։ Եվ գալիք տարի կունենանք եւս մեկ կրեդիտային համակարգով աշխատող կուրս։ Ուսանողների հետ հանդիպումից հասկացա, որ նրանք էլ են այս ամենից գոհ։ Միանշանակ առավելություն ունի։ Առաջ քննական դասական ձեւն ուսանողի համար կիսամյակը մեկ քննություն հանձնելն էր։ Ամենաբարդ առարկան մի քանի օրում սովորում էին ու հանձնում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչքան արագ յուրացնում ես, այնքան արագ մոռանում ես։ Կրեդիտային համակարգը շատ առավելություն ունի։ Նախ՝ ուսանողը կիսամյակի ընթացքում երեք քննություն է հանձնում։ Այսինքն՝ ուսանողն ամբողջ կիսամյակի ընթացքում աշխատում է։ Կրեդիտային համակարգի պարագայում գնահատումը նշանակում են մի քանի բաղադրիչներով։ Ուսանողը նաեւ բալեր է ստանում հաճախելիության, անհատական աշխատանքների, գործնական պարապմունքներին դրսեւորած ակտիվության համար։ Այս բոլոր բաղադրիչներն այս համակարգի պայմաններում ուսանողին ստիպում են անընդհատ պարապել։
– Կրթական բարեփոխումները կաշառակերության հարցին լուծում տալի՞ս են։
– Իհարկե։ Օրինակ՝ գրավոր քննությունը որոշ ստվերոտ հարցերին լուծում տալիս է։ Կողքից լսում եմ, որ ասում են, թե դա ավելի կխորացնի ստվերը, բայց ես համաձայն չեմ, դա այդպես չէ։ Մենք արդեն մի կիսամյակ է՝ այս համակարգով աշխատել ենք, ու տեսնում եմ, որ այս համակարգն ավելի շատ դրական կողմեր ունի։ Գոնե մի բանում համոզվել ենք՝ բացակայությունները քիչ են, քննությունների չներկայանալու թվերը խիստ նվազել են։ Բարձրացել է նաեւ առաջադիմությունը՝ հասնելով մինչեւ 85 տոկոսի։ Ինձ նաեւ շատ ուրախացրեց այն, որ այս տարվա առաջին կուրսեցիները, ի տարբերություն նախորդ տարիների, սկսել են գրադարանից ավելի շատ օգտվել։
– Կրթական բարեփոխումների մեջ է մտնում նաեւ 12-ամյա կրթությունը։ Ենթադրվում է, որ բուհի 1-2-րդ կուրսի որոշ առարկաներ պետք է տեղափոխվեն 12-ամյա կրթական համակարգի ավագ դպրոց։ Սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ բուհն ավելի մասնագիտական կդառնա՝ ազատվելով, այսպես ասած, դաստիարակչական առարկաներից։
– Դա ճիշտ տրամաբանություն է։ Մենք գրեթե բոլոր կուրսերում ունենք հումանիտար բնույթի առարկաներ, որոնց մի մասը, ասենք՝ իրավագիտության հիմունքները, հռետորական արվեստը եւ այլն, ճիշտ կլինի՝ եթե դասավանդվեն ավագ դպրոցում։ Դրանից պետք է շահի եւ՛ դպրոցը, եւ՛ բուհը։ Երկուսի նպատակն է՝ մեր երկրի համար պատրաստել բարձր որակի մասնագետներ։ Չի կարելի է ունենալ 12-ամյա դպրոց եւ անփոփոխ թողնել բուհը։ Բնականաբար որոշ առարկաներ պետք է բուհից մտնեն դպրոց։ Այսինքն՝ բարեփոխումները պետք է փոխկապակցված լինեն։ Դա ճիշտ ռազմավարություն է։ Սակայն եթե բակալավրիատը 4 տարի է, ապա պետք է իջեցվի 3-ի։
– Դասախոսները հրաժարվե՞ն բուհից՝ հանուն դպրոցի։
– Ես մի քանի օր առաջ թոռնիկիս առաջարկով ստիպված եմ եղել 1-ին դասարանում դասավանդել։ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ավանդույթ կա, որ շաբաթը մեկ առաջին դասարանցիների ծնողներից մեկը վարում է մի դաս։ Շատ հաճելի էր։ 40 տարվա դասախոս եմ, առաջին անգամ առիթ ունեցա դպրոց մտնել դասավանդելու։ Այնպես որ, ինչո՞ւ չէ, իրավագիտության դասախոսը թող դասավանդի 11-12-րդ դասարաններում։ Այստեղ սովորելու են այն տարիքի երեխաները, որոնք այսօրվա բուհում 1-2-րդ կուրսերում են։
– Բարեփոխումներից է նաեւ այն, որ 65-ից ավելի տարիք ունեցող մարդիկ պետք է թողնեն ռեկտորի պաշտոնը: Դուք նոր եք ընտրվել այս պաշտոնում, եւ տարիքից ելնելով՝ շուտով պետք է թողնեք այն:
– Ես կաշխատեմ այնքան, որքան մեր երկրի օրենսդրական դաշտն ու իմ առողջությունը կներեն։ Ես ինձ վատ չեմ զգացել ամբիոնի վարիչի, դասախոսի պաշտոններում։ Ինչ վերաբերում է որոշմանը, իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ կրթության եւ գիտության ոլորտում նման որոշումներն արհեստածին են: Եթե մարդու ֆիզիկական եւ կրթական կարողությունները ներում են, ապա նա կարող է աշխատել: Ժամկետային սահմանափակումներն ընդունելի կլինեին, ասենք, 2 ժամկետով, 10 տարի կտրվածքով։ Բայց տարիքային սահմանափակումն արհեստածին է:
– Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանն այսօր շատ պոպուլյար է դարձել։ Շատերն են երազում տնտեսագետի մասնագիտության մասին։ Մեր երկրին այսքան տնտեսագետ պե՞տք է։
– Տնտեսագետ դառնալու ձգտումը բացատրվում է նրանով, որ այս մասնագիտությունը կամ մասնագիտությունների շարքը, ի դեպ, դրանք 23-ն են, աշխատանքային շուկայում ունեն պատշաճ հեղինակություն։ Եվ առհասարակ դա հետաքրքիր մասնագիտություն է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մեզ այդքան տնտեսագետ պե՞տք է, նույն կերպ կարող եմ ձեզ հարցնել, իսկ այդքան լեզվաբան պե՞տք է։ Առաջին հերթին, եթե մարդիկ ուզում են ինչ-որ մասնագետ դառնալ, ապա նրանց համար մենք պայմաններ պետք է ստեղծենք: Վերջին հաշվով, չէ՞ որ մենք պատրաստում ենք մասնագետներ, որոնք կարող են այլ երկրներում էլ աշխատել: Կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը նաեւ ինտեգրումն է համաշխարհային տնտեսությանը: Այսինքն՝ այնպիսի գիտելիք, որպեսզի միջազգային շուկայում կարողանան աշխատել: Սոցիալական հարց էլ ենք սրանով մենք լուծում՝ զբաղվածության առումով: Մենք որքան կրթական եւ գիտական հզոր պոտենցիալ ունենանք, այնքան ինովացիոն զարգացումն իրական կդառնա: Մեր նավթն ու գազը մեր գիտելիքներն են եւ կադրերը: Թող շատ լինեն, դրա մեջ վատ բան չեմ տեսնում: