«Թուրքիան եւ ԱՄՆ-ը փոխադարձ խայթոցներով անհարկի վնասում են իրենց հարաբերությունները: Նրանք պետք է դադարեցնեն դա», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, չնայած Գեյթսը որեւէ օրինակ չի մատնանշել, սակայն «հստակորեն ակնարկել է» ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որն Օսմանյան Թուրքիային մեղադրում է 20-րդ դարի սկզբին հայերի դեմ ցեղասպանություն գործադրելու համար: «Մեր երկու պետությունները պետք է ընդդիմանան այն նախաձեռնություններին եւ հռետորաբանությանը, որոնք անհարկի եւ ապակառուցողաբար հակադրում են մեզ միմյանց»,- ասել է Գեյթսը: