Ճամբարակցիները բողոքում են

10/05/2005

Փետրվարի 17-ի առավոտյան խմբագրություն էր եկել Երկրապահ կամավորականների միության մի ներկայացուցիչ՝ որոշ լրատվամիջոցների նկարահանող խմբերի հետ: Միտինգային իրենց տրամադրություններն առաջարկեցինք այլ վայրում դրսեւորել: ԵԿՄ անդամը, դուրս գալով, ասաց, որ շուտով Ճամբարակից ավտոբուսներով կանայք են գալու: Եվ իսկապես որոշ ժամանակ անց խմբագրություն եկան մոտ 50 ճամբարակցիներ, որոնք բողոքում էին «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածի դեմ, սպառնալիքներ տեղում եւ պահանջում թերթի էջերում տպագրել ստորեւ ներկայացվող նամակը: Սիրով կատարում ենք ճամբարակցիների պահանջը, միաժամանակ մեզ իրավունք վերապահելով ենթադրել, որ այս այցը կազմակերպված էր տեղի իշխանությունների եւ երկրապահական շրջանակների կողմից: Այն, ինչի դեմ ճամբարակցիները բողոքում էին, հոդվածագիրը ներկայացրել էր մեջբերելով ճամբարակցիներից մեկի ուղղակի խոսքը: Ի դեպ, նրանց մի մասը հոդվածը չէր ընթերցել, այլ նրանց պատմել էին աղավաղված ձեւով: Հոդվածագիրն ամենեւին էլ չէր ցանկանում վիրավորել ճամբարակցիների արժանապատվությունը, այլ ներկայացրել էր նրանց սոցիալական ծանր վիճակը:

«168 ԺԱՄ» շաբաթաթերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին  

Ժողովուրդը մի լավ առած ունի` քուղն էլ կաշին արժե։ Ինչ քո թղթակից Լուսինե Ստեփանյանը` ինչ դու։ Ձեր թերթը անկախ շաբաթաթերթ եք կոչել եւ ինչ հերյուրանքներ ու էժան սենսացիաներ ասես, որ չեք թխում։ Թխում եք առանց փաստեր ստուգելու, առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ։ Թխեցեք, որքան ուզում եք, բայց մի համարձակվեք մարդկանց արդար վրդովմունքը շփոթել դեբոշների հետ եւ մի փորձեք քաղաքական աստառ տալ այն մարդկանց վարքագծին, որոնք վեր են ամեն տեսակ կուսակցական խաղերից, եւ որոնց միակ կուսակցությունը իրենց հայրենիքն է։

Ստում է ձեր սեփական լրագրողը, գրելով, թե «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածը տեղում լավ է ընդունվել։ Այն ցասման մեծ ալիք է առաջացրել ճամբարակցիների մեջ, որովհետեւ հանիրավի վիրավորել է մարդկանց, կպել նրանց արժանապատվությանն ու զգայուն լարերին։

Թող բարի լիներ քո թղթակից լուսինեն եւ ինչ-որ մտացածին ազատամարտիկի անունով Ճամբարակի զոհված ազատամարտիկների կանանց մարմնավաճառ ու փող մուրացող անվանելուց առաջ մտներ գոնե մեկ տուն, ծանոթանար նրա կենցաղին, տեսներ, ինչպիսի սեր ու նվիրում, ինչպիսի մարդկայնություն ու մաքրություն կա այդտեղ, ծունկ չոքեր, երկրպագեր այդ հերոս այրուն, հետո թերթում հրապարակեր նրա արիության ու կորովի մասին, նշելով, որ սահման պահող այդ եւ նրա պես մյուս կանանց շնորհիվ է ինքը վայելում մայրաքաղաքի բարիքները։ Կամ ի՞նչ չափանիշներ ընտրեց, որ Ճամբարակի երկրապահներին բոմժեր կոչեց։ Ճամբարակի տարածքում ոչ մի անտուն մարդ չկա, եկեք, տեսեք, համոզվեք։

Եվ պարտադիր չէր, ձեր թթակցին ուղղված բաց նամակի տակ ստորագրեին բոլորը։ Հկ-ի նախագահը ուներ այդ իրավունքը, որովհետեւ նամակը ձեզ էր հղվել ԵԿՄ անդամների, զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերի, Ճամբարակի երիտասարդների համատեղ ժողովից հետո, որը, ի դեպ, ոչ թե իշխանավորների դրդմամբ էր եղել, այլ ինքնաբուխ եւ ինքնակամ։

Նորից գրում ենք ձեզ մեր համատեղ ժողովից հետո։ Գրում ենք եւ պահանջում, որպեսզի ձեր աշխատակցուհի Լ. Ստեփանյանը թերթում հերքում սույն թվականի հունվարի 27-ի թիվ 3-րդ համարում տպագրված ստահոդ հրապարակման առթիվ եւ ներողություն խնդրի Ճամբարակի ողջ ազգաբնակչությանը վիրավորելու, զոհվածների այրիների պատվի հետ խաղալու, երկրապահներին անտուն-անտանիք թափառականներ կոչելու, ողջ տարածքը այդպես զազրելի ներկայացնելու, ամեն ինչը իր արշինով չափելու համար։

Այժմ ստորագրում ենք բոլորով։ (թվով 24 ստորագրություն)