Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանը նշվել է, որ ՀՀ վարչապետի նշանակումը պետք է տեղի ունենա նախապես ձեռք բերված քաղաքական համաձայնությունների հիման վրա: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ նշել է, որ բնական եւ տրամաբանական կլինի, եթե վարչապետի պաշտոնը վերապահվի ՀՀԿ-ին: «Մենք պատրաստ ենք պաշտպանելու ՀՀԿ-ի կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի: Խոսակցություն կա, որ դա կարող է լինել Սերժ Սարգսյանը, եթե այդպես լինի, մենք կպաշտպանենք նրա թեկնածությունը»,- ասել է Ա. Ռուստամյանը:
Իսկ ըստ ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀԿ խորհուրդն առաջիկա օրերին նիստ կհրավիրի` որոշելու, թե ում թեկնածությունն առաջադրի վարչապետի պաշտոնում նշանակման համար: