ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու օբյեկտիվ պայմաններ կան: «Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա այստեղ ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսը չեն կորցնում եւ նախկինի պես աշխատում են դեռեւս մնացող հարցերը համաձայնեցնելու վրա»,- հայտարարել է Մերզլյակովը: Ըստ day.az-ի, Մերզլյակովը գտնում է, որ բանակցությունների Պրահայի գործընթացը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին չի արգելակվել: Միաժամանակ, ըստ նրա, մինչեւ այդ ընտրությունները նախագահների մակարդակով հանդիպումներ չեն ակնկալվում: Մերզլյակովը հույս է հայտնել, որ ավելի ուշ կհաջողվի կազմակերպել նման հանդիպումներ՝ հավելելով, թե՝ «ըստ ամենայնի, ապրիլ ամսվա ընթացքում հերթական անգամ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները»: