– Ի՞նչ սկզբունքով է կազմվել «Իմփիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը:
– Առաջին հերթին հաշվի է առնվել առաջինը լինելու մոլուցքը եւ վերջինը լինելու պատրաստակամությունը: Ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ընդունել են «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմքում դրված գաղափարախոսությունը:
– Ձեզ բավարարո՞ւմ է այն ոգեւորությունն ու մարդկանց թիվը, որ հավաքվել է «Այլընտրանք» նախաձեռնության շուրջ:
– Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում մեր համակիրների թիվն աճում է: Զուգահեռաբար ընդհանուր մթնոլորտը կոտրելու խնդիր կա, այն իմաստով, որ մարդիկ կարողանան բարձրաձայն եւ հրապարակավ արտահայտվել: Այդ մթնոլորտը Հայաստանում չի հասունացել, եւ հույս ունենք, որ առաջիկայում այն կձեւավորվի: Ես դեմ եմ մարդկանց քանակային մոտեցումներին: Հանրահավաքը ստատիկ եւ ավարտուն իրադարձություն չէ, այն մեծ պրոցեսի արդյունք է, եւ այդ պրոցեսի արդյունքում լինում են վայրէջքներ եւ վերելքներ: Մենք ունենք կարեւոր սկզբունք. երբեք չհուսահատվել եւ չոգեւորվել: Եթե մեր հանրահավաքին մասնակցի 50.000 մարդ, մենք չպետք է ոգեւորվենք, եւ եթե ոչ մի մարդ էլ չմասնակցի` չպետք է հուսահատվենք: Սա քաղաքական աշխատանք է, որ մենք պարտավոր ենք անել, եւ արվելու է այնքան, քանի դեռ օրակարգում դրված խնդիրները չեն լուծվել:
– Ինչո՞ւ «Իմփիչմենտ» դաշինքի շուրջ սահմանափակ թվով կուսակցություններ հավաքվեցին, երբ այսօր բազմաթիվ ուժեր են իրենց ընդդիմադիր հռչակում:
– Կուսակցությունները կարող են իրենց ընդդիմադիր կամ էլ համաշխարհային հռչակել: Հռչակելն այլ բան է, գործը` բոլորովին այլ: Մենք սկսել են այս պրոցեսը եւ գնալու ենք մինչեւ վերջ: Այս ընթացքում հստակ գիծ է քաշվելու, թե ով է ընդդիմադիր, ով` ոչ: Անձամբ ինձ համար, այդ գիծը քաշված է, եւ ես գիտեմ, թե իրականում ով է ընդդիմադիր, ով` ոչ: Բայց դրա համար ժամանակ է պետք, որպեսզի հասարակությունը վերլուծելու նյութ ունենա: Ի վերջո, դաշինքը ձեւավորել է այնքան կուսակցություն, որքան ձեւավորել է: Այստեղ կարեւորն այն է, որ դաշինքը ձեւավորվել է, եւ մենք գոհ ենք այն արդյունքից, որ կարողացանք ունենալ:
– Հանրահավաքները կազմակերպում է «Այլընտրանք» նախաձեռնությունը: Ընտրություններին, սակայն, մասնակցում եք «Իմփիչմենտ» անունը կրող դաշինքով: Ինչո՞ւ մեկ անունով չեք մասնակցում ընտրություններին:
– Իմփիչմենտը քաղաքական ինստիտուտ է: Իմփիչմենտն ուղղակի չի նշանակում՝ «Ռոբե՛րտ, հեռացիր»: Այն ինստիտուտ է՝ իր իրավական եւ քաղաքական լրջագույն հետեւանքներով: Մենք կարծում ենք, որ այն հետեւանքների կարիքը, որ իր հետ կբերի իմփիչմենտը, Հայաստանը զգում է: Առանց այդ հետեւանքների հնարավոր չի լինի դուրս գալ այն արտաքին եւ ներքին ասպատակությունների բեռից, որ այս տարիների ընթացքում Հայաստանը կուտակել է: Այդ բեռից ազատվելու հնարավորություն մեզ կարող է տալ միայն իմփիչմենտը՝ որպես քաղաքական, իրավական եւ պետական ինստիտուտ: Իմփիչմենտն ինստիտուտ է, իսկ «Այլընտրանքն»` ավելի շատ քաղաքական գաղափարախոսություն:
– Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ «Այլընտրանք» նախաձեռնությունն իշխանությունների ձեռքի գործն է, իսկ հանրահավաքների կազմակերպումը նպատակ ունի կոտրել ընտրություններից հետո մարդկանց ցույցերի բերելու ցանկությունը:
– Կարող են նաեւ ասել, որ «Այլընտրանքը» հանրահավաք է կազմակերպում գալակտիկայում ինչ-որ փոփոխություններ իրականացնելու համար: Մենք հանրահավաքներ ենք կազմակերպում նրա համար, ինչի համար որ անում ենք: Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վերադառնա հրապարակ եւ այնտեղից չգնա: Այդ կոտրողները նրանք են, ովքեր այս 8 տարիների ընթացքում ասել են, որ իրենք գիտեն, թե ինչ անել, սակայն վճռական պահին գնացել են տուն թեյ խմելու: Մեր նպատակներն ու գաղափարները հստակ են եւ, կարծում եմ, կասկածների տեղիք չեն տալիս:
– «Իմփիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակում ՀՀՇ-ից ներկայացուցիչներ կան: Ինչո՞վ է պայմանավորված նրանց ներկայությունը:
– Այդ մարդիկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ են: Նրանք որպես «Այլընտրանքի» անդամ՝ մասնակցել են դաշինքի ձեւավորմանը:
– Իմփիչմենտի խնդիրն առաջ էլ էր դրվում, ինչո՞ւ ակտիվություն ցուցաբերեցիք հատկապես այս նախընտրական շրջանում:
– Իմ անձնական մոտիվացիան հետեւյալն է: Մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեն ես հույս ունեի, որ քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ի վիճակի կլինեն ստանձնել օրակարգի պատասխանատվությունը: Բայց հանրաքվեն ցույց տվեց, որ ընդդիմություն՝ որպես այդպիսին, չկա: Ես որպես քաղաքացի՝ հասկացա, որ այդ քաղաքական ֆորմատներից ակնկալիք չեմ կարող ունենալ, եւ քաղաքական դաշտում պետք է վերափոխումներ տեղի ունենան: «Այլընտրանքի» ձեւավորման պրոցեսը սկսվել է 2006 թվականի հունվարից, երբ պարզ դարձավ, որ հանրաքվեն իշխանությունները մարսել են: Իմ մոտիվացիան սա է: Խմբագրի իմ աշխատանքն ինձ ամբողջությամբ բավարարում է, եւ եթե քաղաքական դաշտում լինեին ուժեր, որ ի վիճակի լինեին՝ այն օրակարգը, որ մենք այսօր բերում ենք քաղաքական դաշտ, սպասարկեին, ես երեւի չմտածեի քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին: Մենք քաղաքական կարիերայի հարց չենք լուծում, եւ, եթե անհրաժեշտ լինի, միայնակ հանրահավաք կկազմակերպեմ:
– Դուք պայքարում եք միայն Ռոբերտ Քոչարյանի հեռանալո՞ւ, թե՞ նաեւ իշխանության վերարտադրության դեմ:
– Մենք պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն երկրի ապագայի որոշակի մոդելի: Այդ մոդելի իրականացման հիմնական խոչընդոտը գործող իշխանական համակարգն է: Շատերն ասում են՝ ի՞նչ իմաստ ունի իմփիչմենտ պահանջել, երբ Քոչարյանի պաշտոնավարմանը մնացել է X ժամանակահատված: Իմփիչմենտ ասելով, մենք հասկանում ենք նախ՝ Քոչարյանի հեռացում, որովհետեւ ամենեւին էլ փաստ չէ, որ նա երրորդ անգամ չի առաջադրվի, եւ երկրորդ, եթե անգամ չի առաջադրվելու, պետք է սկսել իմփիչմենտի գործընթացը, որովհետեւ հակառակ դեպքում իշխանության վերարտադրություն տեղի կունենա: Մենք ասում ենք՝ իմփիչմենտ՝ այս քաղաքական համակարգին: