Նոր ձերբակալություններ

28/03/2007

Ստամբուլի ոստիկանությունը «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երեկ հարցաքննել է պահպանողական, ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցությանն անդամակցող չորս քաղաքական գործիչների: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», «Մեծ միասնության» տեղական կառույցի ղեկավար Յաշար Չիհանը, նրա՝ նույն կուսակցությանն անդամակցող որդին եւ կուսակցության եւս երկու անդամներ ձերբակալվել են կիրակի երեկոյան Տրապիզոնում: Ձերբակալության պատճառները դեռեւս հայտնի չեն: Այնուհանդերձ, Դինքի սպանությունից շատ չանցած Չիհանը խոստովանել էր, որ փող է տվել գործով կասկածյալներից մեկի ընտանիքին՝ միաժամանակ վստահեցնելով, թե փողը հատկացվել է բարեգործական միջոցներից, որոնցով նա պարբերաբար օժանդակում է կարիքավոր ընտանիքներին: Թուրք չորս քաղաքական գործիչների ձերբակալությունից ժամեր առաջ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը քննադատել էր իշխանություններին՝ Դինքի սպանությունը հրահանգողներին հայտնաբերել չկարողանալու համար: