1737 բանաձեւն ընդլայնեցին 1747-ի

28/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) բոլոր 15 անդամները մարտի 24-ին միաձայն ընդունել են բանաձեւ, որով ընդլայնվել են նախորդ տարի դեկտեմբերին Իրանի միջուկային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման կապակցությամբ այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցները:

ՄԱԿ ԱԽ 1747 բանաձեւն արգելում է Իրանին սպառազինության արտահանումը, ինչպես նաեւ սառեցնում է Իրանի Հանրապետության այն անձանց եւ կազմակերպությունների հաշիվները, որոնք մասնակցում են միջուկային ծրագրի մշակմանը: Պաշտոնական Թեհրանին 60 օր ժամանակ է տրվել բանաձեւին արձագանքելու եւ միջուկային խաղաղ ծրագրի մշակման շրջանակից դուրս ծրագրերը դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված (ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 23-ին) թիվ 1737 բանաձեւը, որտեղ Իրանին 2 ամիս ժամանակ էր տրված` դադարեցնելու ուրանի հարստացումը, ավարտվել էր այս տարվա փետրվար ամսին, սակայն Իրանը կրկին հրաժարվելով այդ բանաձեւի կետերից, շարունակում էր ուրանի հարստացման գործընթացը: Համաձայն baztabnews.com կայքի, Իրանը ՄԱԿ-ի կողմից տրված 2 ամսվա ընթացքում ակտիվացրել էր իր դիվանագիտական ակտիվությունը միջուկային հարցի շուրջ, որը ներկայացրել էր Իրանի Ազգային անվտանգության քարտուղար Ալի Լարիջանին` իր Հարավային Աֆրիկա եւ Չինաստան կատարած այցի ժամանակ: Այդ ուղղությամբ հիշարժան է նաեւ նշել Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ալի Աքբար Վելայեթի այցը Ռուսաստան, որտեղ նա հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Պուտինի հետ: Օրերս Իրանի Ազգային անվտանգության քարտուղարը մասնակցել էր նաեւ Մյունհենյան կոնֆերանսին եւ փորձել էր ներկայացնել Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի շուրջ: ՄԱԿ-ում նոր բանաձեւին նախորդող քննարկումները սկսվել էին դեռեւս մարտի սկզբից. այդ կապակցությամբ մարտի 12-ին «5+1» խմբի ներկայացուցիչները հանդիպել էին եւ ձեռք բերել որոշ համաձայնություններ: Ըստ bbc-co.uk/persian կայքի, Իրանի խիստ պայմաններով շրջափակմանը դեմ է եղել Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան: Վերլուծաբանների դիտարկումների համաձայն, դրանք այն երկրներն են, որոնք տնտեսական մեծ շահեր ունեն Իրանում: Նշվում է նաեւ, թե ռուսական կողմը, օգտվելով ստեղծված իրավիճակից` փորձել է իր ֆինանսական սպասելիքները թելադրել իրանական կողմին: Ռուսաստանն ԱԽ-ում Իրանին պաշտպանելով՝ միջազգային դաշտում հայտնվել է ճնշումների տակ: Իրանական «կողմնապահության» համար թանկ վճարելով` Ռուսաստանն ակնկալում էր, որ Իրանը Բուշեհրի ատոմակայանի կառուցման համար, որը կատարում են ռուսական մասնագետները, ժամանակին կկատարի ֆինանսական փոխանցումները: Նկատենք, որ մարտի 24-ին ընդունված 1747 բանաձեւը գրեթե չի տարբերվում մարտի 15-ին ԱԽ «5+1» ձեւաչափով հանդիպման ժամանակ ընդունված Իրանին պատժող բանաձեւից: Այդ ժամանակ արդեն նախանշվում էին Իրանի դեմ կիրառվելիք խիստ պատժամիջոցները` օտար երկրներին արգելել Իրանին միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաներ տրամադրել, հրաժարվել Իրանի կառավարությանը որեւէ ֆինանսական աջակցության տրամադրումից, բացի մարդասիրականից: Բանաձեւի համաձայն, օտար երկրներում կփակվեն այն պարսիկ պաշտոնյաների բանկային հաշիվները, որոնք իրենց գործունեությամբ առնչվում են Իրանի միջուկային ծրագրին` նաեւ սահմանափակելով նրանց արտերկրյա ուղեւորությունները: Սակայն մասնագետները ենթադրում են, որ Իրանը, այնուամենայնիվ, կշարունակի ուրանի հարստացման գործընթացը` նկատի առնելով այն հանգամանքը, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին վերջերս իր գոհունակությունն է արտահայտել միջուկային ծրագրի հետ կապված կառավարության կողմից որդեգրած հստակ դիրքորոշմանը: Իրանն արդեն արձագանքել է 1747 բանաձեւին` հայտարարելով, թե սահմանափակում է ՄԱԳԱՏԷ-ի հետ իր գործակցությունը: «Պարտադրական բնույթի այդ անօրինական բանաձեւը ոչ մի վայրկյան չի դադարեցնի Իրանի խաղաղ եւ օրինական միջուկային գործունեությունը»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ ԱԽ անդամները նշված հարցը քաղաքականացրել են, որի պատճառով այն հեռանում է մասնագիտական ուղղվածությունից: