ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն օրեր առաջ հայտարարեց, թե մարտի 16-ին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Կապանի «Դարիստ» հյուրանոցում իրեն սենյակ չեն տվել: Ժողովրդի հետ հանդիպելու համար էլ դահլիճ չեն տվել: Վ. Մանուկյանը նաեւ հայտարարել էր, թե ինքը Սյունիքում հեռախոսային անանուն սպառնալիքներ է ստացել՝ «Մինչեւ մայիսի 12-ը ոտքդ չլինի այստեղ»: ԱԺՄ նախագահի կարծիքով՝ իր այցելությանը Սյունիքում խոչընդոտել են ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ: Այս երկու պաշտոնյաներն էլ հերքեցին, թե իրենք կապ ունեն մարզում Վ. Մանուկյանին դահլիճ եւ հյուրանոցային համար չտրամադրելու հետ: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն էլ երեկ իր հերթին հերքեց այն կարծիքը, թե Վ. Մանուկյանին Սյունիքում մարզի ղեկավարների կարգադրությամբ լավ չեն ընդունել: «Ես հետաքրքրվել եւ պարզել եմ, որ ոչ մարզպետը, ոչ էլ որեւէ մի պաշտոնյա Սյունիքում չի արգելել Վ. Մանուկյանի գործունեությունը»,- ասաց Հ. Աբրահամյանը: