Մարտի 22-ին Մոսկվայում կազմակերպվել է կլոր սեղան «Միասնություն հանուն Ռուսաստանի» հիմնադրամի եւ «Ռուսաստանի ռազմավարությունը» ամսագրի կողմից։ Իսկ ընտրված թեման շատ հետաքրքիր է՝ «Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ռուսաստանի շահերը»։
Քննարկմանը ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի՝ միջտարածաշրջանային եւ մշակութային հարցերով բաժնի պետ Մոդեստ Կոլերովը։ Նա մտահոգություններ է հայտնել, որ ՀՀ-ում արտաքին ուժերի ազդեցության մեծացումը կարող է հանգեցնել նրան, որ Սերժ Սարգսյանի փոխարեն նախագահի պաշտոնում կընտրվի Վարդան Օսկանյանը։ Իսկ դեպքերի այդպիսի զարգացումը Կոլերովը բնորոշել է ոչ ավել ոչ պակաս՝ «գունավոր հեղափոխություն»։
Կլոր սեղանի հիմնական զեկուցողները եղել են «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը եւ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Կարծում ենք, ընթերցողներին ավելի շատ կհետաքրքրի Վ. Նիկոնովի ելույթը։ Վերջինս սխալ է համարում, որ մայիսի 12-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանի ուշադրության կենտրոնում չեն, քանի որ ՌԴ-ի համար այդ ընտրությունների ելքը շատ մեծ նշանակություն ունի։ Քաղաքագետն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանի՝ ՎՈՒԱՄ-ի մեջ չմտնող միակ երկիրն է եւ Անդրկովկասում Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը, որտեղ հակառուսական տրամադրություններ երբեւէ չեն իշխել։
«ԱՄՆ-ը, առավելագույնս ամրապնդվելով Վրաստանում եւ ուժեղացնելով իր դիրքերն Ադրբեջանում, Հայաստանի քաղաքական դաշտում դառնում է նշանակալի գործոն», – ասել է Վ. Նիկոնովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տեսակետները շատ հարցերում տարբերվում են. «Եթե Մոսկվան հաջողություն է համարում միմյանց նկատմամբ բարեկամաբար տրամադրված եւ Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդել ցանկացող երկրների գոտի ստեղծելը, ապա արեւմտյան երկրների նպատակը ԱՊՀ-ում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է»։ Նիկոնովն ընդգծում է, որ տարածաշրջանը շատ բարդ է, հակամարտությունների վերսկսման վտանգներով հղի, եւ կայունության ապահովումը Ռուսաստանի քաղաքականության գերակայություններից մեկն է։ Այստեղից սկսվում են քննարկման ամենահետաքրքիր մասերը։
«Ռուսաստանի համար մշտապես բարդացող այս իրավիճակում շատ կարեւոր է Հարավային Կովկասում իշխանության ղեկին տեսնել այնպիսի քաղաքական ուժերի, ովքեր տրամադրված են մեզ հետ կառուցողական համագործակցության։ Պարզապես հուսալ, որ այդ ուժերն ավտոմատ կերպով կհաղթեն, վտանգավոր մոլորություն է։ Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ այդքան հեշտ չէ»,- ասել է Նիկոնովը։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանին համարում է «Ռուսաստանի հետ պոզիտիվ հարաբերությունների անկեղծ կողմնակից» եւ հիշեցնում, որ նա չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Չնշելով, թե որ հարցումների մասին է խոսքը, բանախոսը նշել է, որ դրանց արդյունքներով՝ «Որպես Քոչարյանի իրավահաջորդ շարքային քաղաքացիները եւ էլիտան ընկալում են Սերժ Սարգսյանին»։ «Սարգսյանը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Լինելով ուժեղ, բայց ճկուն քաղաքական գործիչ, նա ամուր կապեր է հաստատել Ռուսաստանի ղեկավարող շրջանակներում»,- ասել է Նիկոնովը։
Վերջինս նշել է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներով Հանրապետական կուսակցությանը պատրաստ են ձայն տալ ընտրողների 21%-ը։ «Բարգավաճ Հայաստանին» ռուս քաղաքագետը համարում է «իշխանության կուսակցության պահեստային տարբերակ, որը հիմնականից ավելի հաջող է մեկնարկել»։ Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա, ըստ Նիկոնովի. «Նրան դժվար է պատկերացնել ՀՀ նախագահի դերում, բացի այդ, նա ինքն էլ կարծես թե այդպիսի ամբիցիաներ չունի»։
Վ. Նիկոնովը համոզված է, որ ընդդիմադիր կուսակցություններից 5%-անոց արգելքը կարող են հաղթահարել 3-4-ը։ «Հայաստանյան Յուշչենկոյի» դերին, ըստ քաղաքագետի, կարող է հավակնել արեւմտամետ Արթուր Բաղդասարյանը, որի կուսակցությունը վայելում է ընտրողների 8%-ի համակրանքը։ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությունն» այս պահի դրությամբ ունի 7% քվե, իսկ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն՝ 3%։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, ըստ Նիկոնովի, իր նվիրված էլեկտորատի շնորհիվ ունի 6%։
Բանախոսը գտնում է, որ նախընտրական պայքարը դեռ առջեւում է, եւ ոչինչ հստակ չէ։ «Պետք է խոստովանել, որ Երեւանում իշխանության կուսակցության խնդիրները որոշ չափով, որքան էլ պարադոքսալ լինի, կապված են նրա՝ Ռուսաստանի հետ սերտ գործընկերության կողմնորոշման հետ»։ Հակառուսական տրամադրություններ, ըստ Նիկոնովի, Հայաստանում չկան. կան հիասթափություններ գործընկերության առնչությամբ։ «Ռուսաստանի առաջնահերթ խնդիրն է՝ օգնել ներկայիս իշխանությանը՝ այդ հիասթափությունը հաղթահարելու գործում»,- ասել է Նիկոնովը եւ հարցրել՝ ինչո՞վ կարող ենք օգնել Հայաստանին։ Հետո ինքն էլ պատասխանել է իր հարցին. առաջին հերթին պետք է ուշադիր լինել Հայաստանի նկատմամբ, պաշտպանել Ռուսաստանում ապրող եւ աշխատող հայերի շահերը, դատապարտել ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, տնտեսական ոլորտում պետք է գործարկել պարտքի դիմաց Ռուսաստանին անցած գործարանները, եւ այլն։ «Եթե այս ամենն արվի, մենք կօգնենք Հայաստանի ռուսամետ ուժերին, հետեւաբար՝ ինքներս մեզ»,- Կոլերովի այս նախադասությամբ ամեն ինչ ասված է։
Եթե կլոր սեղանի ժամանակ Անդրանիկ Միհրանյանի փոխարեն լիներ մեկ ուրիշ հայ քաղաքագետ, միգուցե հարցներ՝ ինչո՞ւ եք հայերի սպանությունների եւ խլված գործարանների մասին հիշում միայն հիմա՝ ընտրություններից առաջ։ Կամ կասեր, որ Հայաստանի ժողովուրդն ընտրելիս առաջին հերթին պետք է հաշվի առնի իր շահերը եւ ոչ թե Ռուսաստանի՝ ինչպես քննարկման վերնագրում։
Սակայն այնտեղ եղել է պրն Միհրանյանը… Իր ելույթը Նիկոնովը եզրափակել է հետեւյալ խոսքերով. «Եվ չպետք է մոռանալ խոսքի ուժի մասին։ Ռուսաստանի խոսքից, որին Հայաստանում դեռ վատ չեն վերաբերվում, նույնպես քիչ բան չի կախված»։ Այստեղ էլ կարելի էր ավելացնել՝ «մեծ ախպոր խոսքից»։ Միգուցեեւ Ա. Միհրանյանն ավելացրել է, ի՞նչ իմանանք։