Կեղծիքի եւ զրպարտանքի ոտքը կարճ է

27/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը դիմել է Համաշխարհային բանկին առընթեր Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ Հայաստանի կառավարությանը մեղադրելով ընկերության ներդրումներին խոչընդոտելու, ինչպես նաեւ պատշաճ կարգով լիցենզիաներ չտրամադրելու մեջ:

Ընթերցողին դեռեւս անցած տարվանից է հայտնի «Գլոբալ գոլդ»-Վարդան Այվազյան վեճը: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարը «Գլոբալ գոլդին» մեղադրում էր ներդրումները չկատարելու եւ աշխատանքների ժամանակացույցից ետ ընկնելու համար՝ հատկապես Մարջանի ոսկու հանքում: Իսկ ընկերությունն էլ նախարարությանը մեղադրում էր կատարած ներդրումները չընդունելու եւ ընդհանրապես իրենց ներդրումային աշխատանքներին խոչընդոտելու մեջ: Նույնիսկ Վ. Այվազյանը ընկերությանը բազմիցս է սպառնացել, թե կզրկի հանքային իրավունքից: Իսկ դրան հակառակ՝ ընկերությունն էլ իր հերթին տեղեկատվություն տարածեց, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրենցից 3 մլն դոլար կաշառք է պահանջել լիցենզիա տրամադրելու համար: Քիչ անց մամուլում հրապարակում եղավ, թե այդ պաշտոնյան ՀՀ բնապահպանության նախարարն է: Այս խոսակցությունը առժամանակ լռեց, շատերը կարծում էին, թե վեճն այլեւս հարթվել է: Որոշ ժամանակ անց թեման կրկին աշխուժացավ, երբ տեղեկատվություն տարածվեց, թե ՀՀ Բնապահպանության նախարարությունը մտադիր է «Գլոբալ գոլդին» զրկել լիցենզիայից՝ հանքերն այլ ընկերության տալու նպատակով:

Ներդրումային կարգավորման միջազգային կենտրոնում դատավարության ժամանակ «Գլոբալ գոլդի» շահերը ներկայացնող բրիտանական King & Spalding իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Քեն Ֆլեերն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, թե արբիտրաժային դատարանում կփորձեն նաեւ հիմնավորել, որ ընկերության գործունեությունը ՀՀ կառավարությունը խոչընդոտել է այն բանից հետո, երբ ՀՀ բնապահպանության նախարարը 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել եւ մերժում ստացել: «Global Gold» ամերիկյան ընկերությունը Հայաստանի կառավարությունից կպահանջի ֆինանսական փոխհատուցում», – ասել է Քեն Ֆլեերն՝ ավելացնելով, որ փոխհատուցման չափը կորոշվի դատավարության ընթացքում փորձագետների մասնակցությամբ: Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցի ժամանակ մեկ անգամ եւս հերքեց կաշառք պահանջելու մեղադրանքը:

«Ես ցավում եմ, որ այդ 3 միլիոնի հարցը նորից քննարկվում է,- ասաց պարոն Այվազյանը: -Կեղծիքի եւ զրպարտանքի ոտքը, ինչպես ասում են՝ շատ կարճ է: Նրանք ոչ մի անգամ չփորձեցին բացահայտ ասել, թե՝ այո, այդ պաշտոնյան մեզանից գումար է ուզել, որ կոնկրետ որեւէ մեկին ես պատրաստվեի դատի տալ: Ես ինչքան գիտեմ՝ դատավարության հիմնական խնդիրը կայանում է ՀՀ-ում գոյություն չունեցող 17 տարվա լիցենզիայում: Երբ որ մարդուն տալիս են աշխատանքով զբաղվելու լիցենզիա, ինքը ասում է՝ ինձ տվեք հանքային իրավունք: Դա նույնն է, երբ մեկին տաս հաց թխելու իրավունք, նա հետո ասի՝ ՀՀ-ի բոլոր հացերն իմն են: Ինքը որեւէ մեկ անգամ չի փորձել իր շահերը պաշտպանել այն երկրում, որտեղ ինքն աշխատում է»:

Իսկ թե ինչո՞ւ «Գլոբալ գոլդը» կառավարության որոշումները չի բողոքարկել հայաստանյան դատական ատյաններում, Քեն Ֆլեերը պատասխանել է, որ պայմանագիրը, որը խախտել է ՀՀ կառավարությունը, ընդդատյա է հենց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին, եւ ոչ թե հայաստանյան մարմիններին:

Կարծիք կա, որ այս վեճը միջազգային ասպարեզում հնչեցնելն ու ՀՀ կառավարությանը կաշառք պահանջելու, ներդրումներին խոչընդոտելու մեջ մեղադրելուց կվնասվի մեր երկրի բարի համբավը: Սակայն պարոն Այվազյանը նման մտավախություն չունի. «Գիտե՞ք ինչ կա, Հայաստանի իմիջի վնասվելու հետ կապված՝ ես բացարձակ մտավախություն չունեմ,- ասաց Վ. Այվազյանը: -Եկեք մենք մեր իմիջը բարձր պահենք շատ այլ հարցերում ՝ որ ոտնահարվում է ՀՀ շահերը, ոչ թե «Գլոբալ գոլդ» մասնավոր կազմակերպության շահերը: Շատ ողջունելի է նրանց հետեւողականությունը: Բայց այս վեճը նման է Արարատի ոսկու գործարանի պատմությանը, երբ դժգոհում էին, թե եկամուտ չենք ստանում: Երբ ես ասում եմ, եթե ոսկու գործարանը եկամուտ չի ստանում՝ գնացեք կանաչի ծախեք, բողոքում են իմ դեմ»: