Ստանդարտն արտադրողի փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվի տվյալ տնտեսվարողը: Այս կամ այն ապրանքատեսակի մասով ստանդարտի սահմանումը կատարվում է շահագրգիռների հետ կոնսենսուսի օրենքով՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Հայաստանի բուժիչ-հանքային ջրերի արտադրությունն էլ տեղավորվում է «Հայպետստանդարտի» պահանջների մեջ, սակայն միջազգային շուկա գրավելու համար տեղական արտադրողների համար պարտադիր պայման է՝ պահպանել ոչ միայն միջազգային նորմերը թվերի լեզվով, այլեւ հետեւել իրենց ապրանքի ճիշտ պահպանման բոլոր ցուցումներին: Աչքի առաջ ունենալով «Ջերմուկ» հանքային ջրի նախադեպը (հիշեցնենք, որ ամերիկյան FDA կազմակերպությունը հայտարարել էր, որ հայկական «Ջերմուկ» հանքային ջուրը նորմայից ավելի արսենիում (մկնդեղ) է պարունակում), փորձեցինք պարզել, թե միջազգային է՞լ ինչ վտանգներ են սպառնում տեղական հանքային ջուր արտադրողներին ընդհանրապես: Ի դեպ, օրերս տեղեկացանք, որ Լատվիան արգելել է վրացական «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը՝ պատճառաբանելով, որ հանքային ջրում բարիումի պարունակությունն ընդունված չափորոշիչները գերազանցում է 46 անգամ: Շուկայից դասական ձեւով վտարելու հզորների գործելաոճում քաղաքական տողատակ չփնտրելով, նախ լսեցինք մասնագետի կարծիքը: «Հայաստանի ազգային հարստություններից մեկն էլ մեր ջրային պաշարներն են, եւ կես դար հետո աշխարհում լինելու է ջրային «պատերազմ»,- ասում է մեր զրուցակիցը՝ Կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը:
Ընթերցողին պարզ լինելու համար նշենք, որ տարվա բոլոր եղանակներին այս ինստիտուտը հորատանցքերում կոնկրետ հանքային ջրի մասով երկարատեւ մոնիտորինգ է անցկացնում, որից հետո հետազոտման արդյունքները տնօրինում է «Հայպետստանդարտը», որտեղ էլ ձեւավորվում է տվյալ ապրանքի մասով ազգային ստանդարտը:
«Տեղական բոլոր հանքային ջրերն էլ համարվում են բուժիչ-հանքային ջրեր, իսկ միջազգային չափորոշիչներով հանքային ջրերի համար սահմանված ստանդարտներ չկան: Ամեն մի ջուր ընդերքում ճանապարհ անցնելով՝ ունենում է իր նկարագիրը եւ իր ուրույն բաղադրությունը: Ստանդարտ կոչվածն ածանցվում է տվյալ ջրի օգտագործման ձեւից, առանձնահատկությունից: Կարեւոր է նաեւ, թե ո՞ւմ համար է այն նախատեսված: Հստակ չափորոշիչներ են սահմանված խմելու ջրի համար, եւ անգամ այստեղ էլ տարբեր երկրների ընդունած պարամետրերը, միշտ չէ, որ համընկնում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջներով խմելու ջուրը կարող է պարունակել 1լիտրում՝ 0,01 միլիգրամ արսենիում: Իսկ ահա Միջազգային սանիտարահիգիենիկ եւ ԱՊՀ երկրների ցուցանիշով ընդունելի է մինչեւ 0,05 միլիգրամը,- մեզ հետ զրույցում ասաց Բ. Հարությունյանը` մանրամասնելով,- Խնդիրն այստեղ հանքային ջրում այս կամ այն ծանր մետաղի նորմայի գերազանցումը չէ: Հայկական արտահանող ընկերությունները դեռ պետք է իրենց ապրանք-ջուրը գրանցեն եվրոպական ռեեստրում: Տեղական արտահանողներից եւ ոչ ոք չունի այդ գրանցումը: Ըստ ընթացակարգի՝ տեղական արտադրողը վճարելով 15-20 հազար դոլար՝ այդ կազմակերպությանը պետք է պատվիրի իր արտադրած հանքային ջրի հետազոտությունը, որից հետո նրան է տրվում տվյալ ջրի անձնագիրը: Հետագայում գրանցող կազմակերպությունը բոլոր անալիզները կատարում է անվճար եւ տվյալ շուկայում դառնում է այդ հանքային ջրի երաշխավորը: Այսօր մեր երկրին հանքային ջրերի արտահանումը թույլատրում են միջպետական ինչ-ինչ պայմանավորվածությունների հիման վրա, այդ պատճառով ամեն անգամ արտահանելիս հետազոտման են ենթարկում արտահանման ենթակա կոնկրետ խմբաքանակի համար: Իսկ նախնական պայմանավորվածությունները կարող են ինչ-որ պահի փոփոխության ենթարկվել, եթե չունես քո արտահանած ապրանքի անձնագիրը»:
Ցավով պետք է նշենք, որ մի քանի տարի առաջ ձախողման եւս մի նախադեպ «Ջերմուկ» հանքային ջուրն ունեցել է եվրոպական շուկայում: «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը հրաժարվեց «168 Ժամին» պատմել դրդապատճառների մասին: Ուստի ստիպված ենք ներկայացնել մեր ունեցած տեղեկությունները, համաձայն որի՝ «Ջերմուկ գրուպը» գերմանական պատվիրատուի պահանջով «Ջերմուկը» մակնշել է, որպես հանքային ջուր: Իսկ ահա գերմանական համապատասխան աչալուրջ մարմինը պահանջել է այն մակնշել որպես բուժիչ-սեղանի հանքային ջուր: Փաստորեն, «Ջերմուկ գրուպը» նաեւ շրջանցել է եվրոպական երաշխիքային գրանցումը՝ արտահանելիս գործ բռնելով միմիայն պատվիրատուի հետ: Վեճն ավարտվել է նրանով, որ «Ջերմուկը» կորցրել է իր գերմանական շուկան: Ի տարբերություն «Ջերմուկ գրուպի» գաղտնապահության, «Արզնի» ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանը մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դրսի շուկայում վեճերից իրենք էլ ապահովագրված չեն եղել: Այս անգամ կանադական շուկայում հայտնաբերվել են «Արզնի» հանքային ջրի ժամկետանց շշեր: Դեպի ԱՄՆ եւ Կանադա արտահանման ընթացակարգը տարբերվում է եվրոպականից: Քանի որ FDA-ի հետ հարաբերություններ պարզողը պատվիրատու կազմակերպությունն է, հետեւաբար ստուգող կազմակերպությունը հետագայում չարաշահումներ գտնելու դեպքում իր նամակագրությունն իրականացնում է պատվիրատուի հետ: Պրն Մկրտչյանն անընդունելի է համարում FDA-ի գործելաոճը, ասելով՝ «եթե հավանություն է տալիս ջրին, էլ ինչո՞ւ է հետագայում հրաժարվում իր եզրակացությունից»: «Արզնի» ընկերության տնօրենը տեղյակ չէր՝ արդյոք FDA-ի հետ գործ ունենալը վճարովի՞, թե՞ անվճար ծառայություն է, քանի որ ամերիկյան կողմը՝ FDA-ն, այս թվաբանությունն անում է «Արզնիի» գործընկեր ամերիկյան պատվիրատու կազմակերպության հետ: Իսկ եվրոպական շուկա արտահանումների համար «Արզնին» դեռեւս բանակցությունների փուլում է: Հանքային ջրում արսենիումի պարունակության առումով «Արզնին» չի անհանգստանում. «Արսենիումը 1 լիտրի մեջ 0,08 միլիգրամ է, ԱՀԿ նորմերով սահմանված 0,1 միլիգրամից դեռ մի բան էլ պակաս է»,- վստահեցնում է Ա. Մկրտչյանը: Իսկ ահա ըստ Կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի՝ «Բջնի» հանքային ջուրն ընդհանրապես արսենիում չի պարունակում: «Բջնի» ընկերության տնօրենի առողջական խնդիրների պատճառով առայժմ մեզ չհաջողվեց ճշտել «Բջնիի» արտահանման աշխարհագրությունը:
ԱՄՆ եւ Կանադա միջնորդավորված արտահանումներից բացի, շուկայից դուրս չմղվելու ի՞նչ հիմնավոր ընթացակարգ է գործում այդ երկրներում: Մեր այս հարցին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը դժվարացավ պատասխանել: Սակայն նշեց, որ նման մեծ շուկաներում տեղական արտադրողների համար առանց միջնորդների կողմնորոշվելը շատ դժվար կլիներ:
Հանքային ջրերի սիրահարներին չհուսահատեցնելու համար նշենք, որ ըստ ՀՀ Ստանդարտացման մասին օրենքի (մեջբերում ենք)՝ «բուժիչ-սեղանի հանքային ջրերն օգտագործվում են որպես բուժման միջոց բժշկի ցուցումով եւ ոչ կանոնավոր հաճախությամբ՝ որպես սեղանի ըմպելիք»: Շշալցված հանքային ջրեր գնելուց առաջ էլ պարտադիր ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին: Իսկ պիտանելիության ժամկետը մեկ տարի է, եւ այն էլ՝ եթե պահվել է չոր եւ մութ, սառնարանային պայմաններում: Այլապես այն կորցնում է իր որակական հատկանիշները: Իսկ մեզանում, որպես կանոն, ամռան տապին թե ձմռան ցրտին, շշալցված ջրերը վաճառվում են հենց փողոցների մայթեզրերին։