Հիփոթեքային «սով»

27/03/2007

2006 թ. Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 25,4 մլրդ դրամ: Այդ մասին երեկ Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության տարեկան ընդհանուր ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, դա ցածր ցուցանիշ է երկրի հիփոթեքային շուկայի զարգացման համար, քանի որ մի շարք զարգացած երկրների բանկերում վարկային ներդրումների կեսը կազմում են հիփոթեքային վարկերը, մինչդեռ ՀՀ բանկերում դրանք կազմում են ընդամենը 10%-ը: Տ. Սարգսյանի կարծիքով, ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ցածր տեսակարար կշռի հիմնական պատճառը բնակչության ցածր միջին աշխատավարձն է, որը չի հասնում 300 դոլարի, որն անհրաժեշտ է հիփոթեքային վարկավորում ստանալու համար: Այլ արգելքներից ԿԲ նախագահը նշեց հիփոթեքային վարկավորման կարճ ժամկետը: Տ. Սարգսյանի կարծիքով, այդ ժամկետը պետք է աճի մինչեւ 20 տարի: Նա ասաց, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է հիփոթեքային վարկավորման ծավալը հասցնել մինչեւ 1,5 մլրդ դոլարի: