Վարսենիկ Հակոբյանենց տանը ծանր մթնոլորտ է: Ապրում են Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ գտնվող հանրակացարանում, որը վթարային շենք է:
Իրենց՝ Շահվերդյան փողոցում գտնվող բնակարանը ժամանակին վաճառել են. «Էն վատ տարիներին էնքան պարտքեր էր կուտակվել, որ վաճառեցինք: Կոմունալ պարտքերը կուտակվել էին, լույսի պարտքն էնքան շատ էր, որ տոկոսով գումար վերցրինք պարտքը մարելու համար: Հետո էլ տոկոսը գումարվեց, կուտակվեց էնքան, մինչեւ բնակարանի գինն էր կազմում: Վաճառեցինք, տեղավորվեցինք էստեղ»,- պատմում է տիկին Վարսենիկն, ով կաշկանդվելով իրենց տան պայմաններից՝ ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ ժամանակին մարդավայել պայմաններում են ապրել: Ամուսինը՝ Լյովան, «Սանսեկտորում» աշխատում է որպես վարորդ, իսկ երեք երեխաներից միակ տղան՝ Ալբերտը, հունիս ամսին զորակոչվելու է զինվորական ծառայության: Տիկին Վարսենիկն, ով նախկինում աշխատել է «Հայկոոպում» որպես օպերատոր՝ այլեւս չի աշխատում, որովհետեւ խնամում է ընտանիքի երկու հաշմանդամներին: Ասում է, որ թեեւ Հայաստանի ծերանոցներն ու մանկատները գերծանրաբեռնված են, բայց պետությունը ոչ մի կերպ չի խրախուսում, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն տնային պայմաններում խնամել իրենց հաշմանդամ հարազատներին: Եղբայրը՝ Խաչատուրն, ի ծնե թերհաս է: «Եղբայրս, բացի նրանից, որ թերհաս է՝ քրոնիկ սրտի անբավարարություն էլ ունի: Նրա համար պետությունը սահմանել է 7000 դրամ հաշմանդամության թոշակ: Սարսափելի դժվար է նման հիվանդի խնամելը: Եթե ամուսինս չաշխատեր՝ չգիտեմ, թե հիմա ի՞նչ վիճակում կլինեինք»,- ասում է տիկին Վարսենիկն, ով համարում է, որ ինքը խղճի գերի է: Մի քանի ամիս առաջ, երբ նրանց սոցիալական վիճակն աննկարագրելի ծանր է եղել՝ որոշել է եղբորը տանել Վարդենիսի տուն-ինտերնատ: Ասում է՝ «Ուրիշ տարբերակ չկար: Ահավոր վիճակում էինք, իսկ նրա նման հիվանդներին պետք է անընդհատ կերակրել: Էլ չէի դիմանում, որոշեցի տանել ծերանոց, բայց էնքան էի տառապում, որ էդ մտքից գիշերները չէի քնում: Մանավանդ, երբ հարց ու փորձ էի անում էդ ինտերնատի մասին՝ ահավոր բաներ էին պատմում: Չհամարձակվեցի, խիղճս չտարավ, որ ուղարկեի: Բայց էսպես էլ ապրել չի լինում, հասկանո՞ւմ եք»: Խաչատուրը 42 տարեկան է, սակայն, չնայած իր տարիքին՝ երեխայի պես ուրախանում է, երբ իրեն լուսանկարում եմ: Ասում է՝ «Գիտե՞ս, մի անգամ էլ են ինձ նկարել», ու սկսում է բարձրաձայն ծիծաղել: Տիկին Վարսենիկն ասում է, որ ինքը Խաչատուրի թարգմանիչն է, որովհետեւ հիվանդ եղբորը միայն ինքն է հասկանում: Ասում է՝ «Մանավանդ եղանակային այս պայմաններում նման հիվանդների վիճակը շատ է փոփոխվում: Քանի որ եղբայրս մանկամիտ է՝ նրա հոգեբանությունը հասկանալը շատ դժվար է»: Խաչատուրի թափթփված սենյակի պատից այն կողմ տղամարդու հառաչանք է լսվում: Հարցնում եմ՝ «Էլի՞ հիվանդ մարդ կա»: Տիկին Վարսենիկը պատասխանում է՝ «Հայրս է: Անկողնային հիվանդ է: Է՜հ ծերությունը մեր նման ընտանիքների համար իսկական պատուհաս է: 1923 թվի ծնված մարդ է, տառապում է ծերության տարիներին»: Պարգեւ պապն անընդհատ խոսում, ծանր հոգոցներ է հանում: Ծերունու խոսքերը չեմ հասկանում: Ներս է մտնում տիկին Վարսենիկի տղան՝ Ալբերտը, ով չի պատասխանում հարցերիս, որովհետեւ ամաչում է իրենց կենսակերպից: Հարցնում եմ՝ «Բանակ ես գնում հա՞»: Փոխարենը մայրն է պատասխանում՝ «Իրեն որ մնա՝ չի ցանկանա գնալ: Սիրտը չի տանում, որ մեզ էս վիճակում թողնի-գնա: Ասում է՝ գոնե կաշխատեմ, մի բանով կօգնեմ: Որ գնամ՝ ի՞նչ ա լինելու ձեր վիճակը: Բայց պիտի գնա, մեր բանակին զինվոր է պետք: Ասում եմ՝ կգնաս, պատվով կծառայես ու կգաս»: Տիկին Վարսենիկը նեղսրտում է, որ հիվանդ եղբոր ու հոր խնամքը դժվարացնում է երեխաների կյանքը: Ասում է՝ «Դե՛, գիտեք, էլի, երիտասարդ երեխաները մի քիչ այլ կերպ են մտածում: Երբ ընկերուհիներով աղջիկս նստած է լինում՝ եղբայրս գալիս է, առանց հասկանալու ինչ-որ բաներ է անում՝ երեխեքս ամաչում են: Իմ վիճակը մի քիչ բարդ է, ամեն ինչ անում եմ, որ հիվանդ եղբորս, հորս պաշտպանեմ, բայց ջահելները շատ բան չեն հասկանում»: Երկու հիվանդների խնամակալ այս կինը խորապես վիրավորված է նախընտրական պայքարի մեջ մտած կուսակցությունների վարվելակերպից: «Դե՛, գիտեն, որ էս շենքում ապրում են անապահով, աղքատ մարդիկ: Ընտրությունների ժամանակ հանկարծ հիշում են, ու բոլոր կուսակցությունները լցվում են էստեղ: Հանրակացարանում 100 ընտանիք կա: Առաջարկում են ձայներ հավաքել, աշխատել իրենց համար: «Դաշինք» կուսակցությունից աղքատ մարդ են որսում, ասում են՝ էսքան ձայն հավաքի՝ 10.000 դրամ կտանք: Հիմա էստեղ տենց մարդիկ կան, որ ձայներ են հավաքում ու փող են աշխատում: «Դաշնակցությունից», «Հանրապետականից», «Բարգավաճ Հայաստանից», բոլորն էլ առաջարկում են էսքան ձայն հավաքել՝ էսքան փողի դիմաց: Ես երբեք նման բան չեմ անի, մարդկանց չեմ համոզի, որ էսինչին ընտրեն, որովհետեւ չգիտեմ, թե էդինչն ընտրվելուց հետո ինչքանով լավը կլինի: Բայց շատերն էդ 2 կոպեկի համար ընկել են դռնեդուռ»,- վստահեցնում է տիկին Վարսենիկն, ով համարում է, որ իրենց նման սոցիալապես անապահով ընտանիքներին կուսակցությունները պարզապես օգտագործում են իշխանության գալու համար: Մինչդեռ մինչեւ ընտրությունները որեւէ մեկը ոտք չի դնում եւ չգիտի էլ, որ այդ շենքերում բազմազավակ, անապահով ընտանիքներ են ապրում: