Այս լուսանկարները մեզ` իբրեւ պոտենցիալ որսորդի, էլեկտրոնային փոստով ուղարկել է այդ ընկերության հիմնադիրներից մեկը` Սերջիո Դիմիտրեւիչը։ Մենք այդ ընկերությանը դիմել էինք, հայտնելով Հայաստանում որս կատարելու մեր ցանկության մասին: Եվ որպեսզի մեզ` «որսորդներիս», ցույց տան հայկական որսի հմայքը, ուղարկել են հենց այս լուսանկարները:
ՀՀ կառավարության մի քանի «գրագետ» որոշումների արդյունքում Հայաստանում կարելի է որսալ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, ինչը թույլատրվում է միայն գիտահետազոտական, արհեստական եւ բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակով («Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված)։
«Կարմիր գրքում գրանցված կենդանիների որս ասելով՝ պետք է հասկանալ ոչ թե որսորդների միջոցով կենդանուն կրակել-սպանելը, այլ՝ կենդանիներին բռնելը եւ գիտահետազոտելը։ Իսկ հիմա այդ «որսը» հասկացվում է, որ որսորդ հրավիրենք ու սպանենք հազվագյուտ կենդանուն։ Սա շատ սխալ մոտեցում է անհետացման եզրին կանգնած կենդանիների նկատմամբ, որոնց որսը՝ սպանել հասկացությամբ, արդեն տասնյակ տարիներ արգելված է»,- բացատրեց Բնապահպանության նախարարության աշխատակիցը, որը չուզեց հրապարակել իր անունը։
Վայոց ձորի որսատեղին, որն, ըստ որսորդների, Հայաստանի լավագույն որսատեղին է, ՀՀ կառավարության որոշմամբ տրվել է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին։ Այդ տարածքը ոչ միայն լավ որսատեղի է, այլեւ ունի 10-ից ավելի պատմամշակութային հուշարձան ու կոթող։
ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսին որոշում է ընդունել եւ պետական անտառային ֆոնդի հողերից Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճից 2400 հա եւ Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հա տարածք անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին։ Նույն որոշման 3-րդ կետով կառավարությունը թույլատրել է նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս։
«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են ԱԺ պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանը եւ «Սաֆարի ինտերնացիոնալ» իտալական կազմակերպության ներկայացուցիչ Սերջիո Դիմիտրեւիչը։
«Ես ցավում էի, որ մեր երկրում լուրջ չեն զբաղվում կենդանական աշխարհի պահպանությամբ։ Դրա համար որոշեցի տարածք վերցնել ու գոնե պահպանել կենդանական աշխարհի բազմազանությունը։ Հետո նախարարներից մեկի հրավերով մեր երկիր էր եկել «Սաֆարի ինտերնացիոնալ» իտալական կազմակերպության ներկայացուցիչ Սերջիո Դիմիտրեւիչը։ Մենք հանդիպեցինք, քննարկեցինք ու ստեղծեցինք համատեղ ՍՊԸ»,- պատմում է Վարդգես Մաթեւոսյանը։
«Սաֆարի ինտերնացիոնալ» իտալական կազմակերպությունը 1985-ից զբաղվում է որսի բիզնեսով եւ աշխարհում հայտնի է դրանով: Ինտերնետային www.safariinternational.com էջում տրվում է ընտրության հնարավորություն` որսի կենդանիների տեսականի, որսի երկրներ, որսի հարմար ժամանակաշրջան եւ նախատեսվող ծախսեր։ Ցանկացած մարդ կարող է այցելել այդ էջ, գրանցվել, նշել, թե որ երկիր է ցանկանում մեկնել որսի։ Հետո կազմակերպությունը գրանցվողին ուղարկում է անհրաժեշտ ինֆորմացիան՝ տվյալ երկրում որսի գնալու պայմանները եւ մի քանի լուսանկար։
2004-ի սեպտեմբերին որոշումը փոփոխելով՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է ՍՊԸ-ին ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ «8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետեւյալ տեսակները՝ բեզոարյան այծ՝ մինչեւ 5 կենդանի, հայկական մուֆլոն՝ մինչեւ 5 կենդանի, արջ՝ մինչեւ 2 կենդանի»։
«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք անում կառավարությանը, որ մեր գիտական որսերի համար պետք են տարբեր կենդանիների տարբեր օրգաններ։ Այս է պատճառը, որ մեր ինստիտուտն էլ է նշված այդ փաստաթղթերում։ Սակայն դեռ ոչինչ չի արվել, միայն գրվել է: Մենք ասել ենք, որ համաձայն ենք այդ պայմանագրի շրջանակներում գիտական փորձեր կատարել: Իրենք դեռ մեզ չեն դիմել»,- ասում է ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մովսիսյանը։ Սակայն ինստիտուտի որոշ աշխատակիցներ վստահ չեն, որ այդ պայմանագիրը կծառայի իր նպատակին, նրանք չգիտեն, թե ինչ է լինելու կամ ով է իմանալու, եթե այդ տարածքում առանց ինստիտուտի աշխատակիցների որս կատարվի։
ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումների «շնորհիվ»` «Սաֆարի ինտերնացիոնալի» ինտերնետային էջում որսի երկրների ցանկում հայտնվեց նաեւ Հայաստանը, որը Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի բացառիկ հնարավորություն է ընձեռում։ Կազմակերպությունն առաջարկում է հայաստանյան մուֆլոնի, բեզոարյան այծի եւ կովկասյան արջի որս։ Հայաստան որսի եկողը պետք է պատրաստ լինի ծախսելու մինչեւ 4000 եվրո։ Այս գումարը ներառում է որսատեղ գնալու, հյուրանոցում ապրելու, անգլերենի թարգմանչի եւ մեկ կենդանու որսի արժեքները։
Ինտերնետային էջում գրված է, որ Հայաստան որսի եկողին ուղեկցում է նաեւ Որսորդների միավորումը: Սակայն Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորման նախագահ Սայաթ Դավթյանը պնդում է, որ իրենց միավորումը ոչ մի կապ չունի «Սաֆարի ինտերնացիոնալ» կազմակերպության հետ, ոչ մի պայմանագիր կամ պայմանավորվածություն նրանց միջեւ չկա, պարզապես Վ. Մաթեւոսյանը միավորման անդամ է։
Ցանկացողներին տրվում է նաեւ հավելյալ որսի գնացուցակը. 1 մուֆլոնը՝ 4000, բեզոարյան այծը եւ կովկասյան արջը՝ 3500-ական եվրո։ Պարզ չէ, թե ով է որոշել, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիները հենց այսքան արժեն։ Հայ-իտալական ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաթեւոսյանն ասում է, որ գները որոշվել են՝ ելնելով միջազգային շուկայի չափորոշիչներից։
««Սաֆարի ինտերնացիոնալը» մուֆլոնի որսի համար ոչ մի դրամ չի վճարում պետությանը, այդ գները հավանաբար գրված են իրենց ծառայությունների համար,- ասում է Բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Արամ Աղասյանը,- ԲՆ-ն իրավունք չունի որոշել Կարմիր գրքում գրանցված կենդանիների գինը։ Դրանց որսը թույլատրվում է միայն գիտահետազոտական նպատակով, հետեւաբար` բնօգտագործման վճար գոյություն չունի»։ Պարոն Աղասյանի խոսքերով՝ «Սաֆարի ինտերնացիոնալի» հաճախորդները լինելու են ընդամենը որսորդական խումբ Կենդանաբանության ինստիտուտի համար։ Իսկ եթե այդ կենդանիների որսը կատարվի առանց ինստիտուտի մասնագետի ներկայության, ապա պետք է կիրառվեն օրենքով նախատեսված պատիժներ։
Հայ-իտալական համատեղ ՍՊԸ-ն պայմանագրեր է կնքել Գյուղատնտեսության եւ Բնապահպանության նախարարությունների հետ՝ պարտավորվելով պահել եւ պահպանել բնաշխարհն ու նպաստել կենդանական աշխարհի բազմացմանը։
«Պետական տարածքն անհատույց տրվել է մեզ։ Առանց մեր իմացության ոչ մեկը չի կարող մտնել այդ տարածք։ Իսկ մենք միայն պահպանում ենք այդ տարածքը, շահագործելու իրավունք չունենք։ Հսկողություն ենք սահմանում, որ ուրիշները հանկարծ չկտրեն ծառերը ու որսագողություն չլինի,- բացատրեց Վ. Մաթեւոսյանը,- հետո էլ որսի բիզնես ենք ծավալում, իսկ որսորդը մինչեւ չստեղծի, իրավունք չունի կրակելու»։
Վ. Մաթեւոսյանի կարծիքով՝ կենդանական աշխարհի պահպանության լավագույն տարբերակը կազմակերպություններին տարածքներ տրամադրելն է։ «Մենք հաշվառել ենք մեր տարածքի կենդանական աշխարհը 2004թ. մայիսին եւ հոկտեմբերին։ Հիանալի արդյունք ունենք. եթե մայիսին կար 24 այծ, ապա հոկտեմբերին՝ 100-ից ավելի։ Սա հսկողության արդյունք է, որսագողություն չկա, եւ կենդանիների քանակն ավելանում է։ Շրջակա տարածքներից արջերի միգրացիա է եղել մեր տարածք, որովհետեւ մեզ մոտ կրակոցներ չկան, լուրջ հսկողություն է պետք: Այս 10 ամիսների ընթացքում ՍՊԸ-ի տարածքում ընդամենը 2 անգամ է որսագողության փորձ եղել. մեկը եղել է մի ուսանող, իսկ երկրորդը՝ պետական պաշտոնյա։ Բոլորն արդեն գիտեն, որ այդ տարածքը մերն է, հսկողության տակ է, եւ ոչ ոք առանց մեր իմացության չի կարող մուտք գործել այնտեղ»,- հպարտությամբ ասում է Վ. Մաթեւոսյանը։
Չնայած 2 հաշվառումներից ոչ մեկի ժամանակ մուֆլոն չի հայտնաբերվել, բայց «հայկական մուֆլոնի որսի առաջարկ»-ը հենց այս տարածքին է վերաբերում։ Մուֆլոնն այս տարածք է գալիս Նախիջեւանից։ ՍՊԸ-ն նախատեսում է ցանկապատել տարածքը, որպեսզի կենդանիները գան ու հնարավորություն չունենան գնալու։
«Մուֆլոնն այն կենդանին է, որ միգրացիա է անում, ցրտին գնում է Նախիջեւանի կողմերը։ Կենդանուն պահել չի կարելի, նրանք սովոր են այդ բնակլիմայական պայմաններին։ Տարածքներ ցանկապատելը կամ այլ միջոցներ կիրառելը կենդանիներին պահելու համար շատ սխալ է»,- կարծում է Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորման նախագահ Սայաթ Դավթյանը։
«Կառավարությունը որոշում է կայացրել՝ հուսալով, որ այդ տարածքում որսը կխթանի տուրիզմի զարգացումը։ Ես վստահ եմ, որ այդ որոշումը չի աշխատելու, այսինքն՝ արտերկրից Հայաստան որսի եկողներն այն քանակի չեն լինի, որ տուրիզմ անվանենք։ Կենդանաորսի համար էլ այս որոշումն անվտանգ է. այսպես թե այնպես, որսագողություն լինում է։ Ես այս որոշումը շատ վտանգավոր եմ համարում այն կետով, որ անհատույց տարածքներ են տրվում անհատների, որոնք հսկողություն են սահմանում եւ արգելում այնտեղ մուտքը։ Մեր իրականության համար լրիվ իրական է, որ հիմա էլ սարերն ու ձորերը, որսատեղերը նվաճելու միտումը կզարգանա. սա է վտանգավոր»,- ասում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարեն Մանվելյանը։
www.hetq.am