Թեեւ Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Վան քաղաքի ադմինիստրացիայի հետ համատեղ Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնողական աշխատանքներն ավարտել էր դեռեւս անցյալ տարվա աշնանը, սակայն վերականգնված եկեղեցու բացումը հայտարարել չէր շտապում։
Բացման արարողության օրը մի քանի անգամ հետաձգվել էր, քանի որ Թուրքիայի կառավարությունը բացման համար փորձում էր գտնել ամենաօպտիմալ ժամանակահատվածը՝ ցույց տալու համար, որ իրենց պետությունը պատրաստ է պետական փողերով վերականգնել քրիստոնեական հուշարձանը։ Եվ ցանկալի էր դա անել մինչ ապրիլ ամիսը, քանի որ այդ ամսին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց եղեռնի ճանաչմանը վերաբերող լսումներ պետք է տեղի ունենան։ Այնպես որ, արդեն հայտարարված օրը՝ մարտի 29-ը, համարվեց ամենապատեհ ժամկետը։ Թուրքիայի կառավարությունը ՀՀ Մշակույթի նախարարությանը եկեղեցու բացմանը մասնակցելու պաշտոնական հրավեր ուղարկեց եւ աշխարհի տարբեր լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ բացմանը ներկա կլինի անձամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ ՀՀ Մշակույթի նախարարությունը հրավերը ստանալուց հետո մի քանի օր մտածեց, խորհրդակցեց եւ որոշեց բացման արարողությանը մասնակցել նախարարի տեղակալի մակարդակով։ Թուրքիա կմեկնի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանի ղեկավարած պատվիրակությունը։ Ենթադրվում է, որ Սուրբ Խաչի բացման հանդիսավոր արարողության մասնակիցը դառնալու համար Վան կմեկնեն տարբեր երկրներում ապրող հայերից բաղկացած խմբեր ու միջազգային կազմակերպություններ։ Իր մասնակցության մասին արդեն տեղեկացրել է նաեւ Վրաստանի Մշակույթի նախարար Գեորգի Գաբաշվիլին։
Հայկական ներկայությունն ապահովելու համար Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել Երեւան-Վան հատուկ ավիաչվերթ կազմակերպել։
Աղթամարի վերականգնումն իրականացրած Թուրքիան աշխարհին է ցուցադրում իր հանդուրժողականությունը եւ հուշարձանները պահպանելու իր պարտավորությունն է կատարում։ Ազգային պատկանելությունից ու կրոնական դավանանքից անկախ՝ յուրաքանչյուր պետություն, որի տարածքում մշակութային ժառանգություն համարվող պատմամշակութային հուշարձաններ կան, պարտավոր է հոգ տանել դրանց մասին եւ ամեն բան անել՝ դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Եվ Թուրքիան միայն իր պարտքն է կատարել։ Ավելի ճիշտ՝ պարտքի միայն մի մասն է կատարել։ Թուրքիայի քայլն աչք է ծակում, քանի որ դա առաջին քայլն է, որը հանդիսավոր մթնոլորտում է իրականացվում։ Դա զարմանալի է թվում մեզ, քանի որ Թուրքիան տարիներ շարունակ քանդելով էր զբաղված, իսկ հիմա՝ վերանորոգում է։
Նորոգում
Աղթամարի վերականգնումը Թուրքիայի համար շահույթ ստանալու եւ տուրիստների առավել մեծ հոսք ապահովելու նպատակով չէր արվել, քանի որ Աղթամարը մինչ վերանորոգումն էլ տուրիստների բացակայությունից դժգոհել չէր կարող։ Վերականգնումը տեղի է ունեցել միջազգային կազմակերպությունների ճնշման տակ։ Վերականգնողական աշխատանքներն, ըստ պաշտոնական տեղեկությունների՝ արժեցել են մոտ 1,5 մլն ամերիկյան դոլար։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, ով ամռանը հետեւել է Սուրբ Խաչի վերականգնման աշխատանքներին, ասում է. «Թուրքերը գործը լավ են արել։ Ես մանրամասն լուսանկարել ու ուսումնասիրել եմ նրանց աշխատանքային ընթացքը եւ խոստովանում եմ, որ թուրքերը բացառիկ գործ են արել»։ Նա վստահեցնում է, որ վերականգնումը մեծ ծախսերի հետ կապված լինել չէր կարող, քանի որ Սուրբ Խաչը կանգուն շինություն էր, միայն եկեղեցու ծաղկասալերն էին ընկած կամ տեղաշարժված։ Իսկ հրազենի կրակոցներից վնասված եկեղեցու պատերը վերանորոգելու համար պետք էր քարի գույնի համապատասխան լիցք պատրաստել ու ճեղքերը լցնել։ Համոզված լինելով, որ Աղթամարը ճշգրիտ եւ որակյալ վերականգնման է արժանացել, Ս. Կարապետյանը հարց է ուղղում հայ մասնագետներին. «Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ նման գործերը մենք, սովորաբար, վատ ենք անում»։ Վատն այս դեպքում անհամապատասխանությունն է։ Բետոնը կամ երկաթե արմատուրաները միջնադարյան շինության մարմնի մեջ խցկելը պատմական հուշարձանների համար կործանիչ է, քանի որ դրանով խախտվում է կառույցի ամբողջականությունը։ Դադիվանքը նորոգող ճարտարապետ Սամվել Այվազյանը, ով տեսել է Սուրբ Խաչի գավիթի տանիքի ջրահեռացման համակարգի վերականգնումը, ափսոսանքով եւ որոշակի նախանձով ասել է. «Մեզ մոտ այդպես չեն անում։ Երանի մենք էլ այդպես անեինք»։ Իսկ Աղթամարի հողածածկ տանիքի համար համապատասխան ջրահեռացման համակարգ ստեղծելը բնավ էլ հեշտ գործ չէ։ Հայաստանի տարածքում վերականգնվող եկեղեցիներից շատերը տուժում են հենց այդ համակարգի սխալ կառուցման պատճառով։ «Փորձը ցույց է տվել, որ Հայաստանի շատ եկեղեցիներում մինչ վերականգնումը ջուր է կաթացել տանիքից, իսկ վերականգնումից հետո ջուրն ուղղակի «չռռացել է»։ Այդպես է պատահել, օրինակ Գնդեվանքում, որտեղ անձրեւաջրերը սրբել-տարել են 10-րդ դարի որմնանկարները։ Հիմա մտածում ես, որ ավելի լավ կլիներ, եթե այդ եկեղեցին ընդհանրապես չվերականգնեին»,- պատմում է Ս. Կարապետյանը։ Եվ սխալ ու անգրագետ վերանորոգման եւս մեկ օրինակ է բերում՝ Նորավանքը։ Զանգակատան ռոտոնդան երկաթի եւ բետոնի օգտագործման պատճառով մեկ ամբողջական ձուլվածք է դարձել, եւ աննշան ցնցումից կարող է զրկվել իր գմբեթից։ Պատմաբան Ս. Կարապետյանը լավ տեղյակ է, որ Հայաստանում մշակութային ժառանգության հետ առանց անհրաժեշտ հարգանքի եւ պատկառանքի են վարվում. «Ինչ ուզում՝ անում ենք»։
Այն վանքերն ու եկեղեցիները, որոնք մենք ենք վերականգնում, հայտնվում են օրհասական վիճակում։ Հարցը բնավ էլ գումարը չէ, քանի որ Խորհրդային ժամանակներում վերականգնման համար հսկայական բյուջե էր տրամադրվում։ «Մենք վերականգնելով մեր հուշարձանները՝ ուղղակի սպանում ենք դրանք։ Այն հուշարձանների բախտն է բերել, որոնց վերանորոգման հերթը չի հասել»,- համոզված է Ս. Կարապետյանը։ Եվրոպատուհան, մարմարե հատակ կամ, նույնիսկ, մետլախ են փորձել օգտագործել եկեղեցիների վերականգնման գործում։ Հաճախ դարավոր սալահատակը քանդվում ու թափվում էր, փոխարենը՝ թանկ մարմար էր օգտագործվում։ Մեծ պատերազմներ են եղել, օրինակ, Տաթեւի վանքում, որտեղ ցանկանում էին մետլախապատել հատակը։ Որպես կանոն՝ վերականգնողական աշխատանքներին նորամուծությունները հակացուցված են։ Իսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հատակը թուրքերը մարմարից չեն արել, այլ օգտագործել են սրբատաշ բազալտե սալիկներ։ Հայաստանի համար, իհարկե, վիրավորական է, որ հայաստանցի մասնագետները վերականգնողական աշխատանքներին չէին մասնակցել, սակայն ականատեսները վկայում են, որ աշխատանքներին հետեւում էին հայ հոգեւորականն ու Ստամբուլում բնակվող հայ ճարտարապետը։
Ս. Կարապետյանը ցավով է նշում, որ այսօր հայերի մեծամասնությունը շատ մակերեսային է մտածում. «Մեր տունը՝ Հայաստանը, իսկական խոպան է, չուսումնասիրված տարածք։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ նախեւառաջ պետք է իր տունը կառուցի, հետո միայն մտածի ամառանոց կառուցելու մասին»։ Հայ ժողովուրդը պատմության մեջ ամենաշատ եկեղեցի ու վանք կառուցած ժողովուրդն է։ Մեր վանքերից եւ հուշարձաններից շատերը պահպանվել են, իսկ մեր թշնամիները՝ թուրքերն ու պարսիկները, քանդելով հայկական բերդերն ու ամրոցները, աշխատել են պահպանել եկեղեցիները։
Խաչո՞վ, թե՞ առանց խաչի
Սուրբ Խաչի վրա խաչ տեղադրելու կամ չտեղադրելու խնդիրը հիմա ամենաշատն է քննարկվում։ Հարկ է նշել, որ պատմական հուշարձանների վրա խաչի առկայությունը պարտադիր չէ, խաչը պարտադիր պետք է պսակի միայն գործող եկեղեցիները։ Հայաստանում ոչ ոք, իհարկե, չի հանդգնի ենթադրել, որ Թուրքիայի հանդուրժողականությունը կհասնի բարձրագույն աստիճանի, եւ թուրքերը հայկական Սուրբ Խաչը գործող եկեղեցի կհռչակեն։ Նույնիսկ եթե հանկարծ նման բան պատահի, հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ համար այն պետք է գործի, եթե Վանում հայ չկա։ Աղթամարի վրա խաչ դնելը Թուրքիայից է կախված։ «Հյուրիեթ» թերթը մեջբերում է Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլլա Քոչի խոսքերը. «Եթե եկեղեցու վրա խաչ կար, ուրեմն, այն պետք է լինի եւ այսօր»։ Եվ լավ կլիներ, որ թուրքերը հաղթահարեին հոգեբանական արգելքներն ու, վերջիվերջո, հայտարարեին, որ խաչը լինելու է։ Այդ ժամանակ Եվրոպայի աչքում խաչը նոր Թուրքիայի «դրոշը» կդառնար, իսկ մենք էլ բարձրաձայն աղաղակելու առիթ չէինք ունենա։ Թերեւս, հիմա էլ չունենք, քանի որ տարբեր անկյուններից հնչող շատ դժգոհություններ թատերային բնույթ են կրում։ Շատ քչերն են իրականում տեղյակ մեր հողի վրա գտնվող հուշարձանների մասին, շատ եկեղեցիների տեղն անգամ քարտեզի վրա չգիտեն։ Իսկ «Աղթամար» բառը շատերի մոտ ավելի շուտ ասոցիացվում է կոնյակի կամ ռեստորանի անվան, քան թե 10-րդ դարի եկեղեցու հետ։