Վերջին տարիներին դժվար է նշել մի կուսակցություն, որտեղ այս կամ այն սրությամբ ներկուսակցական հակասություններ առաջացած չլինեն: Այդ տարաձայնությունների արդյունքում որոշ կուսակցություններ նույնիսկ մի քանի մասերի են տրոհվել: Այդ ախտով կարծես թե չէր տառապում հայաստանյան քաղաքական դաշտի երեւի թե ամենափակ եւ կազմակերպված կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին, որ այդ կուսակցության ներսում էլ այս առումով ամեն ինչ հանգիստ չէ: Մասնավորապես խոսվում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանի միջեւ ծագած գրեթե բաց հակամարտության մասին: Իրավիճակը առանձնահատուկ է նրանով, որ երկուսն էլ պատկանում են ՀՅԴ-ի, այսպես ասած, ուժային կառույցները համակարգող թեւին: Ավելին, այժմ ՀՅԴ համամասնական ցուցակի բավականին բարձր՝ 8-րդ տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանը նախկինում իր ենթակա կառույցներով հանդերձ՝ գտնվում էր անմիջապես Հրանտ Մարգարյանի ենթակայության տակ: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ տարաձայնության պատճառը ոչ այնքան քաղաքական է, որքան բիզնեսային: Հ. Մարգարյանը եւ Մ. Մանուկյանն ունեն համատեղ բիզնես, այն է՝ Երեւանի կենտրոնում գտնվող «Մեղեդի» սրճարանը: