Անլրջության էվոլյուցիան շարունակվում է

23/03/2007

Բանից պարզվում է, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցի՝ ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածն այդ զեկույցը գրող կոնկրետ մարդու ընկալումն է եւ չի արտահայտում այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Համենայն դեպս, այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Զարմանալի մարդիկ են այդ ամերիկացիները. ինչ-որ մեկին հանձնարարում են տարեկան զեկույցի տեքստ գրել, նա էլ, փոխանակ Պետդեպարտամենտի դիրքորոշումը ներկայացնի, իր անձնական դիրքորոշումն է ներկայացնում։ Դեռ լավ է, որ զեկույցի տեքստը մուտքագրողն էլ իր հերթին իր «ընկալումները» չի ավելացրել փաստաթղթին։ Իսկ մենք չնչին բանից մեծ աղմուկ ենք բարձրացրել…

Հուսով ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտի նկատմամբ այսպիսի անլուրջ վերաբերմունքը պրն Օսկանյանի անձնական «ընկալումն է» եւ չի արտահայտում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։