Ինչպես հայտնի է, մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում նշված է, թե «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները»:
Հայտնի է նաեւ, որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս զեկույցի հրապարակումից հետո նշել էր, թե զեկույցի վերոնշյալ հատվածը «սխալմունք է եւ վրիպակ»: Երեկ «Regnum» գործակալության շենքում հրավիրած ասուլիսում Վ. Օսկանյանը պնդեց, որ զեկույցի այդ հատվածն «ակնհայտ սխալ է»: «Սա մարդու իրավունքներին առնչվող փաստաթուղթ է, Ղարաբաղի հարցին վերաբերող փաստաթուղթ չէ, եւ որեւէ պարտադրող, իրավական, կոնկրետ այդ հարցում ամերիկյան քաղաքականությունն արտահայտող փաստաթուղթ չէ»,- ասաց Վ. Օսկանյանը: Վերջինս նշեց նաեւ, թե իր «ուղղակի կոնտակտների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություն է», եւ, որ Պետդեպն ընդունում է, որ դա «ակնհայտ սխալ է»: «Ակնհայտ» բառը շեշտվում է: Բյուրոկրատական պատճառներով, միանգամից փոխել հնարավոր չի լինի, բայց ամեն ինչ արվելու է, կամ հայտարարության, կամ վեբ-սայթի վրա ուղղում մտցնելով՝ անպայման անդրադառնալ այդ հարցին»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Իսկ երբ վերջինիս հիշեցրին, որ այդ զեկույցի հրապարակմանը հաջորդեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որտեղ այդ «սխալի» ընդունման երանգ անգամ չկար, նախարարն այսպես արձագանքեց. «Իմ կոնտակտները Պետդեպարտամենտի հետ չէր եղել, երբ դեսպանատունն այդ հայտարարությունն արեց»: «Ես գիտակցում եմ, որ ինչ որ ասում եմ, լսվելու է Պետդեպարտամենտում, եւ այս հարցում չեմ կարող շեղումներ տալ, թե չէ միանգամից կասեն, որ Օսկանյանը ստում է կամ խաբում է: Իմ բանակցությունների արդյունքում ինձ լիազորված է այսօր հայտարարել, որ Պետդեպարտամենտը գիտակցում է, ընդունում է, որ դա ակնհայտ սխալ է եղել, եւ փորձ կանեն, բյուրոկրատական իրենց սահմանափակումների հաղթահարման դեպքում, անպայման ուղղում մտցնել: Եթե սխալ եմ ասում, վստահ եմ, որ վաղը Պետդեպարտամենտն ինձ կլսի»,- ավելացրեց Վ. Օսկանյանը: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս պատահեց, որ նույն «սխալ ձեւակերպումը» տեղ գտավ նաեւ այդ զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ու բացի այդ էլ՝ մեկ այլ տեղում նշվում է «պատմականորեն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված ԼՂ մայրաքաղաք Շուշայի» մասին: Ի պատասխան այս հարցի, նախարարը նախ շեշտեց, թե այդ փաստաթուղթը որեւէ իրավական ուժ չունի: Ինչ վերաբերում է «տարբեր փաստաթղթերում տեղ գտած տարբեր ձեւակերպումներին», Վ. Օսկանյանը նշեց, թե «մի տասը այլ փաստաթուղթ էլ կարելի է գտնել, որ 180 աստիճան այլ ձեւակերպումներ ունեն, որ 100%-ով ի օգուտ Հայաստանի են, եւ որի նկատմամբ այսպես բուռն ադրբեջանական կողմն է բողոքում»: Այնուհետեւ մեր երկրի արտգործնախարարը հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների զեկույցները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, գրվել են մի մարդու կողմից, եւ այդ անհատի ընկալումն է եղել այդ հարցի նկատմամբ՝ ինչ-որ մի տեղից վերցված: Ակնհայտորեն դա չի արտահայտում ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ հարցում: Դրա համար էլ, ես կարծում եմ, որ չի կարող շահարկվել»: Փաստորեն, ըստ Վ. Օսկանյանի, ԱՄՆ Պետդեպի զեկույցը, կամ գոնե դրա մի հատվածը, չի արտահայտում ԱՄՆ-ի դիրքորոշումը, ավելին՝ այն պարզապես ինչ-որ մեկի «ընկալումների» արտահայտությունն է: Թերեւս մնում էր ավելացնել, որ այդ ինչ-որ մեկն էլ, ով իր «ընկալումները» նենգորեն փորձել է ներկայացնել որպես ԱՄՆ-ի դիրքորոշում, ընդհանրապես ոչ մի կապ չունի Պետդեպարտամենտի հետ. պարզապես մոտերքում, ասենք, պահակ է աշխատում: Ստացվում է, որ ով ուզի՝ կարող է իր «ընկալումները» զետեղել ԱՄՆ Պետդեպի զեկույցներում, բայց, չգիտես ինչու, ստացվել է այնպես, որ հայկական կողմի «ընկալումները» վերոնշյալ զեկույցում չեն զգացվում: Ինչեւէ, պարոն Օսկանյանի գնահատմամբ, եթե Ադրբեջանը փորձի «շահարկել» ԱՄՆ Պետդեպի զեկույցի վերոնշյալ հատվածը, դա ծիծաղելի կլինի եւ ցույց կտա «իրենց թույլ կողմը, որ ուրիշ հիմնավորում չունեն»:
Կեցցե՛ առողջ քննադատությունը
Վ. Օսկանյանը երեկ պատասխանեց նաեւ ՀՀԿ-ականների՝ իրեն ուղղված ակնարկ-մեղադրանքների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը տարբեր առիթներով ակնարկել էին, թե վերջերս Վ. Օսկանյանն ավելի շատ ներքին քաղաքականությամբ է զբաղվում, դրա համար էլ արտաքին քաղաքականությունը տանուլ ենք տալիս: Խոսքը մասնավորապես ԱՄՆ Պետդեպի վերջին զեկույցի մասին է: Այս կապակցությամբ Վ. Օսկանյանը երեկ նշեց, թե ՀՀԿ-ականների ասածները որպես մեղադրանք չի ընդունում: «Քննադատությունը լավ բան է: Սա շատ առողջ է: Նման երեւույթներ պետք է գնահատել եւ քաջալերել այնքան ժամանակ, որքան դրանք անձնական վիրավորանքի չեն հասնում: Հիմնավորված քննադատությունն ինձ համար ոչ միայն ընդունելի է, այլեւ ցանկալի: Ես դրա մեջ մեծ օգտակարություն եմ տեսնում եւ շատ բան եմ սովորում: Բայց դա, իհարկե, պետք է լինի հիմնավորված, ոչ թե այլ նպատակների ծառայեցվի»,- նման ակնարկախառն պատասխան տվեց Վ. Օսկանյանը: Իսկ հիմնավորվա՞ծ են ՀՀԿ-ականների քննադատությունները: «Չգիտեմ՝ ի՞նչ կոնտեքստում է ասվել, ի՞նչ է ասվել: Բոլոր ուղղություններով էլ միշտ լինում են թերություններ, բայց գնահատականը պետք է տալ, թե մեծ հաշվով այսօր ի՞նչ ունենք, ի՞նչ ենք պահպանել, ի՞նչ ենք կորցրել: Եվ գնահատականը միայն արդյունքներով պետք է դատել եւ ոչ թե՝ այլ քաղաքական նպատակներից ելնելով,- նշեց Վ. Օսկանյանն ու ավելացրեց,- Ցանկացած քաղաքական ուժի գնահատականը, հատկապես այս օրերին՝ մինչեւ ընտրություն եւ դրանից հետո, լինելու է սուբյեկտիվ, այստեղ կասկած չկա»: Երեկ Վ. Օսկանյանը նշեց նաեւ, թե չի ուզում ասել, որ մարդու իրավունքների վերաբերյալ վերոնշյալ այդ զեկույցում այդ մի տողը «դիտավորյալ է եղել՝ մեզ խայթելու համար», բայց, նրա խոսքերով՝ կարող են լինել այնպիսի դեպքեր, որ մեզ այնպես խայթեն, որ չկարողանանք տակից դուրս գալ, եթե չկարողանանք նորմալ ընտրություն անցկացնել: Այնպես որ, ըստ նախարարի, մեղավորներին այստեղ պետք է կարողանալ ճիշտ մատնանշել: «Ընտրություններն իսկապես լինելու են ճակատագրական»,- հավելեց նա: Վ. Օսկանյանի խոսքերով՝ ռազմական գործողությունների արդյունքում այն, ինչ ձեռք ենք բերել, վերջին 10 տարիների ընթացքում ամբողջությամբ պահպանվել է: «Յուրաքանչյուր փաստաթուղթ, որ ներկայացվել է մինչեւ 1998 թվականը, սկսվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Այդ բոլորը փոխվել է 1998-ից հետո, եւ քայլ առ քայլ այսօր հասել ենք նրան, որ այսօրվա առկա փաստաթղթի հիմքում դրվել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ռեֆերենդումի միջոցով: Մենք սրա մասին 1996-ին միայն կարող էինք երազել: Մի կողմից՝ պահպանվել են ռազմական հաջողությունները, մյուս կողմից՝ դիվանագիտական նման ձեռքբերում կա: Հիմա դուք ասեք՝ տանուլ ե՞նք տվել, թե՞ ինչ-որ ձեռքբերումներ ունենք: Դատողությունները թողնում եմ ձեզ»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Ա՛յ, այստեղ նախարարն այնքան էլ ճիշտ չի ներկայացնում իրականությունը: 1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից հակամարտության կողմերին ներկայացված «Փուլային տարբերակ» անվանված փաստաթղթում, որը վաղուց հրապարակվել է, եւ ցանկացած մարդ կարող է դրան ծանոթանալ, ընդհանրապես խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, եւ ԼՂ կարգավիճակի հստակեցումը հետաձգվում էր անորոշ ժամանակով: 1998-ի իշխանափոխությունից հետո ներկայացված «Ընդհանուր պետություն» անվանված տարբերակում նշվում էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է («ԼՂ-ն Ադրբեջանի հետ կազմում է ընդհանուր պետություն՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում» ձեւակերպմամբ): Մինչեւ 1998 թվականը ԼՂ-ն բանակցությունների լիիրավ կողմ էր: Վերջին տարիներին միջազգային տարբեր փաստաթղթերում ՀՀ-ն մեղադրվում է «Ադրբեջանի տարածքներում էթնիկ զտումներ» իրականացնելու համար (Ատկինսոնի զեկույց): 1999-ի նոյեմբերին Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով փաստորեն ՀՀ-ն համաձայնեց, որ ԼՂ հարցը կարգավորվի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում (ի դեպ, հենց նմանատիպ մի փաստաթղթի ընդունումը 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում վետոյի միջոցով կասեցրեց ՀՀ առաջին նախագահը): Ավելորդ է նշել, որ մինչ պարոն Օսկանյանի նշած ժամանակահատվածը, ոչ մի փաստաթղթում ՀՀ-ն օկուպանտ, ագրեսոր ու էթնիկ զտումներ իրականացնող չի որակվել: Հիմա դուք ասեք՝ տանո՞ւլ ենք տվել, թե՞ ինչ-որ ձեռքբերումներ ունենք: Դատողությունները թողնում ենք Վ. Օսկանյանին:
Հ.Գ. Երեկվա դրությամբ՝ ԱՄՆ Պետդեպն իր վեբ-կայքում չէր ուղղել «ակնհայտ սխալը»: