Ռուսները «վինտիլը» չեն փակի

23/03/2007

Երեկվա ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական անգամ հայտարարեց, թե ԱԺ առաջիկա ընտրությունը մեզ համար «ամենամեծ քննությունն է լինելու»:

«Եթե այդ քննությունը մենք հաջողությամբ չհանձնենք, կարծում եմ, որ սրա հետեւանքները շատ վատ են լինելու»,- նշեց նա: Նախարարը երեկ տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 3-4-ին ՀՀ-ում կգտնվի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա հետ քննարկվող թեմաներից մեկն էլ լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Նախարարը երեկ նաեւ տեղեկացրեց, որ մարտի վերջին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը Հայաստանից պատվիրակություն կմասնակցի՝ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի գլխավորությամբ: Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ նախօրեին արված այն հայտարարություններին, որ Սյունիքում խանություն է, որ իրեն զանգահարել եւ սպառնացել են այնտեղ չերեւալ, որ իրեն հյուրանոցում տեղ չեն տվել եւ այլն, Վ. Օսկանյանը նշեց, թե այն, ինչ կատարվել է Վ. Մանուկյանի հետ, «եթե դա իրոք այդպես է», ապա դատապարտելի է: «Դա շատ ցավալի է, դա վատ երեւույթ է, դրա դեմ պետք է պայքարել: Եթե իսկապես զանգով սպառնալիքներ են եղել ինչ-որ անհատների կողմից»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ Վ. Մանուկյանը Սյունիքի մարզ էր այցելել Սամվել Բաբայանին սատարելու «ծիրին մեջ»: Ինչեւէ, խոսելով օրերս բացված հայ-իրանական գազատարի մասին, Վ. Օսկանյանը երեկ նշեց, որ այդ գազատարի բացումը ՀՀ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանն ուղղված լուրջ քայլ է: Հիշեցնենք, որ մեր երկրի էներգահամակարգի ճնշող մասը Ռուսաստանի ձեռքում է, իսկ մեր իշխանությունները չեն էլ թաքցնում, որ հնարավոր է՝ շատ մոտ ապագայում հայ-իրանական գազամուղն էլ տրամադրվի Ռուսաստանին: Այս դեպքում՝ էլ ի՞նչ դիվերսիֆիկացում: Այս կապակցությամբ Վ. Օսկանյանը երեկ նշեց, թե հայ-իրանական գազատարը հայ-իրանական նախագիծ է, ու նաեւ ավելացրեց, թե «տրամաբանական է, համենայն դեպս, եթե այդ կոնցեսիան տրվի «ՀայՌուսգազարդին»: «Այն հայկական կազմակերպություն է, տնօրինում է Հայաստանի բոլոր գազային հարցերը, եւ բնական է, ուղղակի, որ նաեւ այս հատվածը տնօրինի,- հայտարարեց նախարարն ու շարունակեց,- դիվերսիֆիկացիան պետք չէ նայել նրանով, թե ո՞վ է տնօրինում, այլ տեսնել, թե ինչպիսի՞ մուտքեր կան Հայաստան, ո՞ր երկրներից, ինչքանո՞վ կայուն է այդ խողովակաշարի ճանապարհը, խոցելի է՞, թե՞ չէ: Դա է դիվերսիֆիկացիան»: Ըստ նախարարի, գազամուղը մերն է, եւ ոչ ոք այն չի տանելու Հայաստանից, իսկ կառավարիչը, ով էլ այն լինի՝ չի փակելու խողովակը, եւ գազը հոսելու է: Մնում է ենթադրել, որ ռուսները հարկ եղած դեպքում ինչ-ինչ պատճառներով չեն կարող պտտել ու փակել իրանական գազի «վինտիլը», կամ էլ երեւի այդ գազատարը «վինտիլ» չունի: