ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն անցյալ տարի ՎՈՒԱՄ-ի «Սառեցված հակամարտությունների մասին» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու առիթով հայտնվել էր հայ լրագրողների ուշադրության կենտրոնում: Իրականում, դեսպանն այդպես էլ հնարավորություն չէր ունեցել բացատրելու մի քանի խիստ սկզբունքային մանրամասներ, որոնց չիմացության պատճառով եւ՛ լրագրողները, եւ՛ հասարակությունն ընկել էին խուճապի մեջ, իսկ ՀՀ ԱԳՆ-ն եւ ինքը` իր իսկ համոզմամբ՝ անտեղի քննադատության տակ: Նախ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասին: Այն տեւում է ուղիղ մեկ տարի, այսինքն՝ սկսվում է սեպտեմբերի 15-ից եւ ավարտվում է հաջորդ սեպտեմբերի 15-ին: Առաջին երկու շաբաթվա ընթացքում ելույթ են ունենում նախագահները, վարչապետները կամ ԱԳ նախարարները: Այդ հատվածն անվանում են «Գլխավոր բանավեճ» (General Debates): Մինչեւ դեկտեմբերի վերջը` նստաշրջանի գլխավոր մասն է, սակայն Ամանորից հետո նստաշրջանն իր աշխատանքը շարունակում է: Այժմ ընթանում է ՄԱԿ-ի 61-րդ նստաշրջանը: Հայտնի է, որ ՄԱԿ-ն ունի 192 անդամ: Յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն: Սակայն կան չորս հիմնական քաղաքական միավորումներ, որոնք ձգտում են հանդես գալ ընդհանուր դիրքերից, եւ գրեթե միշտ քվեարկում են միանման, մոտավորապես այնպես՝ ինչպես, օրինակ, ՀՀ ԱԺ-ում, այսպես կոչված, «պատգամավորական խմբերը»:
Համառոտ ներկայացնենք այդ չորս միավորները:
Չմիավորված երկրների շարժումը ձեւավորվել է դեռ սառը պատերազմի տարիներին: Դրանք այն երկրներն են, որոնք ոչ կոմունիստական էին, ոչ էլ Արեւմուտքի դաշնակից: Նրանք հայտարարեցին իրենց քաղաքական միավորման մասին: Այս շարժման հեղինակը Հարավսլավիայի նախկին բռնապետ Տիտոն էր, սակայն ՄԱԿ-ի շրջանակում այս շարժումը գոյություն ունի այն պատճառով, որ շատ երկրների հնարավորություն է տալիս մանեւրել եւ սեփական արտաքին քաղաքականությունը վարելով՝ համախմբել ուժերը եւ հանդես գալ միասնական դիրքերից:
Հաջորդ խոշոր խումբը «Իսլամական երկրների կազմակերպությունն» է, որը ներառում է 57 իսլամական երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը:
«Արեւմտյան Եվրոպա եւ այլ երկրներ» խումբը կազմված է ԵՄ եւ Արեւմտյան արժեքները դավանող երկրներից` ԱՄՆ, Կանադա, եւ այլն:
Եվ վերջինը` «G 77»-ը, «Չմիավորված երկրների շարժման» պես ընդգրկում է զարգացող երկրները, այդ թվում՝ Չինաստանը:
Արմեն Մարտիրոսյանի հետ մեր զրույցը սկսեցինք այն հարցով, թե ո՞ւմ հետ կամ ո՞ր դաշինքում է Հայաստանը:
– Պրն Մարտիրոսյան, ինչպե՞ս է Հայաստանը քվեարկում կամ ո՞ր խմբի հետ է քվեարկում:
– ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ պետք է ունենաս հստակ քաղաքականություն, այստեղ մանեւրելու տեղ չունես, որովհետեւ ԵՄ-ի հետ համագործակցելիս չես կարող մի օր ասել՝ գիտեք, այս հարցում ես առանձին եմ: Այստեղ արդեն դու կտուժես, կասեն՝ չհասկացա, դու հիմա մեզ հե՞տ ես, թե՞ մեզ հետ չես:
– Եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն գրեթե ամեն 10-րդ հայտարարությունն ընդունում է ընդդեմ Ռուսաստանի, ապա պարզ է, որ…
– …Այդտեղ պրոբլեմներ կան: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները կարգավորող իրավական բազան թույլ է տալիս, որ մենք ՄԱԿ-ում նույնպես միանանք ԵՄ խմբին, բայց այս պահին, հաշվի առնելով մեր զանազան խնդիրները, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտությունը եւ դրանից բխող մարտահրավերները, կարծում եմ, ճիշտ է մեր քաղաքական մանեւրելու դաշտը չսահմանափակել: Որովհետեւ մենք խնդիրներ ունենք, եւ մեզ ձայներ են պետք լինում բոլոր քաղաքական միավորներից։ Իսկ եթե դու միանում ես ԵՄ-ի բոլոր քվեարկություններին, ապա դա նշանակում է՝ ՄԱԿ-ի օրակարգի որոշ հարցերի հետ կապված կարող ես հայտնվել մյուս կառույցների հետ բարիկադի հակառակ կողմում: Դա լինում է երեւի թե հարցերի 40-50 տոկոսի դեպքում, այսինքն՝ չես կարող միշտ ակնկալել անհրաժեշտ աջակցություն այլ քվեարկությունների ժամանակ:
– Իսկ ինչպե՞ս է քվեարկում Վրաստանը:
– Վրաստանն, ի տարբերություն Ուկրաինայի եւ Մոլդովայի, չի միանում ԵՄ-ին, երեւի թե Ռուսաստանի գործոնն է հաշվի առնում: Իսկ ՈՒկրաինան, Մոլդովան, երբ իրենց պրոբլեմները աներկբա Ռուսաստանից են գալիս, ասում են` մենք միանշանակ ԵՄ-ի հետ ենք: Վրաստանն, այնուամենայնիվ, իրեն մի քիչ խաղի տեղ թողել է, որովհետեւ իր երկու հարեւանները` Հայաստանն ու Ադրբեջանը, մանեւրելու տեղ ունեն, դրա համար էլ ինքը չի ուզում մարգինալացվել:
– Այսինքն, փորձում է «լյուֆտի» տեղ թողնել:
– Այո, «հայերեն» ասած՝ լյուֆտի տեղ թողնել: Իսկ Մոլդովան եւ Ուկրաինան ասում են, որ իրենց այդ լյուֆտը պետք չէ, ասում են՝ մենք միանշանակ մեր ընտրությունն արել ենք, դիմել ենք ԵՄ-ին եւ ԵՄ-ն համապատասխան փաստաթղթով այդ իրավունքը մեզ տվել է, մենք դա լրիվ օգտագործում ենք: Դրա համար քվեարկության ժամանակ այդ երկու երկրները հայտարարում են` we associate ourselves with the position of EU (մենք մեզ ասոցիացնում ենք ԵՄ դիրրքորոշման հետ.- Ա.Ա.): Որը չգիտեմ…ԵՄ-ի հետ եւ նրանց պես քվեարկելով՝ ոչ ոք նրանց չի համարում, որ Եվրոպա են դարձել արդեն: Իմ կարծիքով՝ ավելորդ տեղը պարտավորությունների տակ են ընկնել՝ սահմանափակելով իրենց խաղադաշտը:
– ՀՀ իշխանական վերնախավում եղե՞լ է այդ քաղաքական բանավեճը` ՄԱԿ-ում այս կամ այն դաշինքին միանալու նպատակահարմարության մասին:
– Այո, իհարկե: Մենք քննարկել ենք, առաջարկություններ ենք տվել: Մյուս կողմից, քանի որ մենք ունենք Եվրոպական կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորություններ, մարդու իրավունքների բլոկում մեր քվեարկությունների մոտավորապես 85-90 տոկոսը համընկնում է ԵՄ քվեարկությունների հետ՝ առանց պարտադրված լինելու: Մենք դա կամավոր ենք ստանձնել եւ մենք դրան հետեւում ենք: Իսկ 15 տոկոսը որ կա, դրանք բանաձեւեր են, որտեղ մենք չենք կարող ԵՄ-ի հետ քվեարկել:
– Օրինակ՝ Իրանի՞ հետ կապված հարցերը:
– Այո, Իրանի մասին հարցերը: Դրա համար մեզ ազատության տեղ թողել ենք:
– Իսկ Իրանի դեպքում ինչպե՞ս եք քվեարկում, ձեռնպա՞հ եք մնում:
– Չէ, վերջին անգամ «պո-մակիսիմումու» Իրանի օգտին քվեարկեցինք: Այսինքն՝ դեմ քվեարկեցինք ներկայացված բանաձեւին: Բայց բանաձեւի հեղինակներին բացատրեցինք, որ Իրանը մեզ հարեւան է, եւ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ շրջափակման մեջ են դրել, իսկ Վրաստանում Լարսը հաճախ է փակվում, եւ, եթե Իրանը չլինի, ապա Հայաստանն ամբողջությամբ կմեկուսանա: Դրա համար մենք ասում ենք` ճիշտ հասկացեք, մենք այնտեղ ունենք նաեւ հայկական համայնք, 150 հազար մարդ, հասկանում ենք ձեր մտահոգությունները, բայց «on the ground» (գործնականում.-Ա.Ա.) չենք կարող ձեզ հետ քվեարկել:
– Համաձա՞յն եք, որ Իլհամ Ալիեւի նախագահության շրջանում Ադրբեջանը սկսեց շատ ակտիվ արտաքին քաղաքականություն վարել եւ համագործակցել հատկապես միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպե՞ս է դա արտահայտվում ՄԱԿ-ում:
– Այո, ինչ խոսք: Օրինակ, իսլամական երկրների դեսպաններն ասում են, որ իսլամական երկրների հետ Ադրբեջանը շատ լուրջ աշխատում է, եւ, որ նախկինում չի եղել այդ բանը: Եթե գագաթաժողով է` Ալիեւն անպայման գնում է, նախարարների հանդիպում է` Մամեդյարովն է անպայման ներկա լինում: Դեսպան են նշանակել այնտեղ, այսինքն՝ նրանք այժմ ԻԵԿ-ն առավելագույնս օգտագործում են: Իր հերթին կազմակերպության անդամ երկրների մեծ մասն իրենց պարտադրված են զգում աջակցել ազերներին: Դա նրանք կոչում են «մուսուլմանական համերաշխություն՝ muslim solidarity»: Այսինքն՝ ԻԵԿ-ի այդ հսկայական պոտենցիալը՝ գրեթե ձայների մեկ երրորդը, բացառությամբ բարեկամ մի շարք արաբական երկրների, Ադրբեջանը շատ ագրեսիվ ձեւով օգտագործում է:
ՄԱԿ-ում ԼՂ-ի հետ կապված հարցում Ադրբեջանի գործունեությունը ակտիվացել է, որովհետեւ ԵԱՀԿ-ի շրջանակում Հայաստանը հաջողությամբ բանակցություններ է վարում: Այդ պատճառով Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ-ից պրոցեսը շեղել, բերել ՄԱԿ, որովհետեւ այստեղ, ինչպես 1994-ից ի վեր քվեարկությունների փորձը ցույց է տվել, ինքը մոտ 40-45 ձայն ունի, փորձում է քաղաքական ֆայլ ստեղծել եւ հետո` ճնշում գործադրել ԵԱՀԿ-ի վրա: Սա է Ադրբեջանի խաղը: Որովհետեւ ԵԱՀԿ-ը կոնսենսուսային կազմակերպություն է, եւ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Այսինքն՝ բոլոր անդամ երկրները, ունենալով մեկ ձայն, միեւնույն ժամանակ՝ ունեն նաեւ վետոյի իրավունք: Ցանկացած երկիր ցանկացած հարցի շուրջ կարող է օգտագործել իր այդ իրավունքը: Որովհետեւ ԵԱՀԿ-ում Ադրբեջանը միշտ ակտիվ է եղել, աշխատել է, հարցն այնտեղ է քննարկվում, բայց քանի որ իրենք այնտեղ միշտ դժգոհ են եղել ԵԱՀԿ-ից` հայտարարելով, թե ռուսները հայերի հետ են, ֆրանսիացիները հայերի հետ են, ամերիկացիները չգիտես ում հետ են, հետեւաբար՝ իրենց դիրքերն այնտեղ ամրացնելու համար շեշտադրումները փորձում են տեղափոխել ՄԱԿ: Դրա արդյունքում հարցերից մեկը մտավ օրակարգ 2004 թվին, մյուսը՝ 2006-ին:
– Որո՞նք են այդ բանաձեւերը:
– Մինչեւ 2004թ. Ղարաբաղին առնչվող ընդամենը մեկ բանաձեւ է եղել` 1994-ին, որտեղ ԵԱՀԿ-ի ՄԱԿ ուղարկված փաստաթղթում գրված էր. UN welcomes the efforts of OSCE to achieve a peacefull solution of Nagorno Karabagh conflict («ՄԱԿ-ը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ԵԱՀԿ ջանքերը»)։ Այդ ձեւակերպումը միաձայն ընդունվում է ԵԱՀԿ-ում, որից հետո օրինագիծը հասնում է ՄԱԿ, եւ Ադրբեջանը «Ղարաբաղ» բառից հետո ավելացնում է՝ «the region of Azerbaijan»` «Ադրբեջանի շրջան Ղարաբաղ»՝ փորձելով կանխորոշել կարգավիճակը: Միայն այս բանաձեւն է եղել, որը հիմնականում ԻԵԿ-ի աջակցությամբ 1994թ. ի վեր միշտ անցել է: 2004-ին սրան ավելացավ «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավիճակի մասին» փաստաթուղթը եւ 2006-ին` ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա) ներկայացրած «Սառեցված հակամարտությունների իրավիճակի մասին» հարցը: Այսինքն, այդ տեսակետից վիճակներս ծանրացավ` ակնհայտ է:
– Չէի՞ք կարող կանխել…
– Չէինք կարող:
– Ինչո՞ւ:
– 45 ձայն ունի ինքը, իսկ դու մի ձայն ունես: Քաղաքական իրականությունն այս է, ոչ դեմագոգիայի, ոչ էլ խաբելու տեղ է: ՄԱԿ-ը կազմակերպություն է, որտեղ պարզ քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ ընդունում են բոլոր բանաձեւերը:
– Բայց եթե փաստաթուղթը երկու կողմին է առնչվում, մի՞թե հնարավոր չէր շտկումներ մտցնել:
– Այլ բան է հարցն օրակարգ մտցնելը, եւ այլ` հարցին վերաբերող բանաձեւի բովանդակությունը քննարկելն ու փոփոխելը: Երեւի հենց այս հատվածը Երեւանում սխալ են ընկալել: Եթե տեսնեք 2004թ. նախագիծը, ապա կհամոզվեն՝ Ադրբեջանը ինչ բանաձեւ մտցրեց, եւ ինչ դուրս եկա՞վ…
– Ավելի մեղմ էր, քան բնօրինա՞կը:
– Ընդհանրապես իրար հետ կապ չունեին: Ադրբեջանը մտցրեց քաղաքական բանաձեւ` Արցախի կարգավիճակ, տարածքների, փախստականների վերադարձ, այսինքն՝ գրեթե երկրորդ Մինսկի գործընթաց էր բացում ՄԱԿ-ում, բայց հենց աշխատանքի արդյունքում եկան-կանգնեցին հրդեհների վերաբերյալ բանաձեւի: Որեւէ քաղաքական բովանդակություն տեքստը չուներ, ընդամենը՝ կոչ, որ իրար հետ պետք է աշխատենք, հրդեհները հանգցնենք եւ հետագայում կանխենք:
– Երեւանում այս բանաձեւն ընկալվեց որպես մեր դիվանագիտության պարտություն: Անգամ Վարդան Օսկանյանը դրանից հետո շտապեց Նյու Յորք:
– Չէ, Վ. Օսկանյանն այս հարցի համար այստեղ չի եկել: Նյու Յորքում եղել է միայն Գլխավոր ասամբլեայի բացմանը` սեպտեմբերի վերջին օրերին: Մամեդյարովը նոյեմբերին եկավ հարցը ներկայացնելու: Վարդան Օսկանյանի հետ հեռախոսով զրուցում էինք: Առաջարկեց գալ, ասացի՝ նպատակահարմար չէ, իր գալով նախագծին կշիռ էինք տալու: Ես ասացի` թող ինձ վրա, եթե վտանգ զգամ, կասեմ: Նախարարը հատուկ ԼՂՀ-ի հարցով այստեղ չի եկել:
– Եվ արդեն երկու տարի անց Ղարաբաղի հարցով բանաձեւ է ներկայացնում ՎՈՒԱՄ-ը: Այդ կազմակերպությունը քաղաքական միավոր է դարձել: Դա լո՞ւրջ է:
– Հարցն ուղղակի Ղարաբաղի վերաբերյալ չէ, այլ տարբեր կոնֆլիկտների մասին է: Չորս երկրի կողմից ներկայացված նախագծի դեմ պայքարելն ավելի բարդ է, քան մեկի կողմից ներկայացվածի դեմ պայքարելը: ՎՈՒԱՄ-ը ՄԱԿ-ում ձգտում է դառնալ լուրջ քաղաքական միավոր` աջակցությամբ եւ քաղաքական կոնցեպցիայով, գործունեության իր վեկտորներով:
– Եվ Ադրբեջանն ու Վրաստանը շատ լավ դա օգտագործում են…
– Նաեւ Ուկրաինան ու Մոլդովան…
– Դա նշանակում է, որ նորից գլխացավ ենք ունենալու:
– Մենք արդեն գլխացավ ունենք:
– Արդե՞ն:
– Այո, բանաձեւ ունենք օրակարգում: Այս տարի մենք դեռ պետք է քննարկենք ՎՈՒԱՄ-ի ներկայացրած սառեցված հակամարտությունների մասին բանաձեւը: Ըստ էության, բանաձեւը պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել: Ուղղակի մի խումբ երկրներին նախնական տեքստ է բաժանվել:
– Այդ դեպքում անցյալ տարի բարձրացված աղմուկն ինչի՞ շուրջ էր: Ռուսաստանն ինչո՞ւ էր խառնվել իրար:
– ՎՈՒԱՄ-ն ընդամենը հարցն է ներկայացնել քննարկման: Հիշատակվել են չորս հակամարտությունները, բայց որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել: Առաջարկ է եղել քննարկել այդ հարցը:
– Բայց չէ՞ որ աղմուկը հենց տեքստի վերաբերյալ էր:
– Նախագիծ չի եղել: Ամբողջ խնդիրը սա է: Հարցն օրակարգ մտցնելը մի բան է, բանաձեւ ընդունելն՝ այլ բան: Հարց մտցնելը դեռ չի նշանակում, որ պարտադիր բերում են նաեւ օրակարգի հարցը կարգավորող բանաձեւ:
– Այդ դեպքում ինչի՞ համար են մտցնում օրակարգ:
– Արտահայտելու, քննելու, քննարկման արդյունքում միայն կարող է փաստաթուղթն ընդունվել: Սա առաջին անգամ է, որ լրագրողն ինձ հարցնում է այս մանրամասների մասին: Երեւանից ինձ հարցնում են` էդ ՎՈՒԱՄ-ի բանաձեւն ի՞նչ եղավ, ասում եմ՝ բանաձեւի նախագիծ չի ներկայացվել: ՎՈՒԱՄ-ն օրակարգի հարց է միայն ներկայացրել:
– Իսկ ո՞րն է այդ հարցը օրակարգ մտցնելու «հեռահար» նպատակը:
– Նպատակը՝ քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի եւ Ռուսաստանի վրա: Դա մեր դեմ էր, որը հաշվի չէր առնելու արդեն գոյություն ունեցող բանակցային գործընթացը: Մենք դեմ ենք ԼՂ հարցը ՄԱԿ բերելուն, քանի որ կա բանակցային գործընթաց ԵԱՀԿ շրջանակներում: Եվ հենց սա էր մեր գլխավոր արգումենտը: Հարցն առաջ է քաշվել անցյալ տարի, բայց մինչեւ այս սեպտեմբերի կեսը, այսինքն՝ մինչեւ ՄԱԿ-ի 62-րդ գլխավոր ասամբլեան հարցը կարող է քննարկվել: Ըստ հեղինակների հարցը նախատեսում են քննարկել առաջիկայում՝ գարնանը:
– Ինչո՞ւ գարնանը:
– Որովհետեւ ձմռանը ոչ ոք չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնել: Բացի դրանից, խոշոր երկրները զբաղված են լինելու Կոսովոյի հարցով:
– Այսինքն, ՎՈՒԱՄ-ի սառեցված հակամարտությունների մասին հարցի քննարկման ճակատագիրը կախված է Ռուսաստանից` բանաձեւ կընդունվի՞, թե՞ ոչ:
– Հետաքրքիր հարց ես տալիս: Կարծում եմ` այդքան էլ այդպես չէ: Նախ, հենց մեր նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԱՊԿ դեսպանների հանդիպումը, որտեղ իրենց հիշեցրին, որ գոյություն ունի անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության կոորդինացման մասին հռչակագիրը, որի շրջանակում խնդրեցինք անհրաժեշտության դեպքում չպաշտպանել ՎՈՒԱՄ-ի փաստաթուղթն ու դրան դեմ քվեարկել։
Մյուս կողմից, Եվրամիության նոր անդամներից մի քանիսը չեն էլ թաքցնում, որ այդ նախաձեռնությանն իրենց միանալն առաջին հերթին պայմանավորված է հակառուսական սենտիմենտներով: Ես էլ ասացի, որ Ռուսաստանին ուղիղ անդրադարձ չկա, կարող է տուժել ԼՂ-ի գործընթացը, կարո՞ղ եք Ադրբեջանի մասը հանել: Ասացին` չենք կարող: Այդ դեպքում խնդրեցի չաջակցել: Արդյունքում՝ ԵՄ-ն շատ կառուցողական դիրքորոշում ընդունեց` ՎՈՒԱՄ-ին ասելով, որ Մերձդնեստրի, Աբխազիայի հակամարտությունները նման չեն Ղարաբաղին: Պետք է հաշվի առնել գոյություն ունեցող քաղաքական իրականությունը: Այս տեսակետից, Ռուսաստանի դեսպանը մի առիթով ասաց, որ եթե Հայաստանը չլիներ, ապա այս հարցի հետ կապված իրենց վիճակը ավելի բարդ կլիներ:
– Լավ, մյուս կողմից էլ՝ Իրաքի պատերազմից հետո ՄԱԿ-ը որպես միջազգային կառույց՝ վերջնականապես հեղինակազրկվել է: Բացի հումանիտար օգնությունից, ոչ մի հաջող գործունեությամբ չի զբաղվում: Արդյոք պե՞տք է այդքան կարեւորություն տաք ՎՈՒԱՄ-ի այդ հարցին:
– Դա միշտ կարող ես ասել: Քաղաքական պրոցես է, մեկանգամյա բան չի: Ինձ ասում են, ինչո՞ւ ես վախենում, Իսրայելի մասին այս կազմակերպությունը տարեկան տասը փաստաթուղթ է ընդունում, բայց Իսրայելի մեջքին ԱՄՆ-ն է կանգնած, եւ, որ Անվտանգության խորհրդի նիստին միանգամից կարող է վետո դնել: Ամուր թիկունք է, ես չունեմ այդպիսի թիկունք:
– Դե, Ռուսաստանն է…
– You never know (երբեք չգիտես,- Ա.Ա.): Չեմ ասի, թե Ռուսաստանն այս հարցում մեզ թիկունք է, իսկ Ադրբեջանին` միայն հարեւան: Երկուսիս էլ դիտում է որպես կարեւոր գործընկեր: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսանալով՝ միշտ էլ հավասարակշիռ մոտեցում է դրսեւորել: Իրենք երբեք Ադրբեջանին չեն զոհաբերի Հայաստանի համար: Սա միանշանակ է: Ու իրենք չեն էլ թաքցնում դա:
– Հիմա ո՞րն է վտանգը՝ եթե ընդունվի բանաձեւ:
– ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդունած որոշումները, ինչպես հայտնի է, չունեն պարտադիր կատարման բնույթ, եւ, հետեւաբար, իրական վտանգ չեն ներկայացնում որեւէ երկրի համար, եթե անգամ դրանք չեն համապատասխանում վերջինիս շահերին: Ուստի, բոլոր երկրները ձգտում են, որպեսզի ՄԱԿ-ում չընդունվեն իրենց շահերից չբխող որոշումներ: