Մարտի 12-ին, ՄՊԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան աշխատակիցները, օպերատիվ տեղեկատվությունն իրացնելիս, համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում` ԱՄՆ-ից FedEx փոստային ծառայության միջոցով ուղարկված ծանրոցում հայտնաբերել եւ կանխել են մեծ քանակությամբ կոկաին տեսակի թմրամիջոցի ապօրինի ներկրումը հանրապետություն: Թմրամիջոցը փորձ է արվել ներմուծել` մոմի մեջ նախապես պատրաստված գաղտնարանում թաքցնելու միջոցով: Հանցագործության կազմակերպիչների բացահայտումը խոչընդոտելու նպատակով, իրավախախտները հանցավոր գործունեության մեջ են ներգրավել մի շարք անձանց եւ դիմել կեղծիքների: Սակայն, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, բացահայտվել են նաեւ հանցագործության կազմակերպիչները, որոնց հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ իրականացվում են որոնողական միջոցառումներ:
Հայտնաբերված զանգվածն անմիջապես ուղարկվել է նյութաբանական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ մոտ 139 գրամ մաքուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգվածը կոկաին տեսակի թմրամիջոց է: ՀՀ փորձագիտական կենտրոնի կենսաբանական եւ սննդային հետազոտությունների լաբորատորիայի ավագ փորձագետ Վահե Զոհրաբյանի խոսքերով` ներկայացված զանգվածի` մի շարք մեթոդներով հետազոտության արդյունքում՝ պարզվել է, որ նման մաքրության եւ նման քանակի թմրամիջոց կենտրոնի պրակտիկայում հանդիպում է առաջին անգամ: Փաստի առթիվ ՀՀ Մաքսային պետական կոմիտեն իրականացրել է նախաքննություն, որի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Այս հաղորդագրությունը տարածել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նշյալ գործի մասին մանրամասներ իմանալու մեր հետաքրքրասիրությունը դեմ առավ «գործը նախաքննության մեջ է» պատասխանին: Մինչ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կբացահայտի իրական մեղավորներին, մեր ունեցած տեղեկություններով՝ կասկածելի փոշի ներկրողը կին է եղել: