Ստեփան Զորյանը փոքրիկ մի զրույց ունի. կոչվում է «Զանգեզուրցի Տիգրանը»։ Այս Տիգրանը, Գորիսի իրենց «բոլշեւիկյան բալկոնումը» կանգնած, տեսնում է, թե ինչպես է եպիսկոպոսը հսկայական թափորով քայլում փողոցով։ «Երեւույթը» դուր չի գալիս, իսկույն իջնում է բալկոնից ու՝ տուր թե կտաս եպիսկոպոսին։ «Որ խփեցի՝ պոպոզը թռավ»,- ասում է ու բողոքում, թե դրանից հետո «բուրժվական տարրերը հարձակվեցին վրաս, որ տեռոր անեն»։ «Բոլշեւիկ» երիտասարդը, հասկանալի է, կուսակցության ղեկավարությունից այդպիսի առաջադրանք չէր ստացել, դա նրա սեփական նախաձեռնությունն էր։ Բայց բոլշեւիկյան իշխանություններն այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ յուրաքանչյուր «գիտակից երիտասարդ» իր պարտքն էր համարում այդպես վարվել։
ՀՀ նախկին վարչապետ եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին Սյունիքում նույնիսկ հյուրանոցային համար չեն տրամադրել։ Հազար ու մի պատճառաբանություն կարելի է հորինել, բայց փաստը մնում է փաստ։ Ընդդիմությանը հազար ու մի անհեթեթ պատճառաբանությամբ թույլ չեն տալիս հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում։ Սրանք նույն շղթայի տարբեր օղակներն են։ Հասկանալի է, որ երկու դեպքում էլ գործել են «վերեւից» եկած հստակ հրահանգով, բայց նույնիսկ սա չէ պրոբլեմը։ Ողբերգությունն այն է, որ շատ հնարավոր է՝ եթե նույնիսկ «վերեւից» հրահանգ չլիներ, դարձյալ Գորիսի կամ Երեւանի քաղաքապետարանի չինովնիկները սեփական նախաձեռնությամբ այդպես վարվեին, որպեսզի դուր գան «վերեւներին»։ Հայաստանում ձեւավորված մթնոլորտն է այդպիսին։ Չինովնիկն առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ վերեւներին դուր գալու ցանկությամբ, գործարարն առաջնորդվում է ոչ թե իր բիզնես-շահերով, այլ իշխանությունների հետ լավ հարաբերություններ պահպանելու մտադրությամբ, եւ այլն։ Արդյունքում՝ ունենք վախեցած հասարակություն. վախեցած չինովնիկներ, վախեցած գործարարներ, վախեցած մտավորականներ, վախեցած գյուղացիներ… Ընդ որում, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ինչ էր քարոզելու Վազգեն Մանուկյանը Սյունիքում, կամ ինչ է քարոզելու ընդդիմությունն Ազատության հրապարակում։ Պրոբլեմն այն է, որ հանուն «ներքաղաքական կայունության» (իրականում՝ հանուն սեփական իշխանության պահպանման)՝ իշխանությունները նպատակահարմար են համարել վախեցնել, մինչեւ վերջ խեղճացնել եւ ի վերջո ճորտատիրական կարգեր հաստատել ամենուրեք՝ հատկապես մարզերում։ Ի վերջո, չինովնիկի եւ վերակացուի տարբերությունն այն է, որ չինովնիկն օրենքին է ծառայում, իսկ վերակացուն՝ տիրոջը։
Իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Եվ բացարձակապես էական չէ՝ Սյունիքը Հայաստանի համար ռազմավարական մե՞ծ նշանակություն ունի, թե՞ ոչ։ Բոլոր մարզերում նույն վիճակն է, եւ բոլոր մարզերն էլ Հայաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունեն։
Էականն այն է, որ ճորտացված ժողովուրդը երբեք չի պայքարում արտաքին թշնամու դեմ։ Երբե՛ք։ «Ձեւի համար» մի քիչ դիմադրում է, եւ վերջ։ Ժողովուրդն օտար նվաճողի դեմ հանուն սեփական ազատության պայքարում է միայն այն դեպքում, եթե ունի՛ այդ ազատությունը։ Դրա համար էլ հայ իշխանների ահավոր կեղեքումների տակ տառապող հայ գյուղացին օտար նվաճողների դեմ առանձնապես մեծ խանդավառությամբ չէր պայքարում (օտարները նույն հարկերն էին դնելու)։ Դրա համար էլ ուկրաինացիներն աղուհացով էին դիմավորում ֆաշիստներին. կոմունիստների օրոք Սիբիրից ու ռեպրեսիաներից բացի ի՞նչ էին տեսել, որ դիմադրեին գերմանացիներին։ Սադամ Հուսեյնին 99,8%-ով «ընտրած» երկրի գրավումը երկու շաբաթ տեւեց։
Խնդիրը շատ հստակ է։ Հայաստանը գտնվում է շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ ամեն վայրկյան պատերազմը կարող է վերսկսվել։ Եվ որպեսզի ժողովուրդն ամուր կանգնի իր հողի վրա, պիտի պաշտպանելու բան ունենա։ Չենք ասում, թե՝ եթե պաշտպանելու բան չունենա՝ գրկաբաց է դիմավորելու թշնամիներին։ Չի դիմավորելու, բայց առանձնապես չի էլ դիմադրելու։ Պարզապես արտագաղթելու է՝ այնպես, ինչպես վարվել է հարյուրամյակներ շարունակ։
Իսկ մեր իշխանություններն այսօր իրենց հիմնական խնդիրը համարում են «99,8 %» ապահովելը։ Եվ այդ ճանապարհին անում են ամեն ինչ, որպեսզի մարդիկ սեփական երկրում իրենց ճորտի պես զգան։ Չափազանց մեծ գին չէ՞ արդյոք «ներքաղաքական կայունության» համար, մանավանդ, որ այդ «կայունությունն» ավելի շատ արտաքին գործոններից է կախված եւ կես ժամում կարող է հօդս ցնդել։