Խորհրդահայ հասարակությունը կայուն ցինիզմով էր վերաբերվում հասարակական գիտություններին: Ժամանակները փոխվեցին, բայց ցինիզմը մնաց, ու դրանից ամենաշատը տուժում է, կարծես, սոցիոլոգիան: Հասարակագիտության այս ոլորտի բախտն ամենեւին չի բերում: Սկզբում կոմունիստները սոցիոլոգիան կեղծ գիտություն էին համարում եւ անվանում իմպերիալիզմի աղախին: Հետեւաբար՝ արգելել էին: Հետո թույլատրեցին ու փորձեցին օգտվել: Հիմա մեր քաղաքական ուժերն են աջ ու ձախ պախարակում սոցիոլոգիան: Հետեւաբար այս գիտությունը հասարակական կարծիքում շարունակում է մնալ ինչ-որ մեկի աղախինը: Ընդդիմադիրները կարծում են` իշխանությունների աղախինն է: Իսկ ռուսամետներն անհողդողդ շարունակում են սոցիոլոգիան համարել Արեւմուտքի գործիք, որով կարելի է խաթարել մեր հասարակական կյանքը: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը փորձում են օրենքից դուրս հայտարարել սոցիոլոգիա կոչվող գիտությունը: Հատուկ կարելի է նշել, որ այդ գործում նկատելի վաստակ ունեն նաեւ սոցիոլոգները: Գիտության այս ճյուղն իսկապես առաջամարտիկի տեղ չուներ մեր հասարակագիտության համակարգում: Բայց նախկինում տեղից վեր կացողը չէր հայհոյում իմացության այս ոլորտն ու մասնագետներին: Մեր հասարակությունը սոցիոլոգիան ու սոցիոլոգներին հիշում է ընտրությունից ընտրություն: Հասարակական կարծիքը ոչ ընտրական շրջանում ոչ մեկին չի հետաքրքրում: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ բազմաբնույթ հասարակական կազմակերպությունները վստահ են, որ առանց որեւէ հետազոտության էլ գիտեն՝ ժողովուրդն ինչ է ուզում: Միայն ընտրություններից առաջ արեւմտյան ինչ-ինչ կառույցներ, կամ տեղական ֆինանսական միջոցներ ունեցող կազմակերպություններ լայնամասշտաբ հետազոտություններ են պատվիրում: Այս պահից արդեն սոցիոլոգները թիրախ են: Արեւմտյան կառույցի պատվերի դեպքում նրանք արեւմտյան «պիղծ» պատվերների կատարող են: Իսկ երկրում փող ունեն միայն իշխանամետ կամ իշխանության մաս կազմող կազմակերպությունները: Հետեւաբար, նրանց պատվերով հետազոտություն անցկացնող սոցիոլոգներին անվանում են «ծախված»: Անկեղծ ասած, ես ամենեւին էլ մտադիր չեմ պաշտպանել սոցիոլոգներին: Մարդիկ իրենք են ընտրել իրենց մասնագիտությունը: 15 տարի ձգվող այս «անցումային ժամանակաշրջան» կոչվածն ապրող Հայաստանում իրենք են փորձում հասարակական գործընթացներ վերլուծել: Այն դեպքում, երբ երկիրը հասարակական, տնտեսական, ժողովրդագրական լրջագույն ցնցումների փուլում է, ու վերջն էլ չի երեւում: Աննախադեպ այս իրավիճակը հետազոտող հասարակագետի համար, հնարավոր է՝ լավագույն շրջան է: Գիտական պրպտումների իմաստով: Բայց հասարակությունն՝ ի դեմս քաղաքական դեմքերի ու կազմակերպությունների՝ ընտրությունների շեմին միշտ հստակ հարց է տալիս ու ակնկալում հստակ պատասխան: Սոցիոլոգներն այս օրերին ստիպված են պատասխանելու՝ «ովքե՞ր ու ի՞նչ համամասնությամբ են հայտնվելու խորհրդարանում»: Ցանկացած պատասխանի դեպքում Մանուկ Գասպարյանն ու շատ ուրիշներ նրանց վիրավորելու են: 35 թեկնածու ունեցող կուսակցությունն, իհարկե, գիտի, որ ինքն ապագա խորհրդարանում մեծամասնություն չի կազմելու: Բայց եթե այդ փաստն արձանագրում են սոցիոլոգները, ապա նրանք «ծախված» են ու կամակատար: Վերջին տարիներին բոլորս (վստահ եմ, առանց բացառության՝ բոլորս) գիտենք ու խոսում ենք ընտրակեղծիքների մասին: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի մտածում, որ նման պարագայում սոցիոլոգներին մեղադրելն անիմաստ է: Ի՞նչ պատասխան ենք ակնկալում նրանցից: Այն, ինչ լինելո՞ւ է. բայց այդ դեպքում նրանք իրենց կանխատեսումներով ճիշտ են: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերը փորձեին հասկանալ, թե ինչու է ժողովուրդն այսքան «լյումպենացել», որ քաղաքական կենսագրություն չունեցող «Օրինաց երկիրը», ՄԱԿ-ը` 2003-ի, իսկ «Բարգավաճ Հայաստանը», Ժողովրդական կուսակցությունը` 2007-ի ընտրություններում դարձան գործոն: Գուցե դա հենց իրենց` քաղաքական գործիչների աշխատանքի արդյո՞ւնքն է: Այսօրվա թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը նույն ամբոխահաճո խոստումները չարաշահել են: Չարաշահել են անիմաստության հասցնելու աստիճան: Իսկ այս պարագային հասարակական կարծիքից կամ նույն հասարակական կարծիքն ուսումնասիրողներից նեղանալը մանկամտության պես բան է: Սոցիոլոգները չեն կարող ուսումնասիրել մի բան, որ գոյություն չունի: Մեր կուսակցությունները շատ են սիրում միմյանց հետ չափվել իրենց ռեյտինգներով: Սա՝ այն դեպքում, երբ քաղաքագիտության դոկտորներն անգամ չեն կարող նշել մեկ-երկու տարբերություն նրանց ծրագրերում: Իսկ նրանց հաշիվն Արդարադատության նախարարությունը հազիվ է պահում: Ընտրությունները հազվադեպ առիթ են: Ժողովրդին սկսում են մարդատեղ դնել: Կամ` իբրեւ ընտրազանգված, կամ՝ որ հետո փողոց դուրս չգա: Ընտրությունները պատգամավորական գեղգեղանքի առանձնահատուկ շրջան է: Անմեղսունակության կանխավարկածից օգտվում ենք բոլորս: Կարելի է ոգեւորվել ու քացու տակ տալ գիտության մի ոլորտ: Անկեղծ ասած, ես ինքս էլ պատասխան չունեմ այն հարցին, թե կարելի՞ է մեր իռացիոնալ հասարակական կյանքում հավատալ սոցիոլոգիական տվյալներին, թե՞ ոչ: Ըստ այդ հետազոտությունների՝ հասարակական կարծիքում ամենամեծ վարկանիշ ունեն «Բարգավաճ Հայաստանը» եւ Հանրապետական կուսակցությունը: Որոշ փորձագետներ սա նույն հասարակության դիագնոզն են համարում: «Ապագա ընտրությունների մասին սոցիոլոգիական հետազոտություններին հավատա՞լ, թե՞ ոչ». հարցի լավագույն պատասխանը, որ լսել եմ, տվել է հեռուստառեժիսոր Արա Շիրինյանը: «Իհարկե, պետք է հավատալ,- ասում է նա,- որովհետեւ մենք որպես խոհեմ ժողովուրդ՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության ժամանակ մեր կարծիքը չենք հայտնում, այլ նկարագրում ենք այն, ինչ լինելու է ընտրություններից հետո»: Մտածենք այս մասին: