Ինչո՞ւ է գործարարը գնում Ազգային ժողով եւ ի՞նչ է ուզում անել այնտեղ: Երեկ Տնտեսական լրագրողների ակումբում այս հարցերն էին քննարկում ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը եւ Խաչիկ Մանուկյանը:
Այս հարցը միշտ է հանրության լայն շրջանակների քննարկման առարկա եղել։ Իսկ նախընտրական շրջանում, երբ կազմավորվում եւ հանրությանն են ներկայացվում կուսակցությունների համամասնական ցուցակներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները, այս հարցը դառնում է հասարակության ակտիվ խավերի հիմնական հուզող խնդիրներից մեկը: Բոլորին է հայտնի, որ նախընտրական շրջանում կուսակցությունները մեծ թափով սկսում են մարդկանց ու հատկապես հեղինակություն, լծակներ ու տարբեր հնարավորություններ ունեցողների «որսը»: Այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ սովորական մարդկանց է մեծ դժվարությամբ հաջողվում «պլստալ» կուսակցական դառնալու վտանգից, ուր մնաց թե՝ գործարարներին: Շատ հաճախ նաեւ գործարարներն իրենք են փնտրտուքի մեջ հայտնվում, թե ո՞ր կուսակցությանն անդամագրվեն կամ ո՞ր ցուցակ տեղափոխվեն: Չանդամագրվել չեն կարող, որովհետեւ իշխանությունների կողմից որոշակի ճնշում կա, հակառակ դեպքում՝ ունեցած բիզնեսը կորցնելու վտանգ է առաջանում: Որպես վառ օրինակ՝ մեկ անգամ եւս հիշենք «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս եկած գործարար պատգամավորներին, որոնց մի մասն անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը, մի քանիսն էլ համալրեցին Տիգրան Կարապետովիչի համամասնական ցուցակը: Եվ ոչ միայն գործարարները, այս կուսակցությունից դուրս եկան նաեւ նախարարներ ու մարզպետներ, որպեսզի չկորցնեն իրենց պաշտոնները: Ինչո՞ւ է գործարարն ուզում դառնալ կուսակցական կամ պատգամավոր:
ԱԺ պատգամավոր եւ «Մաքս գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանն այսպես է հարցին պատասխանում. «Գործարարն ԱԺ գնալով՝ միայն իր մասին չի մտածում, մտածում է ամբողջ դաշտի մասին: Անցած 4 տարիների ընթացքում ԱԺ-ում քննարկվել է 700-800 օրինագիծ, որի 80 տոկոսը վերաբերել է տնտեսությանը: Ո՞վ պետք է մասնակցի այդ օրենքների քննարկմանը: Կան գործարարներ, ովքեր տեսնելով դաշտում եղած թերությունները՝ փորձում են օրինաստեղծ իրենց աշխատանքով շտկել դրանք: Եթե նա մտածում է իր մասին, ուրեմն այդպիսով մտածում է նաեւ մյուսների մասին»:
Խ. Մանուկյանը Հանրապետական կուսակցության անդամ է եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից, որտեղ նույն կարգով առաջադրվել է նաեւ այս անգամ: Խ. Մանուկյանի ղեկավարած «Մաքս գրուպ» ընկերությունը լայն գործունեություն է իրականացնում գյուղատնտեսության՝ ձվի արտադրության, այգեգործության եւ այլ ոլորտներում: Թերեւս այս ոլորտներում եղած իրավական թերությունները նկատի ուներ նա, որ ուզում էր շտկել՝ գալով Ազգային ժողով: Իսկ Խաչատուր Սուքիասյանն այն եզակի պատգամավորներից է, ում իսկապես մինչեւ հիմա հաջողվել է քաղաքական դաշտում դիմանալ ինքնուրույն եւ առանց որեւէ կուսակցության հովանու: Բայց քանի որ նրա ընտանիքի անվան հետ էլ բիզնեսի որոշակի ոլորտներ կան կապված, ուրեմն նա էլ ունի պատգամավոր դառնալու ցանկության իր բացատրությունը:
«Հարցնում եք՝ ինչո՞ւ: Իսկ ինչո՞ւ ոչ,- իր հերթին հարցնում է Խ. Սուքիասյանը: -Իսկ ո՞ւմ եք ուզում դուք տեսնել ԱԺ-ում, ինչպիսի՞ մարդկանց, ավելի բոյո՞վ: Ինչո՞ւ ենք այս հարցի վրա շատ ծանրանում: Ես էլ ասում եմ՝ եկեք այն մարդկանց վրա կենտրոնանանք, ովքեր պատահական են հայտնվել Ազգային ժողովում: Խոսեք նրանց մասին, ովքեր իրենք էլ չգիտեն՝ ինչո՞ւ են եկել ԱԺ եւ ընկել են շփոթության մեջ: Նրանք նույնիսկ չգիտեն, թե այդ շենքն ինչի՞ համար է կառուցված: Մինչդեռ ԱԺ-ին գրագետ, հետեւողական գործիչներ են անհրաժեշտ, ովքեր նախարարների ու փոխնախարարների հետ կկարողանան հակակշիռն ապահովել: Նախարարը գալիս է եւ իր գործադիր մարմնին հարիր, իրեն շատ դուրեկան օրենք է բերում: ԱԺ-ին էլ պետք է նույն գրագիտությունը, նույն ուժն ունեցող մարդ ունենալ, որ կարողանա նրա հետ որոշակի հակակշիռ ապահովել: Համաձա՞յն եք, թե՞ ոչ: Այո, ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր այդ հակակշիռը կարողանում են ապահովել, դեռ ավելին: Թեպետ նրանք 10-20 տոկոսն են կազմում»:
Բանախոսները համամիտ չէին այն տեսակետի հետ, թե բիզնեսով զբաղվողները քաղաքականությամբ չպետք է զբաղվեն: Նրանք թվարկեցին մի քանի խիստ կարեւոր պատճառներ, որոնց համար գործարարներն ուզում են դառնալ նաեւ պատգամավոր: Նրանցից մեկն անձեռնմխելիության խնդիր է լուծում, մյուսն իր շահերը պաշտպանելու խնդիր է դնում, երրորդն ուղղակի ուզում է քաղաքականությամբ զբաղվել կամ էլ տնտեսությունից քաղաքականություն տեղափոխվել: «Ինչո՞ւ եք քաղաքականությունն անջատում տնտեսությունից,- հարցնում է Խ. Սուքիասյանը: -Քանի՞ հազար կմ հեռավորություն կա դրանց միջեւ: Դրանք նույնն են: Մեկը մեկի հետ փոխկապակցված գործունեություն է: Կամ ինչո՞ւ եք հիշում միայն պատգամավորներին: Գործադիր իշխանության մեջ քի՞չ են այն պաշտոնյաները, ովքեր բիզնես ունեն: Նրանց դեպքում մեր պետությունն ավելի շատ վնաս է կրում, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտների վրա նրանց ազդեցության լծակներն ավելի շատ են»:
Իսկ ԱԺ-ում պատահական հայտնված պատգամավորները, ովքեր շփոթության մեջ են եւ ովքեր չեն համապատասխանում այն չափանիշներին, ինչը կուզենային տեսնել թեկուզ լրագրողները, պարոն Սուքիասյանի կարծիքով՝ հայտնվել են շատ ծանր վիճակում եւ ինչ-որ մի բանով առանձնացած ու մերժված են:
«Նույնը կարող ենք ասել նաեւ այն պատգամավորների մասին, ովքեր, պարզ չէ, թե ինչ մասնագիտություն ունեն եւ որտեղից են եկել,- ասում է Խ. Սուքիասյանը: -Կան նաեւ մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են երկար ժամանակ, կան, որոնք 10 կուսակցություն անցած եւ ԱԺ-ում հայտնված մարդիկ են: Ես կարծում եմ՝ տնտեսական քաղաքականության առումով ԱԺ-ում այնպիսի մարդիկ պետք է լինեն, ովքեր տնտեսությունը շատ լավ են պատկերացնում: Նրանք պետք է լինեն գրագետ, հասարակության կողմից ընդունված մարդիկ, պետք է իրենց գործունեությամբ ցույց տված լինեն, որ այս կամ այն աշխատանքն են կատարել, եւ արժանի լինեն ԱԺ-ում հայտնվելու: Ես կարծում եմ՝ ԱԺ պետք է գնան այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով ապահովված եւ ինչ-որ չափով ինքնուրույն են»: