Եզդիական մշակույթը զարգանում է միայն Հայաստանում

23/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 Ժամ» թերթի էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնենք Հայաստանի ազգային փոքրամասնություններին եւ նրանց մտահոգող խնդիրները:

Հայաստանն աչքի չի ընկնում էթնիկ բազմազանությամբ։ 2001թ. մարդահամարի տվյալներով՝ հանրապետությունում ազգային փոքրամասնությունները 6,7%-ից իջել են 2,2%-ի. նրանց ընդհանուր թիվը կազմում է 67.657 մարդ, որոնց մեջ մեծամասնություն են կազմում եզդիները` 40.620 մարդ կամ ոչ հայազգի քաղաքացիների մոտ 73 -ը: Ի դեպ, էթնիկ ինքնության եւ էթնիկ պատկանելության հարցերի շուրջ Հայաստանում ապրող եզդիական եւ քրդական համայնքներում միմյանց նկատմամբ կա մեծ անհանդուրժողականություն: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության, խնդիրը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից. բանն այն է, որ 1939թ. սկսած, ԽՍՀՄ պաշտոնական քաղաքականության համաձայն, ԽՍՀՄ տարածքում «եզդիներ» անունով էթնիկ խումբ չի ճանաչվել եւ պաշտոնական մարդահամարի ընթացքում նրանց ինքնությունը չի վավերացվել, չնայած Հայաստանում ապրող եզդիներն իրենց անձնագրերում «ազգային պատկանելության» տողի դիմաց միշտ նշել են «եզդի»: Անկախացումից հետո ժողովրդագրական գլխավոր փոփոխությունների մեջ իբրեւ գլխավոր փոփոխություն՝ նշվում է ադրբեջանցիների հեռանալն ու եզդիների` որպես ինքնուրույն էթնիկ խմբի ձեւակերպումը, ինչն առաջացրել է տեղի քրդական համայնքի դժգոհությունը: Նույնիսկ տարիներ առաջ քրդական հասարակական կազմակերպությունները (ՀԿ) դիմել են կառավարություն` առաջարկելով վարչական որոշումով արգելել «եզդի» բառի էթնիկ իմաստով գործածումը՝ պատճառաբանելով, որ այդ բառն ունի կրոնական բնութագիր: Երկու համայնքների միջեւ ծագած վեճն անգամ հնարավոր չի եղել տեղափոխել երկկողմանի բանակցությունների սեղանի շուրջ. այդ հարցը մինչ օրս մնում է չլուծված, իսկ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է` կառավարությունը չի միջամտելու մարդու ինքնության ընտրության իրավունքին, համայնքներն իրենք պետք է համատեղ որոշման հանգեն:

Տիգրան Կարապետիչը նեղացել է եզդիներից

Արդեն հայտնի է, որ մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում եզդիների մեծամասնությունը, ըստ «Աշխարհի եւ ՀՀ եզդիների ազգային միաբանության» նախագահ Ազիզ Թամոյանի վերջերս արված կոչի, պաշտպանելու է «Դաշինք» քաղաքական ուժին եւ նրա առաջնորդ Սամվել Բաբայանին: Պատահական չէ, որ փետրվարի 18-ին կայացած նիստում միությունը Ս. Բաբայանին շնորհել է «Աշխարհի եւ ՀՀ եզդիների ազգային միության» պատվավոր անդամի կոչում: «Ես չեմ ուզում, որ մնացածը մեզանից նեղանան, օրինակ, Տիգրան Կարապետյանը նեղացել է մեզանից, որ մենք կոչ ենք արել ձայն տալ «Դաշինքին,- նկատում է Ա. Թամոյանը եւ հավելում,- Մենք ազգային փոքրամասնություն ենք, պետք չէ մատնացույց անել. դա թշնամություն է առաջացնում»: Գաղտնիք չէ, որ Ժողովրդական կուսակցության եւ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հետեւողականորեն ուշադրության կենտրոնում էր պահում Հայաստանում գրանցված ամենամեծ էթնիկ խմբին, սակայն ի զարմանս շատերի, եզդիական համայնքը «դավաճանեց» Տ. Կարապետիչին: Իրենց քաղաքական կողմնորոշումը Ա. Թամոյանը մեկնաբանում է Ս. Բաբայանի հերոսական անցյալով եւ այն փաստով, որ իրենք էլ կռվել են Արցախյան պատերազմում` տալով 30-ից ավելի զոհեր: Իհարկե, Ա. Թամոյանը չի բացառում, որ եզդիների 15-20 %-ը ԺԿ-ին չի «նեղացնի»: «Եզդի ժողովուրդն իր աշխարհայացքի ձեւավորմամբ հայերի նման է, մի ճանապարհով չեն գնալու, բայց մեծամասնությունը կընտրի «Դաշինքին»,- համոզված է միության նախագահը: «Դաշինքի» համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում ներկայացված է նաեւ ազգությամբ եզդի թեկնածու: «Ես շատ եմ ուզում, որ մեր թեկնածուն անցնի, բայց մյուս կուսակցությունները մեզ խանգարում են, շատ տեղերում սպառնում են, գյուղապետերը ճնշում են գործադրում»,- դժգոհում է Ա. Թամոյանը: Նա եզդի համայնքի թիվ մեկ պրոբլեմը համարում է Ազգային ժողովում, Գրողների միությունում եւ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացուցիչներ չունենալն ու պետականության բացակայությունը: «Հայաստանում կան 11 ազգեր, բայց բոլորը պետականություն ունեն, բացի եզդիներից եւ ասորիներից, որոնք ընդամենը 3400-ն են, բայց եզդիները շատ-շատ են։ Ճիշտ է, մարդահամարով նշված է 42 հազար, բայց իրականում 60-70 հազար ենք»,- պնդում է Ա. Թամոյանը, որի ասելով, եզդի ազգաբնակչությունից վարչական մարմիններում ընդգրկված են սահմանափակ թվով անձինք, նույնիսկ այս տարի աշխատանքից ազատվել են մի քանի եզդիներ: «Տեսնենք ընտրություններն ի՞նչ են փոխելու, մենք միջազգային կազմակերպությունների առաջ կադրերի հարցը բարձրացնելու ենք»,- նշում է Ա. Թամոյանը, որը, սակայն, համոզված է, որ եզդիների մշակույթը, պատմությունը միայն Հայաստանում է զարգանում, իսկ այլ երկրներում ոչինչ չի արվում: «Այստեղ մենք ունեցանք գիր-գրականություն, եզդիերենով հրատարակված դասագրքեր` առանձին գյուղերում շաբաթական մի քանի ժամ դասավանդվում է եզդիերեն,- ասում է նա, հետո նորից վերադառնում է Արցախյան պատերազմի տարիներին,- եթե ռազմի դաշտում միասին կռվել ու զոհվել ենք, պետք է մեզ հավասար աչքով նայեն: Մեր հարցերը դրանով չեն վերջանում, մեր երեխաները պետք է համալսարաններ ընդունվեն»,- նկատում է Ա. Թամոյանը: Նրա դիտարկմանը, թե եզդիները չեն կարողանում բուհերում սովորել, մենք առարկեցինք` նշելով, որ իր համերկրացիներից շատերն ուսման նկատմամբ սեր չունեն եւ ամուսնանում են վաղ տարիքում: Այս իրողության հետ Ա. Թամոյանը համաձայն էր: «Եզդիներից շատերը չգիտեն իրենց պատմությունը, որովհետեւ մի որոշակի զանգված գրել-կարդալ չգիտի: Պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտներ ունենք. հաճախում են մինչեւ 3-4-րդ դասարան, հետո տղաները սկսում են անասնապահությամբ զբաղվել, աղջիկներն էլ 14-15 տարեկանից ամուսնանում են»,- խոստովանում է Ա. Թամոյանը եւ բողոքում, որ ներկա դրությամբ՝ ինքը պարի խումբ է ուզում ստեղծել, սակայն աղջիկների սակավության պատճառով չի հաջողվում խումբը համալրել:

Հայաստանում եզդիական լալիշներ չկան

Ա. Թամոյանի հավաստմամբ, եզդի ժողովուրդն ունի հարուստ բանահյուսություն, ազգային տոներ, որոնք հիմնականում առնչվում են իրենց սրբերին: Տոն օրերին նրանք այցելում են իրենց սրբերին, որոնք ներսում պահվող հին հանդերձանքներ են. մարդիկ խոնարհվում են դրանց առաջ, հետո մեկը մյուսին շնորհավորում են, նվերներով այցելում են միմյանց, վիճաբանած եզդիներն էլ այդ օրերին հաշտվում են, այնուհետեւ ուտում-խմում-ուրախանում են: Ա. Թամոյանը դժգոհում էր նաեւ, որ իրենց ազգային տոների առթիվ հեռուստաընկերությունները հաղորդումներ չեն պատրաստում, թերթերը չեն անդրադառնում դրանց: «Եթե մենք հավասար ենք կռվում, հավասար ենք ապրում, ուրեմն հավասար իրավունքներից պետք է օգտվենք»,- եզդի զոհերին նորից հիշատակում է Ա. Թամոյանը եւ ավելացնում, որ, օրինակ, Հայաստանում եզդիական լալիշներ(սրբատեղի) չկան («Շամիրամ գյուղում մի լալիշ կա, բայց դա զրադաշտական է, եզդիական չէ»):