Անկողնային հիվանդ տարեց այս կինը մահամերձ վիճակում է: 7 ամիս առաջ աշխատանքի վայրում կաթված է ստացել: Մարմնի ձախակողմյան հատվածն ամբողջովին թուլացել է: Աղջկա՝ Նվարդի հետ ապրում են Շենգավիթ համայնքում գտնվող նախկին Առեւտրի տեխնիկումի փոքրիկ սենյակում:
Ներս մտնելուն պես լսում եմ նրա կցկտուր լացը՝ «Օգնե՛ք ինձ, խնդրում եմ, օգնե՛ք, աղաչում եմ: Ես կարող եմ մեռնել բժշկի նշանակած դեղերը չստանալու համար: Հասկանո՞ւմ եք, ես չեմ ուզում մեռնել»,- հեկեկում է ու անգամ ձեռքը չի կարողանում բարձրացնել արցունքները մաքրելու համար: Տիկին Սեդան 58 տարեկան է, ով անկողնուն գամվելուց առաջ աղջկա հետ մի «բիստրոյում» աշխատել է որպես խոհարար: Նա ատում է այս երկրի ու իր կյանքի դրվածքը, որովհետեւ 15 տարի առանց իրեն խնայելու աշխատել է, որպեսզի վթարային շենքի իրենց քարուքանդ եղած սենյակը մի քիչ կարգի բերի… «Մայր ու աղջիկ աշխատելով՝ մեռանք, քրքրվեցինք: Ուզում էինք մի քիչ մարդկային պայմաններ ստեղծենք, մի քիչ մաքուր ապրենք: Հազիվ կարգի էինք բերել, որ պիտի վայելենք, ու սենց դժբախտություն եղավ, չհասցրեցի վայելել»,- ցավից գրեթե բղավում է տիկին Սեդան, ում խիստ տոնով սաստում է աղջիկն՝ ասելով՝ «Ամոթ ա, վերջացրու, հանգստացի»: Տիկին Սեդայի անցյալը ցավոտ է ու այս պահի համար ոչ այնքան կարեւոր: Ապագան անորոշ է ու անկանխատեսելի, սակայն ամենացավոտն ու սարսափելին նրա ներկան է:
Տիկին Սեդայի ներկան արտացոլում է մեր հասարակության անտարբերությունը։ Յուրաքանչյուր հայ մարդ կարող է իր անձի մասին հետեւություն անել այս հիվանդ կնոջ ներկայով: Անկողնուն գամված այս կինն օգնություն է խնդրում ցանկացած մեկից, որովհետեւ ուզում է ապրել. իսկ նա ապրում է Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ գլոբուսի վրա պատկերված այն երկրում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունն ու պատեհ-անպատեհ առիթներով մշտապես շահարկում է այդ փաստը: Քրիստոնեական պատգամներով առաջնորդվող Հայաստան պետության մեջ քրիստոնյաները համախմբվում ու կուսակցություններ, կազմակերպություններ են ստեղծում: Նախընտրական ու հետընտրական փուլերում ամբիոններից հայտարարություններ ու բարոյախրատական հորդորներ անելիս պարտադիր հիշեցնում են, որ իրենք քրիստոնյաներ են, ասել է թե՝ բարի մարդիկ են: Եվ այդ քրիստոնեական սկզբունքների ջատագով բոլոր կուսակցության ներկայացուցիչները հերթով թակում են տիկին Սեդայի դուռն ու սառնասրտորեն հեռանում: Որովհետեւ այդ կուսակցությունների կոպիտ հաշվարկով՝ մինչեւ ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 12-ը, հիվանդ այս կինը հնարավոր է եւ՝ չապրի, հետեւաբար՝ չի կարող ընտրությունների օրն իրենց ընտրողը դառնալ: «Մտնում են, ասում են, եթե մեզ ընտրեք՝ խոստանում ենք, էս կանենք, էն կանենք… Բոլոր կուսակցություններից էս մի քանի ամսվա մեջ եկել են: Դուռը բացում, ինձ էս վիճակում տեսնում են: Ասում եմ՝ ախր մինչեւ ընտրությունները կարող ա մահանամ, վիճակս շատ վատ ա: Ասում եմ՝ ինձ օգնե՛ք, մի քիչ ինձ լավ զգամ, ձեզ ձայն կտամ, ձեզ կընտրեմ… Ասում են՝ կօգնենք, բայց էլ չեն երեւում: Բոլոր կուսակցություններից եկել են` Դաշնակցությունից, «Դաշինքից», Հանրապետականից, «Բարգավաճ Հայաստանից»: Մեկ ամիս առաջ էլի «Բարգավաճ Հայաստանից» եկան, գրանցեցին մեր տվյալները, նույնիսկ, երբ տեսան, որ վիճակս ծանր ա, նկարեցին ու խոստացան, որ կգան կօգնեն, բայց առայժմ՝ ոչ մի ձայն… Լավ, ես ի՞նչ անեմ, որտեղի՞ց ինձ նման ինսուլտ տարած մարդկանց հավաքեմ, ասեմ՝ ինսուլտով հիվանդների խումբ ենք, հիմա գոնե օգնեք»,- պատմում է հիվանդ կինը, ում խոսքերը լսելիս՝ առնվազն «գետինն ես մտնում», որ 2003 թվականին Քրիստոնեության 1700-ամյակ ես նշել ու բյուջեի փողերով արված հրապարակի բեմահարթակի վրայի «մայմունության» ականատեսն ես եղել: Մինչդեռ 1700-ամյակը տոնակատարությամբ նշող երկրում 1-ին կարգի հաշմանդամ մարդը մահանում է, որովհետեւ 5000 դրամ թոշակ է ստանում, իսկ բժշկի նշանակած դեղորայքի 35.000 դրամ կազմող գումարը չի հայթայթում: «Աղջիկս դեղատոմսով գնացել էր դեղատուն: Բժշկի գրած դեղերը իրար գումարել էին ու ասել էին` 35.000 դրամ ա կազմում: Թուղթը ձեռքին հետ էր եկել: Նշանակումից հետո մեկ ու կես ամիս ա անցել, ու չգիտեմ` վաղը կապրե՞մ, թե՞…»,- ասում է տիկին Սեդան, ով նույնքան «քրիստոնյային» վայել վերաբերմունքի արժանացել է ոչ միայն կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, այլեւ բուժաշխատողներից: Նվարդն ասում է` «Բժիշկն ասեց, որ 1-ին կարգի հաշմանդամներին դեղորայքն անվճար ա տրամադրվում: Գնում եմ պոլիկլինիկա, մորս վիճակը նկարագրում եմ, դեղորայքի ցանկը տալիս եմ, ասում է` չունենք: Ասում եմ` ախր պետությունը նման հիվանդների համար վճարում է, որ հիվանդ մարդն անվճար ստանա: Ասում է` չունենք եւ վերջ: Ինչ-որ ուրիշ դեղեր է առաջարկում, բայց ի՞նչ իմանամ կրկնակի ինսուլտ տարած մարդուն կարելի՞ է: Ա՛յ, սենց արհամարհանքով, գլխառադ անելով ուղարկում են: Իսկ եթե կանչ ենք գրում, ապա ամեն րոպե պետք է զանգենք, խնդրենք, աղաչենք՝ նոր բարեհաճեն»: Նման վերաբերմունքի Նվարդն արժանացել է 6-րդ պոլիկլինիկայի թերապեւտ Լուսինե Մարտիրոսյանից, ում սենյակ մտնելու համար պետք է ժամեր շարունակ սպասել, որից հետո բժիշկը նոր կբարեհաճի ընդունել: Նվարդն ասում է, որ մորը խնամելու պատճառով աշխատանքից դուրս է եկել: Ապրում են տիկին Սեդայի 5000 դրամ թոշակով եւ «Փարոսի» 7000 դրամով. «Եթե այսպես ծանր վիճակում չլիներ` կաշխատեի, դեղորայքի խնդիր չէր լինի, բայց ինսուլտով հիվանդին պետք է խնամել, տակը փոխել: Չգիտեմ… անելանելի, շփոթված վիճակում ենք»,- ասում է նա: Աշխատանքի վայրում կաթված ստացած տիկին Սեդան չի մոռանում նշել Մարգարյանի անվան հիվանդանոցի իրեն բուժող բժիշկ Վերգինե Խաչատրյանին. «Միակ մարդն է, որ հոգատարությամբ ու անշահախնդիր ձեւով է ինձ վերաբերվել: Երբ գիտակցությունս կորցրել եմ` նա է ինձ ընդունել ու երկար ժամանակ հիվանդանոցում բուժել է: Տուն տեղափոխվելուց հետո իր ոտքով եկել է, ինձ նայել է,- վստահեցնում է տիկին Սեդան եւ միանշանակ հայտարարում, որ Հայաստանի քաղաքացու համար հիվանդանալը մեռնելուն հավասարազոր է: -Նայե՛ք ինձ, լսե՛ք իմ տուն եկած կուսակցականների ասածներն ու մտածեք, թե ի՞նչ կփոխեն մեր երկրում էն մարդիկ, ովքեր նույնիսկ մահամերձ, անկողնային հիվանդին ձեռք չեն մեկնում»,- վիրավորանքը խեղդած՝ ասում է տիկին Սեդան:
Ինչեւէ, սա Հայաստանն է, այստեղ բոլորը քրիստոնյաներ են, ովքեր սիրում են կրոնական տոնախմբություններից շոուներ սարքել ու սոված, հիվանդ մարդկանց ձեռք չմեկնել: Ովքեր սիրում են նախընտրական շրջանում հեքիաթներ հորինել ու հեքիաթներն իրականություն դարձնելուց հետո հերոսներին թաշկինակի պես դեն գցել: