Ադրբեջանի կառավարությունն անհանգստացած է, որ Կոսովոյին անկախության աստիճան շնորհելու որեւէ որոշում կարող է նախադեպ դառնալ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Բաքվի դիրքորոշումը պաշտպանելու նպատակով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բրյուսելում խնդրել է Եվրամիության աջակցությունը: «Կոսովոյի խնդիրը տարբերվում է Ադրբեջանի խնդրից, Ադրբեջան-Հայաստան հակամարտությունից: Այս հակամարտությունում մենք ունենք Հայաստանի կողմից տարածքային պահանջ Ադրբեջանից, մենք ունենք չավարտված պատերազմ»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է Ազիմովը: Նրա խոսքերով՝ տարածքային հարցի լուծումը պետք է արտահայտի բոլոր կողմերի հայացքները, հակառակ դեպքում՝ կանտեսվեն միջազգային նորմերը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը պաշտպանել է իր երկրի նախագահի վճռականությունը՝ չհրաժարվել LՂ-ից: Նա ասել է, թե մինչեւ խնդրի կարգավորումը Հայաստանը պետք է վերադարձնի «գրավյալ» տարածքները, ապահովի ադրբեջանցի փախստականների վերադարձը. այդ քայլերը կարող են օգնել բանակցային առաջընթացին: «Հայաստանը գուցեեւ հաղթել է ճակատամարտում, բայց պատերազմը չի ավարտվել»,- հիշեցրել է Ա. Ազիմովը: Ըստ նրա, ԼՂ հարցը քննարկելու համար Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը նախատեսում են հանդիպել մայիսի 12-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո ընկած մոտ ժամանակներում: