Երեկ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սարգիս Սողոմոնյանին դատապարտեց 8 տարի ազատազրկման: Ս. Սողոմոնյանը մեղադրվում էր Երեւանի բնակիչ Լ. Մուրադյանին բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու համար:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սարգիսը փախցրել էր Լ. Մուրադյանին: Սակայն Սարգիսի մայրը՝ տիկին Մարգարիտան, եւ համագյուղացիները պատմում են, որ ոչ թե փախցրել է, այլ աղջիկն իր կամքով է եկել, նույնիսկ հետը բերել է շորերն ու իրերը: Լ.-ն Սարգիսին խնդրել է իրեն փախցնել, որովհետեւ ծնողները թույլ չեն տա իրենց ամուսնանալ: Տիկին Մարգարիտայի պատմելով՝ հարսնացուի մայրը՝ Մարինե Մովսիսյանը, հաջորդ օրը աղջկան ոչ միայն ետ է տարել, այլ կազմակերպել է, որ Երեւանից ոստիկաններ գնան ու ձերբակալեն Սարգսին: Ավելացնենք, որ նախաքննության մեկ տարվա ընթացքում Սարգիսը եղել է Սովետաշենի բանտում: Տիկին Մարգարիտայի պնդմամբ՝ Մարինե Մովսիսյանը կարողացել է նախաքննությունը կազմակերպել իր ուզած ընթացքով Նոր Նորքի առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանի օգնությամբ: Հիշեցնենք նաեւ, որ դատախազությունը Սարգիսի համար պահանջում էր 12 տարվա ազատազրկում: Դատարանը ապացուցված չի համարել զենքի գործադրման մեղադրանքը եւ ազատազրկման չափը պահանջածից 4 տարով պակաս է սահմանել: Մեր նախորդ հրապարակման ժամանակ Սարգիսի փաստաբան Սմբատ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ դատախազությունը լիովին չի կարողացել ապացուցել նաեւ խմբակային առեւանգման փաստը: «Նախաքննությունը չի պարզել, թե ովքեր են մասնակիցները,- ասում էր Մ. Մեսրոպյանը: -Եթե խումբ է եղել, ուրեմն պետք է մասնակիցներին էլ գտնեն, կամ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարեն: Բայց նման բան չկա: Թող հիմնավոր ապացույցներ բերեն, որ խումբ է գործել»:
Այս անգամ Լ. Մուրադյանի շահերի պաշտպան Մամիկոն Մանուկյանը նույնպես հաստատեց, որ դատախազությունը չի բացահայտել, թե ովքեր են եղել մասնակիցները, սակայն դրանով հանդերձ՝ ավելացրեց, որ մեղադրանքը չի հանվել: Բայց եթե իսկապես խումբ է գործել, ուրեմն պետք է մասնակիցներին էլ գտնել: Եթե մասնակիցներին չեն գտել, ուրեմն խմբի առկայությունն ապացուցված չէ: Մինչդեռ Մ. Մամիկոնյանը պնդում է, որ թեպետ մասնակիցներին չեն գտել, բայց մեղադրանքը մնացել է ուժի մեջ եւ ազդել է դատավճռի վրա: «Դուք եթե իրավաբան լինեիք, կհասկանայիք, թե դա ինչպես է լինում»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Մ. Մանուկյանը:
Անկախ իրավաբան լինելուց՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ չապացուցված մեղադրանքը չի կարող հիմնավորված մեղադրանքի ուժ ունենալ, հետեւաբար՝ նաեւ ազդել դատավճռի վրա: Իսկ այս տրամաբանությամբ մեղադրանքի ուժ կարող է ստանալ նաեւ ցանկացած հերյուրանք: Այս դեպքում արդեն Սարգիսի փաստաբանն է պնդում, որ խմբակային առեւանգման մեղադրանքն անհիմն է: Դատախազությունը մասնակիցներին չի հայտնաբերել, որովհետեւ ոչ թե խմբակային առեւանգում է եղել, այլ Լ. Մուրադյանն իր կամքով եւ իր սեփական ոտքերով է փախել: Բոլոր դեպքերում դատարանի կայացրած վճռից երկու կողմերն էլ դժգոհ են: «Մենք բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, որ ազատազրկման ժամկետն ավելացնեն,- ասում է Մ. Մանուկյանը: -Անչափահաս երեխայի են առեւանգել ու բռնաբարել, իսկ դուք Սարգիսին արդարացնում եք»: Նշենք, որ Լ. Մուրադյանը 1 տարի առաջ եղել է 17,5 տարեկան: «Մենք առաջիկա 15 օրերի ընթացքում բողոքելու ենք դատարանի վճիռը եւ այս անգամ բողոքի ակցիան կազմակերպելու ենք Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ»,- ասաց Սարգիսի մայրը՝ տիկին Մարգարիտան: