Գերմանական LUFTHANSA ավիաընկերությունը քննարկում է Մյունխեն-Երեւան չվերթ բացելու հարցը:
Այս մասին հայտնել է Հայաստանի տուրօպերատորների միության գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը: Նրա խոսքերով՝ այս հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով վերջերս Հայաստան է այցելել ավիաընկերության պատվիրակությունը, սակայն ծրագիրը դեռ գտնվում է քննարկման փուլում: «Մենք ողջունում ենք հայկական շուկայում եւս մի ավիափոխադրողի հայտնվելու հեռանկարը։ Ինչքան շատ ավիաընկերություններ Հայաստանը կապեն Եվրոպայի հետ, այնքան ակտիվորեն կզարգանա զբոսաշրջությունը»,- ասաց Ա.Վարդանյանը:
Գերմանական LUFTHANSA ավիաընկերությունը 2005թ. կնշի իր գոյության 50-ամյակը: 2004-ին ավիաընկերությունը փոխադրել է ավելի քան 50,9 մլն ուղեւոր: Հայկական շուկայում այսօր գործում են այնպիսի ավիաընկերություններ, ինչպես` Austrian Airlines, British Airways, «Չեխական ավիաուղիներ», Աերոֆլոտ, Արմավիա: