«Հույս ունենք՝ թույլ չեք տա, մեզ ճզմեն»

23/03/2007

Պարոն նախագահ, Ձեզ են դիմում ՀՀ քաղաքացիներ, որոնց մեջ, նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներ, որոնք շուրջ 5 տարի պայքարում են իրենց իրավունքների համար։ Իրավունք, որը ոտնահարվում է քաղաքապետարանի կողմից, որտեղ չեն զլանում ակնարկելու, որ «Ռենկո» իտալական ընկերությունը Մեծ հովանավոր ունի Հայաստանում։

ՀՀ նախարարների խորհրդի եւ Երեւանի Շահումյանի շրջգործկոմի որոշումների հիման վրա Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից մեզ են հատկացվել հողատարածքներ, որոնք մեր կողմից մշակվել են եւ դարձել օրվա ապրուստի միջոց։ Միայն մեր կողմից տնկված եւ մշակված ծառերի թիվը հասնում է մոտ հազարի, որի արժեքը, ըստ փորձագետի տված եզրակացության, կազմում է 66.000.000 դրամ։

Սկսած 2003թ.-ից Երեւանի քաղաքապետարանը, առանց հաշվի առնելու, որ տարածքը փաստացի օգտագործվում է մեր կողմից, այն վաճառում է «Ռենկո» ընկերությանը, հաշվի չառնելով մեր՝ օգտագործողներիս, նախապատվության իրավունքը։

Հարգելի պարոն նախագահ, մենք այդ հողը կորցնելուց բացի ուրիշ ոչ մի բան չունենք։ Մենք մեզ համարում ենք այս երկրի քաղաքացի եւ մեր իրավունքների պաշտպանության համար ակնկալում ենք Ձեր աջակցությունը։

Քաղաքապետարանը մեզ նայում է՝ որպես երկրորդ կարգի մարդու, արհամարհանքով։ Ո՞րն է մեր մեղքը, որ արտասահմանցի՞ չենք, թե՞ մեր արդար քրտինքով ենք վաստակում մեր հացը այդ հողից եւ հաստատ ոչ մեկի չենք զիջելու։ Անգամ առաջարկել ենք, որպեսզի այն գնով, ինչ գնով վաճառել են «Ռենկոյին», մեզ վաճառեն մեր հողը, ստացել ենք մերժում։ Փորձել ենք փոխհատուցման հարց բարձրացնել, նորից՝ անօգուտ։

Պարոն նախագահ, այս չինովնիկական եւ անտարբերության շրջապտույտի մեջ ակնկալում ենք, որ կգտնվի խնդրի օպտիմալ հանգուցալուծումը։

1. Եթե հողը մեր ձեռքից վերցնում են, թող բարի լինեն փոխհատուցում վճարել, ոչ թե խլեն մեզանից եւ սարքեն մուրացող բոմժեր։

2. Մենք պատրաստ ենք, մեր երեխաների բերնից կկտրենք, կվճարենք այն գումարը, որ գումարը որ վճարել է այդ ընկերությունը, միայն օրը ցերեկով արտասահմանցին արհամարհական չշպրտի, որ ինքը պրոբլեմ չունի։ Մենք անզոր ենք եւ Ձեր աջակցության կարիքն ենք զգում, բայց վճռական ենք՝ պայքարելու մեր իրավունքների համար ամեն գնով։

Մեզանից շատերին այդ հողակտորը հատկացնելիս այն ժամանակվա գործադիր կոմիտեի նախագահը հայտարարեց, որ դրանք հատկացվելիս հաշվի է առնվել պետության կողմից նաեւ այն հանգամանքը, որ մեր զավակները չնայած զոհվել են, բայց երբեք չեն մոռացվելու, որի ապացույցը պետության նմանօրինակ վերաբերմունքն է։ Միգուցե արդեն մոռացվե՞լ են նրանք, թե՞ փողի հոտն է բթացրել որոշ պաշտոնյաների հիշողությունն ու տեսողությունը։

Դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ Ձեր անմիջական հսկողության տակ կառնեք այս գործը եւ թույլ չեք տա՝ մեզ ճզմեն։

Բորիս Հարությունյան
(ք. Երեւան, Արարատյան 1-ին զանգվ., 15 շենք, բն. 24)

Արթուր Ղազարյան
(ք. Երեւան, Արշակունյաց 48/1)

Հրաչ Սարգսյան
(ք. Երեւան, Գ. Նժդեհի փող. 3 շենք, բն. 48)

Գագիկ Եղիազարյան
(ք. Երեւան, Արշակունյաց 48/1 շենք, բն. 25)

Սամվել Ավագյան
(ք. Երեւան, Շահումյան 4-րդ փող., 1-ին նրբ., տուն 33)

Արաքսյա Առաքելյան