Փշալարերի փոխարեն՝ գազատար

21/03/2007

«Գազամուղի բացումը պատմական իրադարձություն է եւ, անկասկած, նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում»,- երեկ Իրան-Հայաստան գազատարի պաշտոնական բացման արարողությանը հետեւած ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նաեւ հայտարարել է, թե Հայաստանն անկախություն ձեռք բերելուց «անմիջապես հետո մեծ դժվարությունների է հանդիպել` եւ՛ պատերազմ, եւ՛ շրջափակում, եւ՛ էներգետիկ ճգնաժամ: Այսօր այդ դժվարությունները մեր հիշողության մեջ ինչ-որ տեղ խամրում են, բայց, անկասկած, մենք հիշում ենք Իրանի ժողովրդի կողմից ցուցաբերված բարի կամքը եւ մեծ օժանդակությունը: 15 տարի առաջ Մեղրիում ոչինչ չէր կապում երկու պետությունները` բացի մի քանի շարք փշալարերից, որոնք խորհրդանշում էին Սովետական Միության սահմանը: Դա փաստ է, չկար այն կամուրջը, որտեղ ես այսօր դիմավորեցի իմ գործընկերոջը: Եվ այս կամուրջով անցած տարի, օրինակ, 600.000 տոննա բեռ է փոխադրվել»: