«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Մոսկվայից վերադառնալուն պես երեկ ասուլիս էր հրավիրել: Խոստացված սենսացիոն, դարի ասուլիսում նա ընդամենը բազմաթիվ հարցեր հնչեցրեց, այն էլ՝ հիմնականում քննադատելով ընդդիմությանը: Սակայն ամեն ինչ՝ հերթականությամբ:
Նախ՝ անդրադարձավ իշխանամետ «Դաշինքին». ճի՞շտ է արդյոք, որ «Դաշինք» կուսակցության ղեկավարի վարորդն ապօրինի զենք պահելու կապակցությամբ բերման է ենթարկվել, ճի՞շտ է արդյոք, որ «Դաշինքի» ղեկավար Սամվել Բաբայանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից, ճի՞շտ է, որ նրա գրանցումը տեղափոխվել է ԿԸՀ՝ եւ «չգիտեն՝ նրան գրանցե՞ն, թե՞ չգրանցեն որպես թեկնածու»:
Վերջինս երեկ անդրադարձավ նաեւ Շահեն Հովասափյանի սպանության գործով նոր անձի ձերբակալման փաստին: ՆԺԿ ղեկավարի խոսքերով՝ «քաղաքական էլիտայի» ներսում լուրեր են պտտվում, թե այդ ձերբակալվածը «ներկայացնում է մեր օլիգարխներից մեկին՝ պատգամավոր Լեւոն Սարգսյանին»: Ընդ որում, սա ասելիս Ա. Կարապետյանը քար գցեց իր գործընկեր Արտաշես Գեղամյանի բոստանը՝ հատուկ ընդգծելով, որ ինքն այդ լուրերը լսել է ոչ թե սրճարաններում, այլ «քաղաքական էլիտայում»: «Վիրաբյաններին ձերբակալեցին, հետո ազատ արձակեցին, բռնեցին Ապերին: Վաղն էլ կարող է բռնեն Հայկոյին, մյուս օրը՝ Գրիշիկին: Չես կարողանում հասկանալ՝ այնտեղ վերջացավ, այստեղ սկսվե՞ց, թե՞ այստեղ չվերջացավ, այնտեղ սկսվեց»,- ասում էր Ա. Կարապետյանը: Նկատենք, որ վերջինս այնպես է ձեւակերպում իր ասելիքը, որ, օրինակ, եթե Դատախազությունում շատ ցանկանան զրպարտության հոդվածով նրան դատել, չեն կարողանա, որովհետեւ Ա. Կարապետյանը պնդումներ չի անում: Նա պարզապես հարցնում է: Ինչեւէ, այնուհետեւ Ա. Կարապետյանը մի քար էլ Ստեփան Դեմիրճյանի բոստանն ուղարկեց՝ ասելով. «2003-ին հրաշալի շանս կար, եւ եթե տանողն ուղղակիորեն մենք լինեինք, կարծում եմ՝ մենք հիմա լիովին ուրիշ հասարակության մեջ կապրեինք»: Նա վստահեցրեց, թե հիմա իրենք «պատրաստվում են տանել, գնալ մինչեւ վերջ», եւ դրա համար վարելու են «ամենաակտիվ ու, երեւի թե, ամենաագրեսիվ նախընտրական քարոզչությունն իշխանությունների դեմ»: Իսկ «ագրեսիվ» ասելով, նա նկատի ունի այն, որ «իշխանության բոլոր հատվածներին անխտիր, որոշ դեպքերում՝ շատ փաստարկված, որոշ դեպքերում՝ գաղափարական մակարդակի վրա, անվանելու են իրենց անունով»: Կարճ ասած՝ Ա. Կարապետյանը խոստանում է իշխանություններին իրենց տեղը դնել, ինչով, ի դեպ, արդեն քանի տարի է, զբաղված են հայրենի ընդդիմադիրները: ՆԺԿ ղեկավարի խոսքերով՝ «Հայաստանում մոտակա ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվելու է»: Ըստ նրա, եթե բավականաչափ թվով ժողովուրդ դուրս գա փողոց, ապա «գործընթացը գնալու է մինչեւ վերջ», իսկ եթե բավականաչափ թվով մարդիկ դուրս չգան փողոց, Ա. Կարապետյանի խոսքերով՝ հետընտրական գործընթացները ցույց կտան, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի Հայաստանում նախագահական ընտրությունների նախօրեին: «Ա՛յ, այնտեղ Ավարայրի ճակատամարտը կլինի ամբողջությամբ: Տեսնենք՝ կհասնե՞նք այդ ընտրություններին»,- նշեց նա: Երեկ Ա. Կարապետյանը սրտնեղեց նաեւ լրագրողների աշխատանքից: «Դուք էլ եք ստեղծում այդ իրավիճակը, երբ ընդդիմության հատվածի շատ ներկայացուցիչներ ամեն անգամ հետ նայելով կոմպլեքս են ձեռք բերում: Ամեն անգամ գալիս-ասում եք՝ էս ասեցիք՝ չարեցիք, էս ասեցիք՝ չարեցիք…: Անխտիր համարյա բոլոր լրատվամիջոցներն այդպես են ասում՝ առանց հասկանալու, որ դա իշխանության սովորական պատվերներից մեկն է: Ո՞նց կարող ես մեքենան տալ ընդդիմադիրի ձեռքը, ակները հանես, ասես՝ դե քշի, գնա տեղ հասի»,- հարցնում է նա: Ըստ նրա, եթե քաղաքական գործչին միշտ հետ նայել տաս, ասես՝ տես, ասել ես՝ չի եղել, ապա «Ժիրինովսկին պիտի արդեն կախված լիներ»: Իսկ ի՞նչ անեն լրագրողները, երբ ընդդիմադիրներից շատերն ամեն օր, չհարգելով իրենց խոսքին հավատացող քաղաքացիներին ու ընդհանրապես այդ պահին իրենց լսողներին, ասում են բաներ, որոնք հենց այդ հայտարարության պահին էլ պարզ է, որ չեն իրականանալու: Եվ պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե չլինեին լրագրողների վերոնշյալ «էս ասեցիք՝ չարեցիք» հիշեցումները: Ինչեւէ, երեկ Ա. Կարապետյանը մի քար էլ ուղարկեց «Այլընտրանքի» բոստանի ուղղությամբ: «Որ ՆԺԿ-ն միտինգ էր անում, 1000 մարդ էր գալիս, գրում էիք՝ 300 հոգի եկավ, 50 հոգի եկավ: Որ «Այլընտրանքը» միտինգ է անում, մարդ չի գալիս, ինչի՞ չեք գրում, որ չեկան: Իսկ ով ասե՞ց, որ ամեն անգամ 5 հազար կամ 10 հազար պիտի գան: Քաղաքականություն է, բա ի՞նչ եք կարծում: Մի հատ բանը, որ Արտաշես Գեղամյանը շատ ճիշտ է միշտ ասում, դա Աստվածաշնչից բերված խոսքերն են՝ մի դատեք, որ դատված չլինեք: Դա վերաբերում էր նաեւ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց Ա. Կարապետյանը, ով հրապարակավ խոստացել էր մասնակցել «Այլընտրանքի» հանրահավաքներին, սակայն կարծեք թե դեռ այնտեղ չի երեւացել: ՆԺԿ ղեկավարը երեկ նաեւ նշեց, թե Երեւանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա եւ Կենտրոն համայնքներում, ոստիկանության կողմից հավաքվում են անձնագրեր, «որպեսզի այս կամ այն կուսակցության օգտին հետո քվեարկվեն»: «Տեղի են ունենում բախումներ իշխանության տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Այդ բախումների արդյունքում, ինչպես մեզ տեղեկացրել են, այն, ինչ կատարվեց Էրեբունիում, մոտավորապես 6-7 հոգի հիմա գտնվում են մեկուսարանում»,- երեկ նշեց Ա. Կարապետյանը: Հիշեցնենք, որ ըստ որոշ լուրերի, օրերս Էրեբունի համայնքում ընդհարում է տեղի ունեցել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ:
ՆԺԿ ղեկավարի նետած քարերից երեկ անմասն չմնաց նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի բոստանը: Ինչպես հայտնի է, ՀՀ դիվանագիտական ձախողումները Վ. Օսկանյանը սիրում է «արդարացնել» տվյալ փաստաթղթի «սխալ թարգմանված» լինելու հանգամանքով: Երեկ Ա. Կարապետյանը լրագրողներին առաջարկեց գտնել մի կարգին թարգմանիչ ու ուղարկել Արտգործնախարարություն: Նա խոստացավ անձամբ այդ թարգմանչին բարձր աշխատավարձով ապահովել: «Թող կարգին թարգմանեն, մենք էլ իմանանք՝ ինչ են գրել մեր մասին: Հենց մի բան այնպես չի, միանգամից ասում են՝ սխալ թարգմանության արդյունք է»,- նկատեց Ա. Կարապետյանը: