Մարզպետներն՝ ընտրություններին ընդառաջ

21/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Գործադիր իշխանությունում առավել հայտնի, առավել բարձրաստիճան անկուսակցական պաշտոնյաներն Ազգային ժողովի ընտրություններից հետո իրենց տեղն ու դերն այս կյանքում նորից ապահովելու համար նախ շուտափույթ անդամագրվեցին որեւէ կուսակցության: Իսկ կուսակցականներն էլ փորձեցին տեղավորվել ավելի «հարմար» կուսակցություններում, որ դառնան պատգամավոր կամ էլ նորից գործադիրում որեւէ պաշտոն ստանան:

Այս դասավորության արդյունքում գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ իրենց ապագան պատկերացնում են Ազգային ժողովում, որպես օրենք գրող եւ քվեարկող: Օրինակ, գործադիր իշխանությունից Ազգային ժողով է ուզում տեղափոխվել Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանը: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր եւ այդ կուսակցության իշխանության գալուց հետո նշանակվել է մարզպետ: Անցած տարի, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարական տվեց, եւ իր կուսակցությունը դուրս եկավ իշխանական կոալիցիայից, Սամվել Սարգսյանն այն բազմաթիվ ՕԵԿ-ականներից էր, ով հրաժարվեց ոչ թե պաշտոնից, այլ իր թիմից՝ պատճառաբանությամբ, թե ինքն իրեն միայն իշխանությունում է պատկերացնում: Հետո նա անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը: Հիմա Սամվել Սարգսյանը մեծամասնական կարգով իր թեկնածությունն է առաջադրել Վայոց ձորի թիվ 39 ընտրատարածքում:

«11 տարի է՝ աշխատում եմ մարզում, շփվում եմ բնակիչների հետ, գիտեմ բոլոր խնդիրները,- ասում է ապագա պատգամավորը: -Մարզպետի աշխատանքը բավականին պատասխանատու աշխատանք է, բայց ծրագրերն ավարտին հասցնելու համար այնքան էլ շատ լիազորություններ չունի: Ես մտածում եմ, որ այն ծրագրերը, որոնք պլանավորել եմ, կկարողանամ շարունակել նաեւ նորանշանակ մարզպետի հետ: Ես գիտեմ, թե մարզպետի եւ պատգամավորի համագործակցված աշխատանքն ինչպիսի հնարավորություններ է ստեղծում մարզի զարգացման համար: Բացի այդ, ուզում եմ նաեւ ճանապարհ հարթել մարզում աճած այն կադրերի համար, ովքեր կարող են մարզը ղեկավարել»:

Այս նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը եւ Սամվել Սարգսյանի նախկին կուսակից՝ ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանը: Ի դեպ, Վայոց ձորի մարզն այն եզակի ընտրատարածքներից է, որտեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ են առաջադրել: Պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Ինչեւէ:

Ի տարբերություն Սամվել Սարգսյանի, Վայոց ձորի անմիջական հարեւան Արարատի մարզի ղեկավար Ալիկ Սարգսյանը պատգամավոր դառնալ չի ուզում: «Ես իմ աշխատանքը դեռ տեսնում եմ գործադիր մարմնում,- ասում է Ա. Սարգսյանը: – Միգուցե 5 տարի, 10 տարի հետո փորձեմ առաջադրվել օրենսդիրում: Այս տարի չեմ ցանկանում: Կաշխատեմ կառավարության համակարգում, որեւէ այլ տեղ: Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը, իմ ժողովրդի հետ հաճույքով եմ աշխատում եւ պատրաստ եմ մարզպետ աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ մեր կառավարությունը նպատակահարմար կգտնի»:

Ալիկ Սարգսյանը յոթ տարի աշխատել է Արարատի մարզպետ եւ եղել է անկուսակցական: Բայց 2006թ. հունիսին որոշել է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Պարոն Սարգսյանն այսպես է բացատրում ՀՀԿ-ին անդամագրվելու իր քայլը. «Ինքս մարզպետ աշխատած տարիների ընթացքում հարել եմ ՀՀԿ-ին: Իմ անմիջական ղեկավարները՝ վարչապետը եւ տարածքային կառավարման նախարարը, ՀՀԿ-ի անդամներ են: Բնականաբար, համակրանքս եղել է դեպի Հանրապետական կուսակցությունը: Եվ նպատակահարմար եմ գտել, որ այս ընտրություններին գոնե հանդես գամ որպես կուսակցության ներկայացուցիչ: Անկուսակցական լինելով՝ ես ավելի քիչ եմ կարողանում ծառայել մարզում ընդհանուր մթնոլորտի ստեղծմանը, քան կուսակցական լինելով»:

Թեպետ հանրապետական այս երկու մարզպետներն իրենց քաղաքական կարիերան պատկերացնում են տարբեր մարմիններում, սակայն միակարծիք են, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները պետք է անպայման արդար եւ թափանցիկ անցկացվեն: Երկու մարզպետներն էլ երեկ «Հայելի» ակումբում խոստացան ամեն ինչ անել, որ ընտրությունները գոնե իրենց մարզերում չկեղծվեն: Հատկապես Վայոց ձորում, որտեղ ակնկալիքներ ունեն «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրից: Մարզի ղեկավար Սամվել Սարգսյանը հավանաբար լսել է, որ Ամերիկայի պաշտոնյաներն ու ՀՄ կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ՝ եթե Հայաստանում առաջիկա ընտրությունները չկայանան, ապա ծրագրի ֆինանսավորումը կդադարեցնեն: Հիշեցնենք, որ ՀՄ ծրագրով Ամերիկայի կառավարությունը առաջիկա 5 տարիներին Հայաստանին պետք է հատկացնի 236 մլն դոլար: Մոտ 4 մլն դոլար արդեն հատկացրել է: Դա հիմնականում գրասենյակային եւ այլ մանր-մունր ծախսերի համար է: Իսկ ծրագրով նախատեսված ճանապարհաշինության եւ ոռոգման համակարգի վերանորոգմանը հատկացված գումարները կփոխանցեն աստիճանաբար եւ միայն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե, իհարկե, ընտրություններն արդար անցկացվեն: Բացի այդ, երկու մարզպետներն էլ չեն ուզում պատժվել:

«Հանրապետության նախագահն արդեն երկրորդ անգամ խստագույնս պահանջ է դրել բոլորիս առջեւ՝ ցանկացած խախտման դեպքում կպատժվի լիազոր մարմնի ղեկավարը, կոնկրետ այս պարագայում տարածքային կառավարման ղեկավարը՝ մարզպետը,- ասում է Ալիկ Սարգսյանը: -Պետք է անենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն այն աստիճան թափանցիկ, որ մեր հասցեին ասվող ամոթալի հետընտրական խոսակցություններն էլ չլինեն»:

Մարզպետները չեն հավատում այն խոսակցություններին, թե ընտրությունների ելքն արդեն որոշված է, եւ դրան հասնելու համար անպայման կեղծիքներ են լինելու: Այդպես մտածող քաղաքական ուժերին համարում են անճար եւ անզոր: Հանրապետական մարզպետները նաեւ վստահ են, որ իրենց կուսակցությունն այդ երկու մարզերում ժողովրդի կողմից ունի բավականին լուրջ վստահություն, որ ընտրություններին հավաքելու են ձայների մեծամասնությունը: Երկուսն էլ ՀՀԿ-ին լուրջ մրցակից են համարում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Սակայն, դրանով հանդերձ, մտածում են, որ այդ երկու կուսակցությունների մեջ հակասություն չկա: