– «Ազգային Միաբանություն» կուսակցության համամասնական ցուցակում 71 մարդ է ընդգրկված: Ինչո՞ւ 71, երբ այլ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվն անցնում է 100-ից:
– Այդ թիվը պատահականորեն է ստացվել: Մենք որոշել էինք ցուցակում ընդգրկել ամենից պատրաստվածներին: Թիվն, իմ կարծիքով, նշանակություն չունեցող հանգամանք է, կարեւորը, որ թեկնածուներն իսկապես լինեն փորձառու եւ գիտակ: Ցուցակում ընդգրկելու համար առաջին հերթին հաշվի ենք առել մասնագիտական պատրաստվածությունը: Առաջին 5 համարի 4 թեկնածուները պատգամավոր են եղել:
– Որքանո՞վ եք ճիշտ համարում կանանց՝ օրենքի պահանջ դարձած 15 տոկոս պարտադիր ներգրավվածությունը ցուցակում:
– Մեր ցուցակում կանանց թիվը կազմում է 16,9 տոկոս: Առաջին տասնյակի վերջին թեկնածուն կին է: Երկրորդ տասնյակում երկու կին կա: Եթե ապագա խորհրդարանում մենք 25 մանդատ ունենանք, ապա 3 կին պատգամավոր կաշխատի մեր կուսակցությունից: Կանանց ներկայությունը խորհրդարանում կարեւոր է: 15 տոկոսը ես անգամ քիչ եմ համարում: Մյուս ընտրությունների ընթացքում այդ թիվը կարելի է ավելացնել: Կանայք շատ ավելի ակտիվ են, պատրաստակամ եւ խելացի, քան որոշ տղամարդ պատգամավորներ: Պատգամավորների 30 տոկոսը, կարծում եմ, պետք է կին լինի, բայց ոչ ավելի: 50/50 հարաբերակցությունը, համոզված եմ, սխալ կլիներ, որովհետեւ կինն ի վերջո նաեւ ընտանիքի մայր է եւ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի իր ընտանիքին:
– Ձեր ցուցակում երիտասարդների ներգրավվածությունն այնքան էլ մեծ չէ, ինչո՞ւ:
– Երիտասարդների ներգրավվածությունը 26 տոկոս է կազմում: Այդ թիվը եւ՛ քիչ է, եւ՛ նորմալ: Այնպես է ստացվել, որ երիտասարդները 26 տոկոս են, միջին տարիքի մարդիկ` 47, իսկ 55-ից բարձր տարիք ունեցող թեկնածուները` 27 տոկոս: Երիտասարդները մոտավորապես այնքան են, որքան 55-ից բարձր տարիք ունեցողները, այսինքն` մինչեւ միջին տարիք ունեցող թեկնածուները հատեն 55-ի սահմանագիծը, երիտասարդները սահուն ձեւով կգրավեն մեր տեղը: Իհարկե, կարելի էր ավելի շատ երիտասարդների ներգրավել: Պարզապես մենք ընտրել ենք մեր ամենաակտիվ երիտասարդներին: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ երիտասարդները որքան շատ լինեն, այնքան լավ: Դրսում փորձ չես կարող ձեռք բերել, կարող ես լինել գրագետ, պատրաստված, սակայն պատգամավորական աշխատանքի փորձ միայն ներսում կարող ես ունենալ:
– Ինչպե՞ս եք գնահատում ցուցակի կազմման աշխատանքները:
– Եթե ցուցակը նախապես կազմեինք, երիտասարդներին եւ կանանց ավելի շատ կներգրավեինք: Հետագայի համար, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, որ ցուցակը կազմվի ոչ թե վերջին մեկ ամսվա ընթացքում, այլ 4 տարվա ընթացքում: Մարդկանց պետք է պատրաստես այդ ցուցակում ընդգրկելու համար: Եթե մենք մեր ցուցակի կազմման աշխատանքները սկսեինք 2003 թվականից, մենք ավելի պատրաստված ցուցակ կունենայինք:
– Ցուցակից գո՞հ եք:
– Գոհ եմ այն առումով, որ ներկայացրել ենք այն, ինչ ունենք: Մեր ցուցակում բարձր է կրթական ցենզը: 71-ից 60-ը բարձրագույն կրթություն ունեն: Միջնակարգ կրթությամբ մարդ մեր ցուցակում չկա, 11-ն ունեն թերի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: 15 տոկոսը գիտությունների թեկնածուներ են կամ դոկտորներ, 9 մարդ բարձրաստիճան զինվորական սպաներ են: Երկուսն էլ անկուսակցական են: Այդ թվից մենք չենք խուսափում, այն կարող էր եւ ավելի շատ լինել: Ցուցակի 55 տոկոսին մարզերից ենք ընդգրկել: Սա դրական քայլ եմ համարում, եթե հաշվի առնենք, որ գնում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների:
– Ձեր կուսակցությունից հեռացավ Աղասի Արշակյանը: Ո՞րն էր պատճառը:
– Նա կուսակցության անդամ էր վերջին մեկ տարվա ընթացքում: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ցուցակի հետ էր կապված: Նրան ընդգրկել էինք 21-րդ տեղում: Այժմ նա ԺՈՒԿ-ի 3-րդ տեղում է: Մենք դրա համար ուրախ ենք, նա մնում է մեր ընկերը, մենք շարունակում ենք նույն դաշտում աշխատել: Պարզապես Աղասի Արշակյանը գտնում է, որ այնտեղ կարող է ավելի օգտակար լինել: