– Ո՞րն է եղել Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակի կազմման հիմնական չափորոշիչը:
– Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը կազմված է 117 մարդուց: 117 թիվը մեզ համար խորհրդանշական իմաստ ունի, այն համապատասխանում է մեր կուսակցության տարիքին: Ցանկը, բնականաբար, կարող էր շատ ավելի երկար լինել: Ցուցակի կազմման հիմքում երեք հիմնական սկզբունք է դրված: Այդ սկզբունքները բխում են այն նպատակից, որ կուսակցությունը դրել է իր առջեւ եւ պետք է իրականացնի: Դրանք ազգային, պետական խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն, եւ դրան համապատասխան թիմ պետք է ձեւավորվի: Առաջին կարեւոր սկզբունքն այն է, որ ցուցակում ընդգրկված լինեն գաղափարակիրներ, համոզված անձինք եւ իրականացնեն այդ նպատակները համոզումով: Այդ պատճառով կուսակցականների քանակը ցուցակում բավականին շատ է: Երկրորդ կարեւոր չափորոշիչը թեկնածուի փորձառությունն է, որովհետեւ այն խնդիրները, որոնք մենք այսօր պատրաստվում ենք լուծել, անհրաժեշտ փորձառություն են պահանջում: Եվ վերջապես, ցուցակում հարկավոր էր որոշակի թարմություն մտցնել` նոր անձինք, նոր դեմքեր, որպեսզի ապահովվի նաեւ կուսակցության կենսունակությունը: Այս առումով ցուցակը բավականին երիտասարդացված է եւ երիտասարդների ընդգրկումը ցուցակում ակնհայտ է:
– Փորձե՞լ եք անցողիկ տեղեր ապահովել ՀՅԴ ուսանողական միության անդամների համար, եւ որքանո՞վ եք կարեւորում երիտասարդների ներգրավվածությունը:
– Մեր ցանկում ընդգրկված մարդկանց միջին տարիքը 42-43-ն է, ինչը բավականին երիտասարդ տարիք է: Մեր ցանկի ամենակրտսեր թեկնածուն 25 տարեկան է, ամենատարեցը` 65: Ցուցակի առջեւի տեղերում գտնվողները հիմնականում երիտասարդներ են: Ուսանողական միությունը, իհարկե, կարեւոր է, բայց միայն այդ կառույցով չէ, որ մեր երիտասարդական ներուժը պետք է արտահայտվի: Օրինակ, Գերագույն մարմնի անդամների տարիքային ցենզն էլ բավականին երիտասարդ է: Ցուցակում կգտնեք նաեւ Գերագույն մարմնի երիտասարդ անդամների: Այնպես որ` կարծում եմ, միայն ուսանողական միության անդամների ներգրավվածությամբ չէ, որ ցուցակում երիտասարդների ընդգրկման գնահատումը պետք է արվի:
– Որքանո՞վ եք կարեւորում կանանց ներկայությունն ապագա խորհրդարանում եւ բավարա՞ր եք համարում ցուցակում կանանց` օրենքի պահանջ դարձած 15 տոկոսի ներգրավվածությունը:
– Իհարկե, 15 տոկոսը կարելի է ավելացնել եւ պետք է ավելացվի: Դաշնակցությունը` որպես սոցինտերնի անդամ կուսակցություն, նվազագույնը 25 տոկոսի ներկայություն ապահովելու պարտավորություն ունի: Մեր ցանկում կանանց մասնակցությունը շուրջ 26 տոկոս է: Աշխատել ենք նրանց տեղաբաշխել առջեւի հատվածներում, որպեսզի նրանք իրական մասնակցություն ունենան օրենսդիր աշխատանքների կատարմանը: Մեր ցանկում կան նաեւ անկուսակցական կանայք: Անկուսակցականների ներկայությունը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Ցանկում տեղ գտած անկուսակցականները մեզ հետ ճանապարհ են անցել, կիսում են մեր գաղափարները: Նրանք մեր համակիրներն են, եւ բնավ պարտադիր չէ, որ անպայման կուսակցության անդամ լինեն: Մեզ համար բավական է այն հանգամանքը, որ նրանք կիսում են մեր գաղափարները եւ պատրաստ են մեզ հետ միասին ճանապարհ անցնել: Մենք բազմիցս նշել ենք, որ Դաշնակցությունը հզոր է իր համակիրներով:
– Ձեզ միացավ նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Որքանո՞վ էր այդ հանգամանքը կարեւոր կուսակցության համար:
– Արթուր Աղաբեկյանը մեծ փորձառություն եւ վաստակ ունեցող անձնավորություն է: Վստահ եմ, որ նա որտեղ էլ լինի, իր հատկանիշների շնորհիվ կարող է միայն օգտակար աշխատանք կատարել եւ նպաստել տարբեր խնդիրների լուծմանը: Փորձառություն, ինչո՞ւ ոչ՝ նաեւ երիտասարդական ավյուն, գաղափարական սկզբունքայնություն. այս հատկանիշներն Արթուր Աղաբեկյանի մոտ ապահովված են, եւ նրա ներկայությունը մեր շարքերում տրամաբանված է: Իսկ պաշտպանության ոլորտից դուրս գալը նրա որոշումն էր, եւ Դաշնակցությունը որեւէ միջամտություն չի ունեցել: Այդ որոշումը մենք ողջունել ենք, եւ վստահ եմ, որ քաղաքական դաշտում եւս կարող է դրսեւորել իր ներուժը:
– Որո՞նք են ՀՅԴ ցուցակի առավելություններն ու թերությունները:
– Առավելությունն այն է, որ վերոնշյալ սկզբունքներն իսկապես ապահովված են: Ընտրություններից հետո արձանագրված ցանկացած արդյունքի դեպքում եւ, անկախ նրանից, թե քաղաքական դաշտում կուսակցությունն ինչ տեղ կունենա, այս թիմը կարող է իր առջեւ դրված ցանկացած խնդիր լուծել: Սա ամենակարեւոր առավելությունն է: Թերությունն էլ այն է, որ հնարավոր չէ բոլորին ցանկ բերել: Ցուցակը դաշնակցականների դասակարգում չի ենթադրում, եւ ով ցանկում չկա, չի նշանակում, որ վատ դաշնակցական է: Դժբախտաբար, ցանկի կազմումը հենց ստիպում է, որ ենթարկվես այդ տրամաբանությանը եւ մի ցանկում կուսակցության անդամներին հերթականությամբ տեղ տաս: Իրականության մեջ պետք է ոչ թե իրար ետեւից լինեն, այլ մի տողի վրա: Որեւէ մեկը մյուսին չի զիջում, եւ այդ իմաստով գնահատականի խնդիր չպետք է առաջացնի: