Կլարա Ցետկինը 20-րդ դարի սկզբում ոչ միայն Կանանց միջազգային օր ստեղծեց, այլեւ` ղեկավարեց Կանանց ընկերավար միջազգայնականի (Սոցինտերն) առաջին համաժողովը, որի նպատակն էր կանանց «ազատականացումը»: Կանանց հիմնական մտահոգությունը երկու սեռերի ներկայացուցիչների անհավասարաչափ վարձատրության խնդիրն էր, քանի որ կանայք ավելի քիչ աշխատավարձ էին ստանում, քան տղամարդիկ:
Մեկ դար անց այդ նույն խնդիրը շարունակում է վճռորոշ կռվան համարվել գրեթե բոլոր կանանց կազմակերպությունների համար: Կանայք շարունակում են պայքարել իրենց քաղաքացիական իրավունքների համար եւ որոշ երկրներում բավականին մեծ կշիռ են ձեռք բերում: Աշխատավարձը պայքարի առաջին քայլն է, որը հետզհետե ավելի լայն շրջանակներ է ընդգրկում եւ, վերջիվերջո, հանգում կանանց բարձր պաշտոններ զբաղեցնելու պայքարի: Այն երկրներում, որտեղ կանայք լայն ներկայացված են բարձաստիճան ատյաններում ու կառավարությունում, գործում է համապատասխան օրենսդրություն: Սեռերի հավասարությունը կարգավորվում է օրենքով: Իսրայելում, օրինակ, օրենքը պահանջում է, որպեսզի կառավարող մարմիններում պաշտոնյաների 50%-ը կին լինի:
«Դա արհեստական որոշում էր, որն արվեց կանանց ազդեցությունը բարձրացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իսրայելի լեյբորիստական կուսակցության անդամ, Իսրայելի կանանց շարժման նախագահ Նուրիտ Լեբին: Կանանց ներգրավվածությունը քաղաքական պրոցեսների մեջ տիկին Լեբին անխուսափելի է համարում (Իսրայելում, օրինակ, ԱԳ նախարարը եւ գլխավոր դատախազը կանայք են):
Մեր երկրների նմանությունները՝ կրոնը, պատմությունը, մեծաթիվ Սփյուռքի առկայությունը, ուժեղ երկիր կառուցելու տենչանքը, ողբերգական անցյալը, թույլ են տալիս Ն. Լեբիին ասել, որ երկու երկրների զարգացման մոդելն էլ կարող է նույնը լինել. «Ձեր երկրում շատ են բարձրագույն կրթություն ստացած կանայք, եւ նրանք անպայման պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ: Դա մի պրոցես է, որը կարող է տարիներ ձգվել, բայց այն անխուսափելի է: Հրեա եւ հայ կանանց առավելությունը նրանում է, որ մենք ավանդաբար ամուր ընտանիք ունենք, ի տարբերություն Ամերիկայի»: Նա նշեց նաեւ, որ մեր երկրների նմանությունը բարձրակարգ անհատ մասնագետներ ունենալու մեջ է: «Հրեաներն ու հայերն աշխարհին ամենապրոֆեսիոնալ բժիշկներն ու ճարտարապետներն են տվել»,- ասաց նա:
Նուրիտ Լեբին նաեւ Սոցինտերնի կանանց միավորման անդամ է: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միավորումից ծնված Սոցինտերնի խորհրդանիշը վարդն է, իսկ աշխարհագրական տարածումը տարեցտարի լայնանում է: Եվրոպական, աֆրիկյան, լատինաամերիկյան պետություններից բացի՝ Սոցինտերնի հետ սկսում են համագործակցել Կովկասյան պետությունները: Սոցինտերնում Հայաստանը ներկայացված է Հայ հեղափոխական դաշնակցությունով (ՀՅԴ): Եվ հենց Հայաստանում էլ տեղի ունեցավ Սոցինտերնի կանանց մասնաճյուղի տարածաշրջանային ֆորումը: «Երրորդ աշխարհի» երկրներն այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում են հայտնվել, քանի որ այդ երկրներում կանայք ավելի անպաշտպան ու խոցելի են: «Իսրայելը հզոր դեմոկրատական երկիր է, քանի որ կանանց իրավունքները շատ են կարեւորվում: Մեր արդարադատության նախարարն, օրինակ, հեռացվեց իր պաշտոնից, երբ հայտնի դարձավ, որ նա փորձում էր մի հրեա զինվորուհու` առանց նրա թույլտվության, համբուրել»: Եվ ընդհանրապես, տիկին Լեբին համարում է, որ դեմոկրատական երկիրն այն երկիրն է, որտեղ ոչ միայն կարելի է պաշտոնյաների հեռացնել աշխատանքից, այլեւ` նրանց բանտ նստեցնել: Նույնը կարող է պատահել Իսրայելի նախագահի հետ, ով մեղադրվում է կանանց հանդեպ ոտնձգություններ անելու մեջ:
Երկրի ուժը եւ այդ ուժով հպարտանալու զգացումը դժվար է տրվել Իսրայելին: «Հայաստանն ու Իսրայելը միաժամանակ շատ նման ու շատ տարբեր են: Մենք երկուսս էլ ողբերգական պատմություն ու աշխարհով մեկ տարածված Սփյուռք ունենք: Երբ մենք երկիր էինք ստեղծում, ընդամենը 600 հազար բնակչություն ունեինք, իսկ հիմա բնակչության թիվը հասել է 6 միլիոնի: Դուք ուզո՞ւմ եք Սփյուռք ունենալ, մենք չենք ուզում: Ուզում ենք խաղաղ եւ ուժեղ երկիր ունենալ, իսկ դա հեշտ չէ»,- ասաց նա: Իսրայելցիների իդենտիֆիկացման մղումը դարձել է ամուր եւ ուժեղ պետություն ուենենալու ցանկություն: Եվ Իսրայելն ամեն բան փորձում է անել, որպեսզի Հայրենիքի գաղափարը կոնկրետ ուրվագծեր ստանա: Կանանց իրավունքների պաշտպանությունն ու դեմոկրատական բարեփոխումները թեեւ կարող են հակադրվել միմյանց, սակայն երկուսն էլ Հայրենիքի հզորացման գաղափարին են ծառայում: Կանանց պարտադիր զինծառայությունը տիկին Լեբին հարկադրված քայլերից մեկն է համարում: «Մենք ընտրություն չունենք, քանի որ հասկանում ենք, որ ուժեղ պետությունն ուժեղ բանակ է նշանակում: Իմ որդին ու դուստրը ծառայել են բանակում, դրանք ինձ համար տառապալի տարիներ էին, բայց ես հասկանում էի, որ այլընտրանք չկա, որ պետք է բոլորը ծառայեն, քանի որ Իսրայելն ամենօրյա պայքարի մեջ է գտնվում»:
Իսրայելի կանանց շարժման նախագահը Իսրայելի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը քաղաքական խճճված իրավիճակով եւ Իսրայելի ու Թուրքիայի միջեւ առկա ամուր կապերով է բացատրում: «Բայց Իսրայելում Հայաստանին շատ ջերմ են վերաբերվում: Մի քանի օր առաջ մենք քննարկում էինք Հայոց հարցը, ու թեեւ մեկ ձայնի տարբերությամբ որոշվեց այդ հարցն այլեւս չքննարկել, կարծում եմ, որ դա միայն առաջին քայլն էր, քանի որ մենք գիտակցում ենք, որ ընդհանուր ողբերգություն ունենք»,- ասաց Ն. Լեբին: Նա արդեն այցելել է Երեւանում գտնվող Հոլոքոստի հուշարձան, իսկ վաղը կայցելի Հայոց եղեռնի հուշարձան: