Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Կոնգրեսին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում անցկացված լսումներում՝ Ֆրիդը Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագիծը մարտահրավեր է համարել Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում: Նրա կարծիքով՝ Թուրքիայի արձագանքը «լուրջ վնաս կհասցնի նաեւ Թուրքիայի եւ ՀՀ-ի հաշտեցման ուղղությամբ շարունակվող ջանքերին»: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, թե ԱՄՆ-ի վարչակազմը «երբեք չի հերքել, ոչ էլ վիճարկել կամ նսեմացրել» Օսմանյան Կայսրության վերջին տարիներին 1,5 մլն հայերի «զանգվածային կոտորածներին եւ էթնիկ զտումներին առնչվող պատմական փաստերը»: