Էհ, երազ իմ երկիր հայրենի…

20/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որտեղ նշված էր, թե «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները», Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկոյի ապացույցներից է:

Քաղաքականություն, որի հիմքում դրված են ոչ թե մեր երկրի կոնկրետ շահերը, այլ զգացմունքայնությունը, քաղաքականություն, որի արդյունքում ԼՂ-ն դուրս մղվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, միջազգային հանրությունը ԼՂ խնդիրը սկսեց դիտել որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քաղաքականություն, որի արդյունքում մեր երկիրը դուրս մնաց տարածաշրջանային բոլոր խոշոր ծրագրերից…: Զգացմունքը կարելի է եւ պետք է դնել, ասենք, ընտանիքի կազմավորման հիմքում, բայց երբ այն դրվում է պետության քաղաքականության հիմքում, տխուր հետեւանքներն անխուսափելի են դառնում, ինչի ականատեսն ենք այսօր: Ասել, թե այս արդյունքներն անկանխատեսելի էին, սխալ կլիներ. դեռ 10 տարի առաջ արդեն ոմանք զգուշացնում էին, որ նման արտաքին քաղաքականություն վարելու դեպքում արդյունքները շատ տխուր են լինելու: Ու մեր երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները, փոխանակ խոստովանեն իրենց անհեռատեսությունն ու դիվանագիտական ձախողումներն ու համապատասխան քայլ անեն, հայտարարում են, թե ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցի վերոնշյալ հատվածը «սխալմունք եւ վրիպակ է»: Ի՜նչ ծանոթ ձեւակերպում է, չէ՞: Մեր երկրի արտաքին քաղաքականության յուրաքանչյուր կոնկրետ ձախողումից հետո արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե դա «սխալմունք է» կամ «սխալ թարգմանության» արդյունք: Եկեք խոստովանենք, որ արժանի ենք Օսկանյանի՝ նման արհամարհական ու ծաղրական պատասխաններին, որովհետեւ ամեն անգամ լսելով հերթական «սխալ թարգմանության» կամ «վրիպակի» մասին, մենք հերթական անգամ հանդուրժել ենք դա ու ձեւ ենք արել, թե բավարարված ենք այդ պատասխանով, չենք ընդվզել, չենք բողոքել, հրաժարականներ չենք պահանջել: Կարճ ասած՝ գլուխ չենք դրել, անտարբեր ենք եղել ու այդկերպ իշխանություններին ասել ենք՝ արեք՝ ինչ ուզում եք: Դրա համար էլ բանը հասել է այնտեղ, որ պարոն Օսկանյանն իրեն նույնիսկ նեղություն չի տալիս հերթական ձախողման համար մի նոր «արդարացում» հորինել, այլ կրկնում է այն, ինչ արդեն բազմիցս լսել ենք՝ «սխալմունք է» կամ «սխալ է թարգմանված»: Նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը լրացուցիչ բացատրություն ներկայացրեց Վ. Օսկանյանի նշած «սխալմունքի» մասով, որից պարզ էր դառնում, որ ոչ մի սխալմունք էլ չկա, մենք շարունակում ենք հանդուրժել այս ամենը: Իրեն այս իշխանություններին ընդդիմություն համարող մասսան էլ բերանը ջուր է առել ու նստել. երեւի Արթուր Բաղդասարյանն ինչ-որ արտասահմանյան թերթում ԼՂ-ի՝ «վիճելի տարածք» լինելու մասին մտքեր արտահայտող հերթական հոդվածն է պատրաստում, Արտաշես Գեղամյանն էլ զբաղված է՝ Շոպենհաուեր է կարդում, որ ազգը միաբանի, Ստեփան Դեմիրճյանն էլ հավանաբար հստակեցնում է, թե հատկապես ի՞նչ եւ ումո՞վ անել: Ավելի շուտ՝ նրանք բոլորն էլ խիստ զբաղված են խորհրդարան խցկվելու գործը դասավորելով. ի՞նչ Հայաստան, ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ բան, դրա հավեսը չունեն:

Հետ տվեք մեր հողերը, շո՛ւտ

Ու էս նեղ մաջալին, Հայաստանի արտաքին քաղաքականության ֆիասկոյի ֆոնի վրա, հայտնվում է ՀՀ արտգործնախարարի նախկին խոսնակ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն ու հայտարարում, թե մենք իրավական բոլոր հիմքերն ունենք՝ Թուրքիայից պահանջելու Սեւրի պայմանագրով նախատեսված սահմանները: Ա. Պապյանը երեկ ԵՊՀ-ում կազմակերպված մի քննարկման ժամանակ մանրամասն ներկայացրեց այդ իրավական հիմքերը: Նրա ընդդիմախոսներն էին քաղաքագետ, «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Աղասի Ենոքյանն ու ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Ա. Պապյանը պնդում է, թե «մենք կարող ենք միջազգայնորեն վերահաստատել մեր իրավունքները, որը մեզ հնարավորություն կտա բացելու հայ-թուրքական սահմանը՝ ոչ թե աղիողորմ բացականչություններով, այլ պարտադրանքով, որովհետեւ դիվանագիտությունը լծակների փոխադարձ կիրառում է»: «Չպիտի մոռանանք, որ թուրքական ռեալ վտանգը միշտ կա: Չպիտի մոռանանք, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին հենց դրա համար էլ կառուցվում է, այսինքն՝ հաջորդ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարելու համար»,- հայտարարեց Ա. Պապյանը՝ փաստորեն, նաեւ պնդելով, որ լինելու է նաեւ հայ-ադրբեջանական «հաջորդ պատերազմ», որը ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականության շարունակման դեպքում, իսկապես, անխուսափելի կլինի: Պարոն Պապյանի հավաստմամբ՝ ՄԱԿ-ի դատարան դիմելու միջոցով կարող ենք լուծել Սեւրի պայմանագրի հետ կապված «մեր իրավունքների վերահաստատման» հարցը: Հետաքրքիր է, իսկ Թուրքիան, մեզ այդ տարածքները վերադարձնելուց զատ, դրանից առաջ պարտավոր է դրանք դատարկե՞լ այնտեղ ապրող մոտ 13 միլիոն բնակչությունից: Ա. Պապյանն այս հարցի պատասխանն էլ ունի: Ըստ նրա, կարող ենք Թուրքիայի հետ երկկողմ պայմանագիր կնքել: «Թող նրա քաղաքացիները մեր հողերում ապրեն, մեզ էլ տարեկան 3 միլիարդ դոլար փող տան»,- նշեց նա: Ավելին՝ Ա. Պապյանը պնդում է նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի համար Հայաստանն էլ պետք է տարանցման վճար ստանա, որովհետեւ դրանք մեր հողերով են անցնում: Մենք չենք էլ փորձում վիճարկել Ա. Պապյանի նշած հիմքերը: Այս ամենի մասին թերեւս կարելի էր նաեւ չգրել, եթե նման տեսակետ հայտնողը լիներ, ասենք, մեր հարեւան Փառանձեմ տատիկը: Սակայն այս մտքերի հեղինակը ՀՀ Արտգործնախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է: Ու այսօրվա մեր դժբախտությունների պատճառն էլ հենց այն է, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է նման մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից: Ու մեր երկրի հերթական ձախողումից հետո, փոխանակ հետեւություններ անենք մեր վարած քաղաքականությունից, փորձում ենք դրանում մեղադրել ուրիշներին ու հնարավորինս «համոզիչ» արդարացում գտնել: Օրինակ՝ ոմանք ԼՂ հարցով մեզ համար անբարենպաստ փաստաթղթերից «նավթի հոտ» են առել, մի այլ դեպքում՝ ուրիշ հոտեր են զգացվում՝ հայերին կոտորելու մոլուցքի եւ այլն: Սա քաղաքականություն է, պարոնայք, եւ ինչ-ինչ հոտերն ու տխմար «արդարացումները» ոչ մեկին չեն հետաքրքրում: Այսպես ո՞ւր ենք գնում: Ի վերջո, նման ձեւով շարունակելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ ստիպված ենք լինելու հերթական անգամ անիծել մեր բախտը, «փակել» Հայաստան պետությունը, բանալիները կախել վզներիցս, թռնել արտերկիր, բացել «Հայ Դատ-2» ու որպես բեռ՝ ողբալով ընկնել աշխարհի ջանին, թե՝ բա չե՞ք ասի, մեզ նորից կոտորել են: Ծանոթ իրավիճակ է, չէ՞: Թերեւս արժե հիշել գրող Վանո Սիրադեղյանի հետեւյալ խոսքերը. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով»:

Լավ, իսկ ի՞նչ անել: Պետք է հնարավորինս արագ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություններ անել՝ բացառել զգացականությունը: Իսկ թե ի՞նչ է պետք անել դրա համար, հավանաբար, արդեն գլխի ընկաք: