Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են իրավական հետաքննություն անցկացնել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր, իրենց կարծիքով, ներգրավված են եղել հանցագործության մեջ: «Դատախազից պահանջել ենք հետաքննություն իրականացնել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց արդեն վարչական մեղադրանք է ներկայացվել»,- ասել է փաստաբան Բայրամ Բելենը: Մեկ այլ փաստաբան՝ Ֆեթիե Չեթինը, ցույց է տվել այն գրության պատճենը, որով Տրապիզոնի ոստիկանները Ստամբուլի իրենց գործընկերներին տեղեկացրել էին պատրաստվող սպանության մասին: Փաստաբանի վկայությամբ՝ նույն բովանդակության 17 գրություն է ուղարկվել Ոստիկանություն: «Սա ապացուցում է, որ դա թերացում կամ մոռացկոտություն չէր, այլ իշխանությունների գիտակցված մասնակցություն հանցագործությանը»,- ասում է նա: