Ո՞վ սպանեց Ռաֆիկ Հարիրիին

10/05/2005

Լիբանանը ցնցված է։ Քաղաքացիական պատերազմի ավարտից տասնհինգ տարի անց հնգակի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությամբ մայրիների երկիրը կրկին ընկղմվում է քաղաքական ահաբեկչության ճահճի մեջ։

Այդ մարդն, ում համարում են Լիբանանի վերականգնման ճարտարապետ, մայիսին նշանակված առաջիկա ընտրություններում պետք է վճռորոշ դեր խաղար։ Նա հեռացել էր Սիրիայից, եւ նրա ժողովրդականությունն ապահովել էր Բեյրութի աջակցությունը։ Մայրաքաղաքը, ինչպես շատերն էին նկատում, արդեն պատրաստ էր անցնելու Դամասկոսի հակառակորդների կողմը։ Հունվարի 25-ին ներքին գործերի նախարարն անթաքույց վերապահումներով էր խոսել Սաուդյան Արաբիայի, Փարիզի եւ Վաշինգտոնի հետ բարի հարաբերություններ ունեցող սունի առաջնորդի մասին։

Ռաֆիկ Հարիրիի դեմ կատարված ահաբեկչությունը, որ խլեց նաեւ ութ այլ մարդու կյանք, հազվադեպ էր իր դաժանությամբ։ Դատելով ըստ ամենայնի, դա այդ տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալող հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր, թեեւ նրանց փոխարեն պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ինչ-որ զինյալ խմբավորում։ Սիրիան ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար դիտվում է գլխավոր կասկածյալ, թեեւ Դամասկոսը վճռականորեն հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները։

Ահաբեկչության ականատես բեյրութցիները վախենում են, որ բռնության այս նոր ակտը երկիրը կրկին կնետի քաոսի մեջ եւ կդառնա թշնամաբար տրամադրված խմբավորումների միջեւ նոր պատերազմի նախերգանքը։

Տ.Պ.