360 բռնադատվածներ տարիներով սպասում են արտոնյալ վարկի

20/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հանրապետությունում ներկա դրությամբ հաշվառված են 7-8 հազար բռնադատվածներ եւ նրանց առաջին հերթի ժառանգներ: 1994թ. ընդունված «Բռնադատվածների մասին օրենքի» համաձայն, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներն իրավունք ունեն պետությունից սեփականության իրավունքով անհատույց հողատարածք ստանալ:

Ընդ որում, հողատարածքի տրամադրումը Երեւան քաղաքում տեւել է մինչեւ 2003թ. հունիսը, իսկ մարզերում հողահատկացման վերջին ժամկետ սահմանված է 2007թ. հուլիսի 1-ը, ինչը պայմանավորված է Հողային օրենսգրքում կատարված փոփոխություններով հողերի աճուրդով տրամադրման կարգի հետ: Ինչպես գիտենք, այսօր Երեւանում մի կտոր հողատարածքի գինն աստղաբաշխական թվերի է հասնում, եւ պետությունը չի կարող այլեւս նման շռայլություն թույլ տալ` իր սեփականությունը տնօրինելիս:

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին նշված օրենքը նաեւ նախատեսում է հատկացնել արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր: «Օրենքը չնայած ընդունվել է 1994թ., վարկավորման գործընթացը սկսվել է 2001թ: Մինչեւ 2000թ. պայմանները շատ խիստ էին, նրանք պետք է ապացուցեին, որ գույք են կորցրել, այն դեպքում, երբ արխիվներում ոչինչ չէր պահպանվել: Փաստաթղթային խոչընդոտների պատճառով այդ տարիներին ոչ ոք վարկ չստացավ: Կատարված փոփոխությունների պատճառով (գույք կորցնելու պարտադիր պայմանը հանվել է) շատացել է հիմնավոր դիմումների քանակը: Վարկը տրամադրվում է 25 տարով եւ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով: 2001թ. սկսած մինչ օրս վարկ ստանալու համար նախարարությունում հաշվառվել է 650-ից ավելի մարդ, իսկ վարկ ստացել է ընդամենը 125 մարդ: Այս տարի կստանան եւս 35-ը»,- տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը: Արտոնյալ վարկի չափը կառավարության որոշմամբ սահմանված է 1-5 մլն դրամ` կախված բնակարանային շինարարության տեսակից, իսկ պետբյուջեով յուրաքանչյուր տարվա վարկավորման համար հատկացվում է 100-150 մլն դրամ, որը բավարարում է ընդամենը 25-30 մարդու: «Այսօրվա դրությամբ, մենք 360 հիմնավոր գործ ունենք, որոնք ենթակա են վարկ ստանալու, սակայն 2007-2009թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված է ընդամենը 450 մլն դրամ: Բնականաբար, մարդիկ տարիներով սպասում են, եւ իրավունք ունեն պահանջելու իրենց հասանելիքը: Սակայն բյուջետային հատկացումները թույլ չեն տալիս, որ մենք մեկ տարվա ընթացքում 200 հոգու վարկավորենք, ու հերթը տարիներով ձգձգվում է»,- նշում է Ա. Գեւորգյանը: Ի դեպ, 2005թ. վարկ է հատկացվում նաեւ բնակարան գնելու համար: «Բռնադատվածները նաեւ գումարների չափից են դժգոհում, որովհետեւ 5 մլն դրամով Երեւանում, նույնիսկ մարզերում հնարավոր չէ բնակարան գնել: Մեր կողմից առաջարկ է եղել բյուջետային միջոցների ավելացում` մինչեւ 400 մլն դրամ: Եթե 400մլն-ը հատկացվի, 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի 360 մարդու հերթը մարել, այլապես այսօրվա դիմումների քանակով այն կձգձգվի մինչեւ 2015թ.: Դրա համար այսօրվա հերթագրվածին երբ մենք ասում ենք, որ 6 տարի հետո կհասնի ձեր հերթը, բնական դժգոհություն է առաջացնում: Օրենքը վարկ ստանալու ժամկետ չի նշում»,- հավելում է վարչության պետի տեղակալը:

Հ.Գ. Բռնադատվածների բնակարանային կարիքների համար հատկացվող արտոնություններին անդրադարձել ենք` խմբագրություն դիմած հեռախոսազանգերի արդյունքում: Շահառուները հետաքրքրվում էին, թե ինչպիսի՞ արտոնություններից կարող են օգտվել, եւ ինչո՞ւ են ուշանում իրենց վարկերը: