«Կարող եմ հաղթել եւ ապացուցել, որ ՀՀ-ում էլ լավ սպորտսմեններ կան»

20/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զավեն Խաչատրյանն այն մարդկանցից է, ով Սովետական տարիներին գիշեր-ցերեկ աշխատել է միայն նրա համար, որ բնակարան ստանա: Շատերի պես նա էլ գործարանների մասնավորեցումից հետո հայտնվել է անելանելի վիճակում: Նրա կինը՝ տիկին Լալան, ասում է, որ երկրաշարժից հետո բնակարան ստանալու համար հերթագրվածներն իրենց տեղերը զիջել են աղետից տուժածներին: Զավենը 17 տարի աշխատել է «Երքիմշինստրոյ» գործարանում, դրա համար էլ կարողացել են տեղավորվել նույն գործարանի հանրակացարանում, որը ոչ այնքան բնակարան է, որքան նկուղ: Բնակիչներն ասում են, որ այս հանրակացարանը նախկինում գաղութ է եղել, որից հետո անտուն մարդկանց են տեղավորել: «Դե՛, տարիների ընթացքում ինչ-որ չափով կարգի ենք բերել, բայց տուն կոչվելուց շատ հեռու է»,- պատմում է տիկին Լալան եւ մատնացույց անում սենյակը, որտեղ ամեն ինչ քարուքանդ եղած է: Զավենն ու Լալան չորս երեխա ունեն եւ նրանց ապագայի հարցով խիստ մտահոգված են: «Ամեն ինչի համար փող է պետք: Երկուսը դպրոցական են: Պատկերացրե՛ք, որ սեպտեմբեր ամսից մինչեւ հիմա դեռ գրքերի համար պահանջվող գումարի պարտքերը չենք կարողացել մարել: Ամսական 1500 դրամ էլ հավաքում են քննությունների համար: Մի խոսքով՝ դպրոցն էլ շատ ծախսատար է եւ միջնակարգ կրթություն ստանալն էլ փողով է»,- վստահեցնում է տիկին Լալան, ով, համենայնդեպս, ձեռքերը ծալած չի նստում, պատրաստ է ամեն գործ անել, միայն թե երեխաները կրթություն ստանան: «Ճիշտն ասած, վատառողջ եմ, ճնշում ունեմ: Չնայած ես ռադիոկապի մասնագետ եմ, բայց հիմա Պոլիտեխնիկում հավաքարարություն եմ անում»,- ասում է նա: Չորս երեխաներից միակ տղան Անդրանիկն է, իսկ 18-ամյա Գայանեն սպորտում մեծ հաջողությունների է հասել: «Ձյուդո, սամբո եմ պարապում, շատ մեդալներ եմ ստացել»,- վստահեցնում է Գայանեն՝ մատնացույց անելով իրենց համար ամենաթանկ իրերը՝ մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը: Նրանց հյուրասենյակի պատից կախված են մեծ թվով մեդալներ եւ հուշանվերներ, որոնք սպորտսմենուհին ստացել է տարբեր մրցումների ժամանակ: «Սա արծաթե մեդալ է, որը ստացել է Պարսկաստանում մրցումների ժամանակ, այս մեկը՝ Վրաստանի, սա ոսկեջրած է, Գերմանիայի մրցումներում է հաղթել, սա աշխարհի մրցումներից է բերել: Անցյալ տարի պետք է մեկներ Տվեր՝ մրցումներին մասնակցելու, սակայն ճանապարհածախսի համար չկարողացավ գնալ: Ինքը շատ շնորհալի երեխա է, կարող է մեծ հաջողությունների հասնել, բայց ֆինանս չունենալու պատճառով շանսերը կորցնում է»,- ասում է տիկին Լալան, ում ամուսինը մանրահատակի գործ է անում եւ կարողանում է միայն ընտանիքի ամենօրյա ծախսերը հոգալ: Ձյուդո սպորտաձեւի չեմպիոն Գայանե Խաչատրյանը մարզվում է Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 սպորտդպրոցում: Լավագույն սաները շուտով մեկնելու են Եվրոպա մրցումների, սակայն յուրաքանչյուրն ինքն է հոգում ծախսերը: Ոմանք հովանավոր են գտնում, իսկ ոմանք էլ՝ մեկնում են ծնողների տրամադրած գումարներով: Տիկին Լալան նեղսրտում է՝ «Ափսոս է երեխաս, լավ սպորտսմեն է, բայց ի՞նչ կարող ենք անել, երբ օրվա հացի գումարը մի կերպ ենք հասցնում»: Տիկին Լալան ամեն անգամ անդամագրվում է այս կամ այն կուսակցությանը, որպեսզի Գայանեն կարողանա մեկնել մրցումների: Սակայն ամեն անգամ հիասթափվում է, որովհետեւ բոլորը խոստանում են, բայց չեն օգնում: Հարցնում եմ՝ «Բայց արժե՞ անդամագրվել ինչ-որ կուսակցության միայն նրա համար, որ երեխայի ճանապարհածախսը հոգան»: Պատասխանում է՝ «Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ էնքան խճճված է, որ մարդը մի հույս է փնտրում ու փրփուրներից է կախվում: Ես մայր եմ ու, երբ տեսնում եմ, որ շնորհալի երեխաս հիասթափվում է գումարի պատճառով ու նրա ապագան հարցականի տակ է դրվում, չեմ կարող անտարբեր լինել: Երբ երեխայի հարց է՝ ամեն ինչի պատրաստ ես»: Սպորտսմենուհի Գայանեն դժվարությամբ է համաձայնում լուսանկարվել, որովհետեւ, ի տարբերություն մոր՝ ամաչում է հովանավոր գտնելու համար դիմել ինչ-որ մարդկանց: «Դե՛, մեր մարզիչն ասում է, որ ծախսերը մենք պետք է հոգանք: Մեր երեխաներից ոմանց ծնողներն են գումարները տրամադրում, ոմանք էլ հովանավոր են ճարում: Սպորտդպրոցն այդքան միջոցներ չունի, որ սաներին հովանավորի: Եթե ճանապարհածախսի հարցում բախտս բերեր՝ կհաղթեի, կապացուցեի, որ Հայաստանում էլ լավ սպորտսմեններ կան»,- վստահեցնում է Գայանեն: Նայելով Գայանեին տրված բազում մեդալներին ու պատվոգրերին, ինչ խոսք, հիանում ու զարմանում ես: Սակայն միեւնույն ժամանակ ափսոսում ես, որ 18 տարեկան այս աղջկա անունը կուսակցությունների ցուցակներում ընդգրկված է միայն նրա համար, որ մայրը հույսեր է փայփայում, թե նրան կաջակցեն Եվրոպայի մրցումներին մասնակցելու հարցում: