ՌԴ-ի աճից շահում են հայերը

20/03/2007

Այսպիսի եզրակացության են եկել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» (ԳԹԻ) ընկերության մասնագետները։ ԳԹԻ-ի կողմից վերջերս հրապարակված Միջազգային գործարար զեկույցում ուսումնասիրվել են այն երկրները, որոնք տնտեսապես օգտվել են BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) տնտեսական զարգացումից։ Ակնկալվում է, որ մինչեւ 2050թ. այս երկրները կներկայացնեն համաշխարհային համախառն ներքին արդյունքի 44%-ը: Ինչպես նշվում է զեկույցում, BRIC երկրների տնտեսական աճը ոչ միայն սպառնալիք չի ներկայացրել, այլեւ շատ դրական ազդեցություն է ունեցել նրանց հետ համագործակցող օտարերկրյա ընկերությունների վրա վերջին 2-3 տարիների ընթացքում: 32 երկրների 7200 գործարար ղեկավարների կարծիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՌԴ-ի տնտեսության կտրուկ աճը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանից հարցման մասնակից միջին եւ խոշոր մասնավոր ընկերությունների վրա։ Նրանց պատասխանների հաշվեկշիռը գրանցել է բացառիկ բարձր դրական ցուցանիշ՝ +42%: Մյուս խոշոր շահառուն Գերմանիան է (+30%), որին հետեւում է Ֆիլիպինները (+28%): Ինչ վերաբերում է Հայաստանի եւ BRIC մյուս երկրների առնչությանը, ապա Չինաստանի տնտեսական աճը խթանիչ ուժ է հանդիսացել հարցմանը մասնակից հայաստանյան ընկերությունների համար՝ +6%-ով, իսկ Հնդկաստանի կտրուկ աճի ազդեցությունը շատ ավելի թույլ է՝ +3%։ Ուսումնասիրությունը պարզել է, որ հայ գործարարների 44%-ը գլոբալիզացիան դիտարկում են որպես աճի հնարավորություն իրենց ընկերության համար, իսկ 18%-ն այն համարում է սպառնալիք: Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում նկատվում է միջին գործարարների լավատեսության աճ. այս տարի լավատեսները տոկոսային առումով գերազանցել են հոռետեսներին 45%-ով։ 2006թ. այդ ցուցանիշը եղել է 39%։ Նշենք, որ լավատեսություն ասվածը վերաբերում է երկրի տնտեսական զարգացման հեռանկարներին։ 32 երկրների ցուցակում Հայաստանը գրավել է միջին՝ 16-րդ տեղը։ Հարցման արդյունքներով, մեր երկրում լավատեսորեն տրամադրված գործարարների թիվը 57%-ով գերազանցում է հոռետեսներին։ Ամենալավատես գործարարները Հնդկաստանում են՝ (+97%), որոնց հաջորդում են Ֆիլիպինները (88%), Չինաստանը (85%) եւ Սինգապուրը (84%)։ Թուրքիայում լավատեսների եւ հոռետեսների հարաբերակցությունը հավասար է։ Իսկ ցուցակը, որքան էլ զարմանալի լինի, եզրափակում է Ճապոնիան՝ -5% ցուցանիշով։