Մանկատան 14 շրջանավարտ բնակարան չի ստանալու

20/03/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

1991 թվականին փակված Մեղրու «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոցի շրջանավարտներն ընդգրկված չեն 2003թ.-ից գործող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում, որի նպատակն է՝ սոցիալական աջակցություն եւ կացարան տրամադրել ՀՀ մանկատան 1990-ականների բոլոր շրջանավարտներին: «Հայ օգնության միություն» ՀԿ-ն, համագործակցելով

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ, 2006թ.-ին իրականացրել է
այդ ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր ՀՕՄ-ի կողմից իրականացնել 23 շրջանավարտների նախնական հետազոտություն եւ ուսումնասիրություն, նրանց վերաբերյալ տվյալների բազայի եւ անհատական նկարագրի կազմում, 2006-2007 թվականների շահառուների նախնական ընտրություն եւ 2006թ.-ին ընդգրկված 56 շահառուների անհատական ծրագրերի եւ բնակարանի կարիք ունեցողների ցուցակների կազմում, աջակցություն մասնագիտական կողմնորոշման, ուսուցման, վերապատրաստման, աշխատանքի տեղավորման հարցերում, ինչպես նաեւ՝ բժշկական, իրավական, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում: «Հայ օգնության միության» ծրագրի կոորդինատոր, «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանի կարծիքով` անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ մտցնել ծրագրի իրականացման մեխանիզմներում:

– Ինչո՞ւ է անհրաժեշտ ծրագրում ընդգրկել Մեղրիի գիշերօթիկի շրջանավարտներին, եւ ի՞նչն է պատճառը, որ դա չի արվում։

– 1987 թվականին ուրբանիզացիայի դեմ պայքարի ընթացքում Գավառի մանկատնից 70 երեխա տեղափոխեցին Մեղրու «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոց: 1990-ական թվականների սկզբին երկրում տեղի ունեցած փոփոխությունների ազդեցությամբ այդ դպրոցը փակվեց: Հետո այրվեցին Մեղրիի արխիվն ու այդ գիշերօթիկը, որը հետագայում վերակառուցվեց որպես զորամաս: Դպրոցի քանդվելուց հետո ոչ ոք տեր չկանգնեց երեխաներին: Ոմանք ինքնուրույն միջոցներ գտան եւ վերադարձան Գավառ, ոմանք էլ մնացին Մեղրիում, Ագարակում, Նյուվադիում եւ Լիճքում:

Հիմա մոտ 30 հոգու մասին մենք բացարձակ ոչ մի տեղեկություն չունենք: Ենթադրում ենք, որ կամ Հայաստանում չեն, կամ էլ կենդանի չեն, այլապես կհայտնվեին: Մենք հաշվառել ենք 14 հոգու, ովքեր ծայրահեղ վիճակում են ապրել եւ շարունակում են ապրել: Չունենալով կրթություն, աշխատանք եւ երբեմն նույնիսկ մշտական օթեւան` նրանք չեն կարող ինքնուրույն լուծել կենսական անհրաժեշտության հարցերը: Մենք կարծում ենք, որ այդ մարդիկ նույնպես պետք է ընդգրկվեն այդ ծրագրում եւ ստանան աջակցություն, քանի որ միակ պատճառը, որ նրանք չեն օգտվում այդ ծրագրից, այն է, որ այն չի նախատեսում օգնություն գիշերօթիկ դպրոցների համար, իսկ Մեղրիի ապաստանը կոչվել է «Որբ եւ անապաստան երեխաների» գիշերօթիկ դպրոց: Այդ մարդիկ մինչեւ այժմ էլ տեղեկություններ չունեն իրենց կենսաբանական ընտանիքների մասին, եւ անարդար կլիներ միայն «գիշերօթիկ» անվան պատճառով զրկել նրանց աջակցության ձեւերից:

14-ից երկուսն այժմ ապրում են Մեղրիի շրջանի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վթարային հանրակացարանի 12 քմ ընդհանուր մակերեսով սենյակում: Ունեն անչափահաս երեխաներ եւ չեն աշխատում: Կոմբինատի տերերն այժմ պահանջում են ազատել հանրակացարանի սենյակները: Երկուսը գտնվել են ազատազրկման վայրում եւ հիմա անօթեւան են: Ապրում են պատահական ապաստարաններում կամ կատարում ծանր աշխատանք օրվա հացի համար: Աղջիկներից երկուսը հայտնվել են դատապարտյալներով բնակեցված Նյուվադի գյուղում, միայնակ մայրեր են եւ ընտանեկան նպաստով խնամում են անչափահաս երեխաներին…

– Ծրագիրը չի ներառում գիշերօթիկի երեխաներին, ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ինչպե՞ս վարվել գիշերօթիկներում մեծացած երեխաների հետ:

– Այս տարիների ընթացքում, միայն ուտելիք եւ տանիք ունենալու պատրվակով՝ շատ ծնողներ իրենց երեխաներին տարել են գիշերօթիկ: Այսօր իրականացվում է գիշերօթիկ դպրոցների բեռնաթափում: Երեխային ուղարկում են տուն, որտեղ ընտանիքների մեծամասնությունը բնավ պատրաստ չէ նրանց ընդունել: Հույսը դնում ենք ընտանիքի ներուժի վրա, որ նա կընդունի երեխային եւ կկարողանա հաղթահարել դժվարությունները: Դա հարցի մի կողմն է: Բայց գիշերօթիկներում կան նաեւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, ովքեր գնալու տեղ չունեն: Մենք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկում ենք թույլատրել, որպեսզի մենք ուսումնասիրենք այդ երեխաներին եւ հստակ պատկերացնենք, թե քանի հոգի կարող է վերադառնալ ընտանիք, եւ ինչ անել մյուսների հետ, ովքեր տեղ չունեն գնալու: Ես կարծում եմ, որ մոտ 50 հոգի այդ կարգավիճակում է: Մենք առաջարկում ենք դասակարգել գիշերօթիկի սաներին եւ ծրագրում ներգրավել միայն երկկողմանի ծնողազուրկ եւ փոքր տարիքից լքված երեխաներին: Հակառակ դեպքում՝ մենք հիմա 2003 թվականից իրագործում ենք այդ ծրագիրը, օգնում ենք 1990-ականների շրջանավարտներին, բայց վաղը նորից հայտնվելու ենք նույն վիճակում եւ նորից պետք է միջոցներ գտնենք, որ լուծենք գիշերօթիկների այն սաների խնդիրները, ովքեր ծնողազուրկ լինելու պատճառով հայտնվել են անորոշ վիճակում: Տպավորություն ունեմ, որ պետությունն ապագայի վերաբերյալ չունի հստակ ռազմավարություն այս հարցում: 1991 թվականից ի վեր, չափահաս դառնալուց հետո շուրջ 150 շրջանավարտներ չեն ունեցել բնակարան եւ հիմնականում բնակվել են մայրաքաղաքի տարբեր հանրակացարաններում եւ պատահական վայրերում: Նրանց 30 տոկոսը եղել է անօթեւան եւ գիշերել է շենքերի նկուղներում, ձեղնահարկերում եւ պատահական վայրերում, 90 տոկոսը չի ունեցել մշտական աշխատանք, 10 տոկոսը` մասնագիտություն, իսկ որոշ մասը` փաստաթղթեր: Դրա հետեւանքով մանկատան սաների շրջանում գրանցվել են մարմնավաճառության, գողության, թրաֆիկինգի բազմաթիվ դեպքեր: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այս վիճակը կրկնվի:

– Էլ ի՞նչ առաջարկներ ունեք ծրագրի իրականացման հետ կապված:

– Մենք ուզում ենք ներկայացնել ծրագրի իրականացման նոր մոդել, որն առայժմ մշակման փուլում է:

Ծրագրի համաձայն` մանկատան շրջանավարտը բնակարան ստանում է 18 տարեկանում, եւ մանկատան տնօրենից պահանջում են, որ երեխայի 18 տարին լրանալուց հետո անմիջապես դուրս գրի: Բայց 18-23 տարեկան մարդը դեռեւս պատանի է եւ շատ հարցեր չի կարողանում ինքնուրույն լուծել: Մանավանդ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում դեռեւս չեն գործում սոցիալական պաշտպանության մեխանիզմները: Մենք ուզում ենք առաջարկել, որ 18 տարին լրանալուց հետո երեխային ներգրավենք ծրագրում, բնակեցնենք պետության կողմից վարձած բնակարանում, օգնենք, որ ստանա կրթություն, գտնի աշխատանք, եւ միայն 23 տարեկանում տրամադրենք բնակարան: Այդ տարիների ընթացքում նա արդեն կհասունանա, եւ մենք հանգիստ կլինենք, որ 23 տարեկանում նա արդեն կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել:

– Ի՞նչ դժվարություններ են առաջանում ծրագրի իրականացման ընթացքում, եւ ի՞նչ առաջարկություններ ունեք:

– Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի, եթե պետական ծրագրերում ներգրավված պետական մարմիններում աշխատող մարդիկ ծրագրի իրականացման ժամանակաշրջանում ստանան լրացուցիչ վարձատրություն: Դա որոշ չափով կաշառակերության կանխարգելիչ միջոց կլինի: Մեր հաշվետվությունում ՀՀ Աշխատանքի նախարարությանը ներկայացրել ենք նաեւ դժգոհության պատճառները որոշ բնակարանների վերաբերյալ եւ առաջարկել ենք բնակարանների հանձնման-ընդունման համար ստեղծել անկախ մասնագիտական հանձնաժողով եւ հանձնաժողովում լիարժեք ձայնի իրավունք տալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ մանկատների ներկայացուցիչներին:

www.hetq.am