«ARDA»-ն արձագանքեց մեր հոդվածներին եւ օգնեց մարդկանց

20/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին հրապարակումներին արձագանքել է «ARDA» (Հայ օգնության եւ զարգացման ընկերակցություն) բարեգործական հիմնադրամը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը մեզ խնդրեց տրամադրել «168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին տվյալներ եւ առաջարկեց նրանց դարձնել հիմնադրամի շահառուները: Նկատի ունենալով որոշ ընտանիքներում տիրող ծայրահեղ թշվառությունը՝ մենք ընտրեցինք եւ նրանց առաջարկեցինք աջակցել թվով 10 ընտանիքների, որոնք հիմնականում բազմազավակ ընտանիքներ եւ միայնակ թոշակառուներ են: Նախ տեղեկացնենք, որ «ARDA» բարեգործական հիմնադրամի նախագահն ամերիկահայ բարերար Սթիվ Լազարյանն է, ով 1998-ից բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում:

Բացի այն, որ կազմակերպությունը Գյումրիում անապահով ընտանիքների համար նախատեսված կլինիկա է բացել՝ նաեւ հովանավորում է թվով 15 մանկապարտեզների: «Ունենք ծրագիր՝ աջակցություն միայնակներին եւ ծերերին: Ամիսը մեկ անգամ տրամադրում ենք դեղորայք, սնունդ եւ հագուստ: Մեր ընտանեկան բժիշկներն ու սոցիալական բաժնի աշխատակիցը զբաղվում են նրանց խնամակալությամբ»,- վստահեցնում է Հ. Ստեփանյանն՝ ասելով, որ իրենց շահառուներին ապահովում են սնունդով, վառելիքով, հագուստով, դեղորայքով, ինչպես նաեւ երեխաների կրթության հարցերով են զբաղվում: «Ձեր՝ «168 Ժամ» թերթում տպագրված ընտանիքներն այլեւս կդառնան մեր շահառուները, որոնց մենք պարբերաբար աջակցություն կցուցաբերենք, ինչպես նաեւ երեխաների կրթության խնդիրներով կզբաղվենք: Ձեր թերթում տպագրված ընտանիքների մասին կարդալուց հետո ներքին հավատ ունենք, որ կարող ենք մարդկանց կյանքը թեթեւացնել: Մենք առաջարկում ենք մեր համագործակցությունը եւ ձեր հետագա նյութերին էլ մշտապես արձագանքելու ենք»: Ինչեւէ, երեկ մենք հրավիրվեցինք «ARDA» կազմակերպության գրասենյակ՝ նրանց հետ միասին այցելելու «168 Ժամի» անդրադարձած անապահով ընտանիքներին: Ի դեպ, նշենք նաեւ, որ այս ակցիային միացել էին նաեւ «ARDA»-ի ներկայացուցիչների ընկերներն ու բարեկամները: «Մեր ընկերներից շատերը պատրաստակամություն հայտնեցին միանալ այս ակցիային: Անհատ մարդիկ նույնպես ֆինանսական եւ այլ աջակցություն են ցուցաբերել ակցիային: Օրինակ՝ հաղորդավար Սարգիս Նաջարյանն անձամբ արկղ է պատրաստել Էջմիածնի «Գայանե» տաճարի հարեւանությամբ ապրող ընտանիքի համար եւ արկղի վրա մակագրել է իր անունից: Մեկ ուրիշն էլ Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի բնակիչ Լիլիթի երեխայի համար մանկասայլակ է տրամադրել եւ սնունդ է փաթեթավորել»,- պատմեց «ARDA»-ի տնօրենի տեղակալ Կարեն Հայրապետյանը: Ինչեւէ, երեկ մենք կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեցինք Դաշնամուրի գործարանի, Երկաթգծի կայարանի, «Սեբաստիա» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող հանրակացարանների բնակիչներին եւ Էջմիածնում ապրող բազմազավակ ընտանիքին: Կազմակերպությունը նրանց նվիրեց սնունդով ու հագուստով, հիգիենիկ պարագաներով լի արկղեր եւ փաթեթներ: «ARDA»-ի ներկայացուցիչները, օգնությունը տրամադրելուց բացի, գրանցեցին նաեւ բոլոր այս 10 ընտանիքների տվյալները, որպեսզի հետագայում նույնպես շարունակեն աջակցել նրանց:

Հ.Գ. Նկարում պատկերված երեխան, ով բնակվում է Էջմիածնում, հագուստ չունենալու պատճառով ամաչում էր դպրոց գնալ: