Թերեւս նկատել եք, որ օծանելիքները շատ հաճախ գարշահոտությամբ են բուրում: Պատճառն այն է, որ որոշ խանութներում ու տոնավաճառներում լայնորեն վաճառվում են ոչ թե իրական, այլ կեղծված օծանելիքներ: Շուկայում իրական օծանելիքը կեղծից տարբերելը դժվար է:
Կոսմետիկայի բիզնես նախաձեռնողները վստահեցնում են, որ այդ իմաստով շուկան անվերահսկելի է, եւ մրցակցության դաշտ չի կարող լինել, քանի որ շուկան ողողված է էժանագին կեղծված տարբերակներով: Այդպիսով, անհատ ձեռներեցի համար դժվարանում է համագործակցությունը օծանելիք արտադրող եւ տարածող արտասահմանյան տարբեր ֆիրմաների հետ, որովհետեւ ամեն օր թիթեռնիկի պես բացվում-փակվում են կեղծ օծանելիքի բիզնեսով զբաղվող օբյեկտներ: Արդյունքում, արտասահմանյան որեւէ ընկերության իրական արտադրանքի սպառումն այլեւս դառնում է ռիսկային: Հայաստանում շատ քիչ կան օծանելիքի համար նախատեսված հատուկ խանութներ: Կարող ենք տեսնել, որ օծանելիքը վաճառում են, ասենք, ոսկերչական կամ տնտեսական ապրանքների խանութներում:
Կոսմետիկ պարագաների բիզնեսով զբաղվող անհատ ձեռներեց Գեղամ Աճեմյանը համագործակցում է Nivea, Procter&Gamble, L՚Օreal ֆիրմաների հետ: «Որոշ բիզնեսմեններ փորձում են կրկնօրինակել առեւտրի կազմակերպման արեւմտյան մոդելները, տվյալ դեպքում` շատ կոպիտ ձեւով ամերիկյան մոդելը, այսինքն` սուպերմարքետներում, մթերային խանութներում վաճառում են կոսմետիկ պարագաներ, որոնք իրականում օրիգինալը, ֆիրմայինը չեն, այլ ներկրված են Թուրքիայից ու Վրաստանից: Ստանդարտների ինստիտուտի կողմից ինչ-որ տեսանկյունից այս շուկան վերահսկվում է,- ասում է Գ. Աճեմյանը,- լուրջ բիզնեսով զբաղվողները, օրինակ L՚Oreal, Nivea ֆիրմաների ներկայացուցիչները Ստանդարտների ինստիտուտի կողմից պարտադիր ունենում են համապատասխան սերտիֆիկատներ: Բայց այն խանութներում, որտեղ լվացքի փոշու, բոլտ ու գայկայի հետ օծանելիք են վաճառում, որեւէ օղակի կողմից չի վերահսկվում: Կեղծ արտադրատեսակի պարարտ հող ունի, որովհետեւ հասարակությունն ի վիճակի չէ որակյալ ապրանք գնել: Կեղծ օծանելիք ներկրողների բիզնեսը հիմնականում հաշվարկված է անվճարունակ խավի վրա, իսկ մեզ մոտ անվճարունակ է հասարակության մեծ մասը»: Ֆիրմային փաստաթղթով Nivea ֆիրմայի օրիգինալ օծանելիքի հետ մեկտեղ շուկա է մտնում Թուրքիայից բերված կեղծված, նույն փաթեթավորումով օծանելիքը: Ոչ բոլոր գնորդներն են կարդում փաթեթավորման վրայի գրվածը, եւ միայն օգտագործելուց հետո են հասկանում, որ խաբված են: Խելացի գնորդը նաեւ հասկանում է, որ թանկ ապրանքն ավելի որակով է եւ նախընտրում է թանկը գնելով երկար օգտագործել՝ «Թանկից էժանը չկա» սկզբունքով: Արեւմտյան ֆիրմաների հետ համագործակցող տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են օրիգինալ տարբերակի հետ չիրացնել նաեւ կեղծ ապրանքներ, որպեսզի հաճախորդի վստահությունը չկորցնեն:
«Բուտիլկա» հավաքողներ
Կեղծ օծանելիքի շուկայում գործում է այդ բիզնեսով զբաղվողների ուրույն մաֆիա: Թերթերում եւ շենքերի մուտքերում հաճախ ենք կարդում հայտարարություններ, որով առաջարկում են գնել ֆրանսիական օծանելիքների դատարկ սրվակներ: Զրուցակիցս՝ Գ. Աճեմյանը արտասահմանյան օծանելիքների շշերի գնորդներին անվանեց «բուտիլկա հավաքողներ»: «Դա զեղծարարություն է,- ասում է նա: -Մի՞թե սպառողը չի հասկանում, որ նրանք ո՛չ մասնագետ են, ո՛չ էլ օծանելիք արտադրող: Սրվակը գնում են, հեղուկը լցնում ու վաճառում են նույն ժողովրդին, ումից գնել են: Դե՛, թող ֆրանսիացիները գնան գլուխները պատով տան, որ Հայաստանում «Շանել» ստեղծողներ կան: Վերցնում են էժանագին ջրերը, մի քիչ քիմիական տարրեր են ավելացնում ու վաճառում են: Նրանցից որեւէ մեկը լիցենզիա չունի, բայց շատ հաջող փողեր են աշխատում»: Անօրինական օծանելիքի բիզնեսով զբաղվող այս խավը խանութների հետ չի համագործակցում, սպառումն իրականացվում է ձեռքից ձեռք տարբերակով: Թեեւ այն խանութները, որոնք խառը կանաչու հետ օծանելիք են վաճառում, բավական մատչելի գներով գնում են այս տիպի օծանելիքները: Իսկ երբ հասկանում են, որ խաբվել են, ստիպված իրենք էլ գնորդին են խաբում, որպեսզի ապրանքը չմնա իրենց վրա: Գ. Աճեմյանը, որպես անհատ ձեռներեց, համոզված է, որ ազատ տնտեսական մրցակցության պայմաններում պետք է զարգանա ինքնակառավարման, ինքնակազմակերպման գործընթաց. «Հայաստանյան շուկայական այս հորձանուտում շատերն ընկնում-բարձրանում են,- ասում է նա,- բայց մեր պայմաններում դա կոշտ արտահայտված բնական ընտրություն է: Եթե յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ ճիշտ աշխատելու, չկեղծելու սկզբունքով աշխատի, ապա դաշտը կզտվի, կմաքրվի»: Ինչ վերաբերում է շուկային, ապա վերջինիս գնահատմամբ՝ այսօր Հայաստանի շուկան դատապարտված է խոշոր մոնոպոլիզացման. «Նախկինում առկա էին մանր-մունր ներկրողներ՝ «չելնոկներ», ովքեր բիզնեսը շրջանառում էին 2000-3000 դոլարով, բայց դրանք գնային դեմպինգի քաղաքականության հետեւանքով, ուժեղ մրցակցության պայմաններում, դուրս են մղվում: Դեմպինգի պատճառով շատ ցածր գներ են սահմանվում, ինչի արդյունքում սառում է բիզնեսը: Այդուհանդերձ, հասարակությունն այսօր ճարահատյալ նախընտրում է էժանագին, կեղծ օծանելիքը: Հասարակության 10%-ն է, որ կարողանում է գնել այն օծանելիքը, որն ուզում է, մյուս մասը գնում է այն, ինչն էժան է: Ֆիրմային օծանելիքների ներկրումը շատ դանդաղ պարբերականությամբ է արվում, քանի որ ռեալիզացիայի ծավալները գնալով նվազում են, ինչը պայմանավորված է արտարժույթի անկումով։ Զարմանալի բան եմ ասում, բայց անկումը շատ վատ ազդեցություն է թողնում ժողովրդի վճարունակության վրա,- մեկնաբանում է Գ. Աճեմյանը: -Դոլարի բարձր արտարժույթի պայմաններում ժողովուրդը հնարավորություն ուներ հավելյալ ինչ-որ կոսմետիկ պարագա գնել, իսկ հիմա այդպես չէ: Այլեւս ազատ կապիտալ չի մնում, եւ քաղաքացին գերադասում է մթերքի վրա ծախսել գումարը»:
Այդուհանդերձ, կեղծողներին քննադատող Գ. Աճեմյանի խանութում ֆիրմային օծանելիքներից զատ առկա էին նաեւ թուրքական, չինական, վրացական կեղծ արտադրության օծանելիքներ: Վերջինս դրանց առկայությունը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Ես չեմ կարող միայն օրիգինալ օծանելիք վաճառել, որովհետեւ գնորդների հիմնական մասը նախընտրում է էժանագին կոսմետիկա: Խանութ պահելու համար անհրաժեշտ է գումար վաստակել, իսկ ֆիրմայինի վաճառքը շատ քիչ է»:
«Բուրմունք»
«Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ արտաքին կապերի բաժնի ղեկավար Գեւորգ Ազատյանի խոսքերով՝ օծանելիքի շուկան տարերայնորեն, ոչ կանոնավոր ձեւով Հայաստանում սկսել է ձեւավորվել անկախության ձեռքբերումից հետո: Եվ դա պայմանավորված էր օծանելիք արտադրող որեւէ ձեռնարկության Հայաստանում պաշտոնապես ներկայացված չլինելու հանգամանքով: Մոսկվայից եւ Դուբայից պայուսակներով ներմուծվում էին ապօրինի օծանելիքներ: Ներկայումս նույնպես քիչ չեն ապօրինի ներմուծման դեպքերը, ինչը զգալի խոչընդոտում է ընդհանուր շուկայի զարգացմանը: Այդ օծանելիքը հիմնականում վաճառվում է գետնանցումներում, օծանելիքին անհամապատասխան վայրերում: «1991 թվականից սկսեց զարգանալ շուկան, իսկ 1997թ. «Նուշիկյան ասոցիացիան» դարձավ մի շարք արտասահմանյան արտադրողների հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը եւ «Էդելվեյս» խանութում օծանելիքի բաժին բացեց, որտեղ ներկայացվում էր անմիջապես արտադրողի արտադրանքը,- ասում է պրն Ազատյանը: -1999թ. սկսած «Նուշիկյան ասոցիացիան» խանութներ է բացում, որի արդյունքում այսօր հինգ պաշտոնական խանութներ ունենք, ցանցն անվանվում է «Բուրմունք»: Օծանելիքի շուկան այսօր բաժանված է երկու մասի՝ ստվերային՝ սեւ շուկա, եւ պաշտոնական շուկա: Պաշտոնական շուկան, ինչպես նշեցի, բացել է «Նուշիկյան ասոցիացիան», եւ մենք ունենք բացառիկ պայմանագրեր մի շարք հանրաճանաչ ֆիրմաների հետ՝ Chanel, Gucci, Montblanc, Nina Ricchi, Paco Rabanne եւ այլ: Սեւ շուկան Դուբայից, Մոսկվայից եւ այլ երկրներից ներկրվող օծանելիքներն են: Սեւ շուկայում հնարավոր է եւ՛ կեղծ, եւ՛ օրիգինալ արտադրանք իրացնել: Ոչ պաշտոնական կետերում օրիգինալ արտադրանք ձեռք բերելու հավանականությունը քիչ է, սահմանափակվում է միայն վաճառողի երաշխիքով: Մինչդեռ պաշտոնական կետերում արտադրանքը ներմուծվում է համապատասխան մարմինների հսկողությամբ, սկսած՝ արտադրատեսակի սերտիֆիկացումից, վերջացրած` այն սերտիֆիկատով, որը տրվում է տվյալ երկրի առեւտրային պալատի կողմից»: Ինչ վերաբերում է պարֆումերիայի նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքին, ապա պրն Ազատյանն ասում է, որ «Բուրմունք» խանութների վաճառողուհիներն, արտասահմանյան տարբեր ֆիրմաներում անցնելով համապատասխան դասընթացներ, փորձում են գնորդին առաջարկել պահանջվող արտադրանքը՝ հաշվի առնելով զգայական, մաշկային եւ այլ նրբություններ: Այսինքն` հատուկ խորհրդատվության միջոցով մատուցվում է համապատասխան բուրմունքը, եւ, կարելի է ասել, դա օծանելիքից ճիշտ օգտվելու քարոզչական միջոց է: Իրականում մարդիկ չգիտեն, որ անորակ օծանելիք օգտագործելու պարագայում որպես կանոն վնասվում է մաշկը եւ հագուստի վրա հետքեր են մնում: Շուկայում առկա է երկու կատեգորիայի օծանելիք՝ սելեկտիվ, որը թանկ սեգմենտում է գտնվում եւ մասմարկետ, ինչն առավել ցածր սեգմենտի օծանելիք է: Օրինակ, Gucci-ն սելեկտիվ, թանկ սեգմենտի օծանելիք է, իսկ Avon-ը, L՚Օreal-ը` մասմարկետի, այսինքն` մասսայականություն վայելող օծանելիքներ են: «Նուշիկյան ասոցիացիան» Հայաստանում սելեկտիվ, այսինքն` ընտրյալ օծանելիքներ ներկայացնող ընկերությունն է: Հարցիս, թե սովորական քաղաքացին ինչպե՞ս կարող է տարբերել օծանելիքի օրիգինալը կեղծից, Գ. Ազատյանը պատասխանեց. «Նույն Gucci օծանելիքի կեղծված տարբերակում հաճախ G տառի փոխարեն գրվում է C: Սա, բնականաբար, վիզուալ աննշան բան է, բայց շատ ժամանակ մենք էլ չենք տարբերում, կասկածում ենք` շուկայում առկա օծանելիքը ֆիրմայի՞նն է, թե՞ կեղծ է: Այս ամենից խուսափելու միակ միջոցը պաշտոնական կետերից գնումներ կատարելն է, հակառակ դեպքում` քաղաքացին դատապարտված է խաբվելու: Ես չեմ կարծում, թե հասարակությունը հակված է էժանագին, անորակ օծանելիք գնելու, որովհետեւ այն հաճախորդներն, ովքեր օգտվում են մեր խանութներից, մշտապես օգտվում են մեր սպասարկումից: Այսինքն, սպառողը` հասկանալով, որ անընդհատ անորակ օծանելիք գնելու դեպքում վճարում է կրկնակի, եռակի, գիտակցում է, որ թանկը գնելու դեպքում ստանում է որակյալ եւ երկարատեւ օգտագործման ենթակա բուրմունք, հետեւաբար մոտեցումը կտրուկ փոխվում է»: Գ. Ազատյանի տվյալներով, ներքին շուկան ուսումնասիրելով եւ մատակարարող գործընկերների վկայությամբ՝ կեղծ օծանելիքի արտադրություն Լեհաստանում, Հնդկաստանում, գուցեեւ` Ռուսաստանում եւ Արաբական Էմիրություններում կա: Այնուամենայնիվ, վերջինս փաստում է, որ բոլոր երկրներում ստվերային շուկան առկա է, դա հիմնականում պայմանավորված է հասարակության մտածելակերպով եւ կենսամակարդակով: Այնպես որ, այս դաշտի ապօրինի շրջանառությունը Հայաստանի համար կմնա անխուսափելի երեւույթ այնքան ժամանակ, մինչեւ մենք կդառնանք քաղաքակիրթ երկիր, որպեսզի մարդիկ տիրապետեն օծանելիքից ճիշտ օգտվելու կուլտուրային եւ, բնականաբար, այն ժամանակ, երբ միջին աշխատավարձը կհասնի 400-500 դոլարի, որպեսզի քաղաքացին գոնե 100 դոլար կարողանա սպառել օծանելիքի վրա:
Ի դեպ, գետնանցումներում օծանելիք վաճառողների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ վերջիններս էժանագին, անորակ օծանելիքներ ձեռք են բերում իրենց ձեւակերպմամբ` «օպտովի շուկաներից, բիրիքնոցներից»: Մինչդեռ նրանք չգիտեն, թե օծանելիքներն ովքեր են ներմուծում եւ էժան գնով «բիրիքնոցներում» վաճառում:
Նույն «Բուրմունք» խանութում վաճառվող 50 միլիլիտր պարունակությամբ «Sicily» օրիգինալ օծանելիքն արժե 26.000 դրամ, իսկ կոսմետիկայի մեկ այլ խանութում նույն օծանելիքի կեղծ տարբերակն արժե 12.000 դրամ, օրիգինալ «Echo Davidoff»-ը` 31.000 դրամ, իսկ կեղծվածը` 26.500 դրամ, «Jennifer Lopez Style»-ը՝ 27.000, իսկ կեղծվածը՝ 15.400 դրամ: Ընդ որում, խանութի վաճառողուհին երկար ժամանակ ոգեւորությամբ համոզում էր, որ դրանք ֆիրմային օծանելիքներ են` պնդելով, որ հենց ֆիրմաների ներկայացուցիչներն են Հայաստան բերում ապրանքը: