Ռոբերտ Քոչարյանը պետական դավաճանության եւ այլ ծանր հանցանքների համար պետք է զրկվի պաշտոնից եւ ենթարկվի պատասխանատվության: Սա «Իմպիչմենտ» դաշինքի պահանջն է:
«Ռ. Քոչարյանը վաճառել է Ղարաբաղը սեփական իշխանությունը պահպանելու համար»,- ըստ «Ա1+»-ի, երեկ հայտարարել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ գործարք է տեղի ունեցել: «ԱՄՆ Պետդեպարտամենտը Մարդու իրավունքների 2006թ. իր տարեկան զեկույցում ԼՂ-ն բնորոշեց որպես Հայաստանի կողմից օկուպացված տարածք՝ այսպիսով արձանագրելով, որ ԱՄՆ-ը ԼՂ հարցը համարում է Հայաստանի տարածքային պահանջ Ադրբեջանին: Մյուս փաստն այն է, որ նույն ԱՄՆ-ը չնկատեց, որ նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեին մարդ չի մասնակցել»,- ասել է նա: Ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցը կմտնի մի փուլ, որտեղ չի բացառվում միջազգային հանրության կողմից ԼՂ խնդրի փուլային լուծումը: «Նախկինում ԱՄՆ պաշտոնական տեսակետը այն էր, որ ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց հաջորդ ձեւակերպմամբ ասում է, որ ԼՂ հարցի կարգավիճակի ճշգրտումը կողմերի բանակցությունների առարկա է: Վերջին հայտարարության մեջ այս շեշտադրումը բացակայում է»,- նշել է նա: Փաշինյանը նաեւ կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, սկիզբ են դնում մի պրոցեսի, որ ԼՂ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխվի: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հատկապես մտահոգված է, որ գրեթե 10 օր է անցել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունից, մինչդեռ այն մտահոգիչ արձագանք չի գտել մեր քաղաքական շրջանակներում: «Մեզ համար տարօրինակ եւ ծիծաղելի է, որ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը փորձում է սա ներկայացնել որպես վրիպակ եւ սխալմունք: Գտնում ենք, որ վրիպակը եւ սխալմունքը Վարդան Օսկանյանն է եւ այն իշխանությունը, որն ինքը ներկայացնում է»,- ասել է Ն. Փաշինյանը: «Այլընտրանքի» անդամներն այս փաստի համար ահազանգում են ՀՀ քաղաքացիներին, ՀՀ քաղաքական ուժերին, ՀՀ իշխանության այն հատվածին, որ չի տիրապետում այս ամենին, ԼՂՀ իշխանություններին եւ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են այս խնդրով: «Ելքը մեկն է՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է շրջադարձային փոփոխությունների ենթարկվի, իսկ դա հնարավոր է միայն Քոչարյանի վրիպակ վարչախմբին հեռացնելով»,- եզրափակել է Ն. Փաշինյանը: