Երեկվա ասուլիսի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցության մեջ որոշակի դժվարություններ կան, մասնավորապես, երկրների միջեւ տրանսպորտային ուղիղ հաղորդակցության բացակայությունը: «Այնուամենայնիվ, 2006 թ. մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է՝ հասնելով 426 մլն դոլարի` 2005-ի 350 մլն-ի փոխարեն»,- ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, աճում է նաեւ հայկական տնտեսությունում ռուսական ներդրումների չափը: «Դրա օրինակ կարող է ծառայել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեությունը՝ «Գազպրոմ» ԲԲԸ եւ ՌԱՕ ԵԷՍ, «Արմենալ» գործարան, ինչպես նաեւ ռուսական «ՎիմպելԿոմ» հեռահաղորդակցության ընկերությունը»,- ասել է Պավլովը: Ինչ վերաբերում է 5 հայկական ձեռնարկությունների շահագործմանը, որ Ռուսաստանին են փոխանցվել «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում, ապա դա, դեսպանի կարծիքով, անհանգստացնում է ոչ միայն հայկական կողմին, այլեւ ՌԴ-ին: Հենց այդ խնդիրների լուծմանն է ուղղված տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի համանախագահների վերջին հանդիպումն անցել է մարտի 5-ին Մոսկվայում: Ն. Պավլովը նաեւ նշել է ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում հայ-ռուսական հաջող համագործակցության մասին: «Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը մասնակցում է Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ռուսական ռազմական բուհերում սովորում են հայ զինվորականներ: Ռուսաստանը ռազմա-տեխնիկական գույք է մատակարարում Հայաստան՝ արտոնյալ պայմաններով»,- ասել է դեսպանը: